Ինչպես մեր հանրապետության բոլոր թանգարանները, այնպես էլ Երվանդ Քոչարի թանգարանը հայ գրատպության 500-ամյակի առիթով անցկացնում է ձեռնարկների շարք:
Գիրքը` որպես հոգեւոր լույսի խորհրդանիշ, նշանակալի տեղ ունի Քոչարի ստեղծագործություններում եւ թանգարանը առաջարկում է «Քոչարի «Libro» համաստեղությունը» խորագիրը կրող միջոցառումների շարք:
«Ազգը» Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարից տեղեկացավ, որ միջոցառումները կլինեն ողջ տարվա ընթացքում եւ դրանք իրարից կտարբերվեն ե՛ւ բնույթով, ե՛ւ ցուցադրությամբ: Անդրանիկ միջոցառման խորագիրն է «Գրականության մեծերը Քոչարի արվեստում», որի ընթացքում կլինի ցուցահանդես եւ վիրտուալ ցուցադրություն, ուր տեղ են գտել Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրիչ Ոսկան վարդապետ Երեւանցուն, Մեսրոպ Մաշտոցին, հայ եւ համաշխարհային գրականության մեծերին` Սայաթ-Նովային, Ավ. Իսահակյանին, Հովհ. Թումանյանին, Ե. Չարենցին, Դ. Դեմիրճյանին, Վ. Շեքսպիրին, Վ. Թեքեյանին, Ալ. Պուշկինին, Շ. Ռուսթավելուն, Ալ. Գրիբոյեդովին եւ այլոց նվիրված գեղանկարները, գրաֆիկաները, քանդակները:
Ուշագրավ է նաեւ «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատումը» ցուցահանդեսի եւ տեսաֆիլմի ցուցադրությունը: Առաջին անգամ ցուցահանդեսը կազմակերպվում է նոր ֆորմատով. հայ գրքային գրաֆիկայի բարձրակետ համարվող քոչարյան նկարազարդումները Fine Art վերատպություններով ուղեկցվելու են մեկնաբանող տեսաֆիլմով:
Հաջորդ ձեռնարկըՙ «Գիրք իմացության եւ հիշողության» ցուցահանդեսն է, որին կներկայացվեն հետաքրքրական նմուշներ Քոչարի անձնական գրադարանից եւ նաեւ առանձին տեսաշարի ձեւով կներկայացվեն այն ստեղծագործությունները, որտեղ գիրքն ունի իմաստային խորհուրդ:
«Վերածնված խորհրդանիշ» տեսաֆիլմը կպատմի «Էրեբունի-Երեւան» տարածանկարի մեծացված տարբերակի պատմությունը: Նշենք, որ այդ տարածանկարը Քոչարը ստեղծել է 1968 թ. Երեւանի հիմնադրման 2750-ամյակի կապակցությամբ: Քոչարը` տարածանկարի մի նիստի վրա պատկերելով պահապան հրեշտակին` գիրքը գլխից վեր` երկնային լուսատուներին հավասար` ընդգծում է այն նշանակությունը, որ հայ ժողովուրդը տածել է գրի ու գրականության, մշակույթի ու գիտության հանդեպ, ակնարկելով, որ այսօրինակ պաշտամունքի մեջ է մեր հարատեւության գաղտնիքը: Քոչարը հրեշտակի պատկերն ասես դուրս է բերել հին հայկական մանրանկարներից, գունային առումով անգամ պահպանելով մեր ծաղկողների ավանդույթները, նշում էր թանգարանի տնօրեն Լալա Քոչարը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ