«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2012-03-13 | #45, 2012-03-14 | #46, 2012-03-15


ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ «ԿՈՇՏԱՑՈՒՄԸ», ՋԱՎԱԽՔԸ` ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՅԻ

Հարեւան Վրաստանում թուրքական գործոնը թեեւ արտաքին է, բայց կարող է որոշ ժամանակ անց ազդեցություն ունենալ հարեւան երկրի հատկապես ժողովրդագրության վրա, եւ այդ առումով վրացական իշխանություններն ունեն ընկալում, որ ջավախահայությունը թուրքական էքսպանսիայի դեմ իրենց դաշնակիցն է: «Տեսակետ» ակումբում երեկ հյուրընկալված քաղաքագետ Սերգեյ Մինասյանի այս մոտեցումը չի հակասում նաեւ այն փաստին, որ Վրաստանում հայկական գործոնը խնդիրների հետ է կապված` ինչպես պատմական համատեքստում, այնպես էլ հատկապես աբխազական պատերազմի ժամանակ հայերի բռնած դիրքորոշման առումով:

Վերջին շրջանում էլ, հատկապես Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ԱՄՆ այցելության ժամանակ հայկական կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքում, ըստ Մինասյանի, փոխվում է մոտեցումը Ջավախքի նկատմամբ` հաշվի առնելով ամերիկյան որոշ շրջանակների հետաքրքրվածությունն այս տարածաշրջանով, եւ այս ամենըՙ Վրաստանի ԵՄ եւ ԱՄՆ կողմնորոշման ֆոնին:

«Ազգը» քաղաքագետից հետաքրքրվեց, թե ինչպիսին կարող է լինել ռուս-վրացական հարաբերությունների հետագան, երբ երկու կողմից էլ թեեւ հնչում են հարաբերություները նորմալացնելու ցանկության մասին հայտարարություններ, սակայն առաջ են քաշվում նաեւ պայմաններ: Մինասյանի արձագանքի համաձայն, արդեն մայիսին Ռուսաստանում նախագահի պաշտոնին վերադարձող Վլադիմիր Պուտինը կարծես վրացական հարցում առավել կոշտ դիրքորոշում է դրսեւորելու:

Իսկ 2012-2013 թթ. Վրաստանում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքներով ներկայիս նախագահ Սաակաշվիլու` նախագահ լինել-չլինելու հարցում հստակություն լինելու դեպքում հնարավոր է, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների նորմալացման ճանապարհ բացվի, սակայն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին դեռ շատ վաղ է խոսել: Մինասյանի պարզաբանմամբ, Վրաստանի` Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման որոշումը հետ կանչելու, իսկ Ռուսաստանի` այդ տարածքները որպես անկախ փաստացի ընդունելու պահանջները դիմացինին չեն կարող բավարարություն ստանալ: Այդուհանդերձ, 2013-ին Մինասյանն ինչ-որ առաջընթացի հույս ունի` հաշվի առնելով ինչպես ընտրությունները, այնպես էլ 2008-ի օգոստոսյան հարավօսական պատերազմի թողած դասերը:

Տարածաշրջանային թեմաների առնչությամբ պատասխանելով Իսրայել-Ադրբեջան 1.6 մլրդ դոլարի սպառազինության պայմանագրի մասին հարցին` Սերգեյ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ հակահրթիռային պաշտպանության եւ ձեռքբերվելիք նմանատիպ այլ զինատեսակները ավելի շուտ ուղղված են Իրանի դեմ, քան Լեռնային Ղարաբաղի, թեեւ Ադրբեջանը փորձում է բնավ էլ ոչ միամիտ իրանցիներին համոզել, թե այդ ամենը Արցախի դեմ է ուղղված: Մինասյանի բացատրությամբ, այդ գործարքի հիմնական իմաստն այն է, որ Իրանի շուրջը ինչ-որ իրադարձությունների դեպքում վտանգ չլինի Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4