«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2012-03-13 | #45, 2012-03-14 | #46, 2012-03-15


ԴԵՄԿՈՒՍԸ ԳՆՈՒՄ Է «ՅՈՒՐՕՐԻՆԱԿ» ՑՈՒՑԱԿՈՎ ԵՎ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ԾՐԱԳՐՈՎ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է համամասնական ընտրակարգով, ինքնուրույն եւ «յուրօրինակ ձեւաչափով»: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը այսպես հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը : «Մեր համամասնական ցուցակում, կուսակցականներից բացի, լինելու են գիտնականներ, մտավորականներ, արվեստի գործիչներ, մանկավարժներ, որոնք հայտնի անուններ են հասարակության համար», ասաց Սարգսյանը` հավելելով, որ Դեմկուսը գաղափարային քաղաքական ուժ է, եւ իրենք պայքարում են հենց երկրում գաղարական երկխոսության, պայքարի ավանդույթների հիմնադրման համար: Կուսակցության ծրագիրն էլ, ըստ Սարգսյանի, լինելու է «այլընտրանքային». «Մենք առաջարկում ենք ամբողջովին փոխել գործող համակարգը, առաջարկում ենք սահմանադրության փոփոխություն մշակել եւ ընդունել, ըստ որի սահմանադրությունը կսահմանի, որ ՀՀ-ն ոչ թե «ուղղակի» սոցիալական պետություն է, այլ որ ՀՀ-ն սոցիալական պատասխանատվություն ունի իր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար», ասաց Արամ Սարգսյանը: Արտաքին քաղաքականության առնչությամբ ՀԴԿ նախագահը, ընդգծելով, որ իրենք «ընդհանուր առմամբ գոհ են նախագահի վարած արտաքին քաղաքականությունից», այդուհանդերձ նկատեց. «Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է լինեն այնքան, որքան հնարավոր է որ լինեն, իսկ այլ երկրների հետ այնքան, որքանով չեն խանգարի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին»:

Ինչ վերաբերում է ՀԴԿ շանսերին` անցնելու Ազգային ժողով, ապա կուսակցության ղեկավարը գտնում է, որ իրենք «շեմը կհաղթահարեն»: Առհասարակ գալիք խորհրդարանի վերաբերյալ Արամ Սարգսյանը նկատեց. «Ես կանխատեսում եմ, որ կոալիցիոն ձեւաչափի փոփոխություններ կլինեն»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4