Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, համագործակցելով համալսարանի այլ ֆակուլտետների հետ, կազմակերպել էր «Մենք տարբեր ենք, բայց հավասար» խորագրով համերգ-միջոցառում:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով: Դիմելով միջոցառման մասնակից երեխաներին` Գեղամ սարկավագն ասաց. «Սա մի գեղեցիկ նախաձեռնություն է, որով գործի ենք վերածում ձեր նկատմամբ ունեցած մեր սերը, ուշադրությունը` լցնելով ձեր սրտերը խինդով եւ ուրախությամբ»:
«Մենք տարբեր ենք, բայց հավասար» խորագիրը պատահական չէր ընտրված. իրենց ելույթներով հանդես եկան լսողության, տեսողության եւ այլ խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրների աշակերտները:
Համերգի ընթացքում երեխաները զարմացրին իրենց կատարումներովՙ ժողովրդական երգեր, աշխույժ պարեր, ասմունք:
Նրանց հետ փոխադարձ կապը ժեստերի միջոցով իրականացնում էր լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի լեզվի ուսուցիչ Զուբեյդա Մելիքյանը :
Վերջինս կոչ արեց հանդիսատեսինՙ ճանաչել, սիրել, ընդառաջ քայլել հատուկ կարիքներ ունեցողներին, հոգեպես հավասարվել նրանց, ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին որ կան:
Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Թամարա Գալստյանը կարեւորում է նման ձեռնարկները. «Ամիսներ շարունակ պատրաստվել ենք այս միջոցառմանը: Դժվարություններ շատ են եղել, սակայն գիտակցում էինք, որ մեզանից յուրաքանչյուրը շատ անելիքներ ունի հասարակական կյանքում առանձնահատուկ կարիքներով երեխաների ներգրավման գործում»:
«Այս երեխաները ոչ թե սահմանափակ, այլ անսահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանք, կանգնելով նույն բեմում մյուսների կողքին, կկոտրեն հասարակության մեջ հատուկ խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ եղած կարծրատիպերը», ասաց հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմինե Ավագյանը :
Մասնակիցներից Էդիկ Հայրապետյանը ժեստերի լեզվով հանդիսատեսին փոխանցեց համերգից ստացած իր տպավորությունները. «Շատ ոգեւորված եմ, զարմացած եմ այսչափ ջերմության համար: Անասելի զգացողություն ունեցա, երբ հանդիսատեսը մեզ ծափահարեց հոտնկայս: Ես հասկացա, որ մարդիկ մեզ սիրում են եւ մենք էլ ապագա ունենք»:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր, իսկ աղջիկներին` նաեւ ծաղիկներ: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու եւ գնահատելու նաեւ մասնակիցների ձեռագործ աշխատանքները:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ