«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


«ՄՈՏԵՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ»

«Իսկ մարդիկ վախենում են փոխհատուցումիցՙ մտածելով, որ գալու են խլեն իրենց տունն ու խանութը»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգի» վերջին համարներում հաճախակի անդրադարձել ենք փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում պետականորեն կազմակերպված Խոջալուի «կոտորածների» այսպես կոչված ոգեկոչման հանրահավաքին: Եվ ընդգծել ենք, որ դա վերածվել էր հայատյացության ցույցի, հանրահավաքի մասնակից թուրք-ադրբեջանական հրոսակի հարյուրհազարանոց խառնամբոխըՙ «Բոլորս Օգյուն Սամասթ ենք» բացականչություններով, հայերին վիրավորող եւ Հրանտ Դինքի հիշատակն անարգող ցուցապաստառներ է բարձրացրել:

Ավելին, Թորքիայի ներքին գործերի նախարար Իգրիս Նաիմ Շահինը այս ցուցապաստառների առջեւ ունեցած ազգայնամոլ ելույթով օրինականացրել էր թուրք-ադրբեջանական խառնամբոխի հայատյացությունը, իսկ թուրքական «Հյուրիեթ», «Վաթան», «Սյոզջու», «Աքշամ», ինչպես նաեւ կառավարամետ «Ենի շաֆաք», «Զաման» եւ «Սաբահ» թերթերը հայատյացության դրսեւորումներում սատարել էին խառնամբոխին:

Թերեւս «Բիր գյուն», «Էվրենսել», «Ռադիկալ», «Թարաֆ» եւ «Օզգյուր գյունդեմ» թերթերն էին դատապարտել հանրահավաքի կազմակերպումն ու Թուրքիայի ներքին գործերի նախարարի ելույթը հանրահավաքում:

Հանրահավաքին մեր անդրադարձի նպատակը մասնակիցների հայատյացությունը բացահայտում չէր, որովհետեւ դա թուրքական իրականության առանձնահատկությունն է, ինչպես նաեւ այլազգիների նկատմամբ թուրքերի շատ ավանդական հանդուրժողականության չափանիշը: Ի դեպ, Թուրքիայում ատում են նաեւ հույներին, հրեաներին, ասորիներին, քրդերին եւ ալավիներին: Հատկապես ատելության մակարդակն է տարբեր:

Անդրադարձում նպատակ ենք հետապնդել ցույց տալու, որ Խոջալուի «կոտորածը» պատրվակ է հայերին սաստելու եւ տարբեր երկրներին նախազգուշացնելու համար, թե Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վրա գործադրվող ամեն մի ճնշում բացասաբար կանդրադառնա հայերի գլխավորությամբ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների վրա: Վերջիններս դրա փորձությունը ապրել են 1955-ի սեպտեմբերի 6-7-ի կոտորածներով: Թուրքիայում պարբերաբար կոտորածի են ենթարկվել նաեւ ալավիները:

Թերեւս այդ պատճառով էլ Ստամբուլի հանրահավաքը համարել էինք Ֆրանսիայի Սենատում ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի արձագանքը, ինչպես նաեւ թուրքական ժխտողականության դիրքերի սպառումը կասեցնելու անզորության դրսեւորում: Հանրահավաքը դատապարտող թուրք հեղինակներն էլ գրել էին, որ դա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի պատրաստությունն է:

Այդ հեղինակներից Մուրադ Բելգեն «Թարաֆի» փետրվարի 28-ի համարում նախ հիշեցնում է «Խոջալուից առաջ տեղի ունեցած Սումգայիթի կոտորածի» մասին, ապա եւ գրում. «Կոտորածից եք խոսում, որի ընթացքում ենթադրվում է ավելի քան 600 մարդու սպանությունը: Սակայն 1915-ի համեմատ այս 600-ը շատ փոքր թիվ է: Ասում եք, որ ֆրանսիացիները սպանել են ալժիրցիներին: Այո, սպանել են, ինչպես մենքՙ սերբերին, բուլղարներին: Բայց գանգերից աշտարակ չեն սարքել: Հանրահավաքում կատաղած ամբոխն իրականում ասում էր. «Սպանել ենք (հայերին), էլի կսպանենք»: Այդ մարդիկ ցույց էին տալիս, որ ամեն պահին ի վիճակի են անել այն, ինչ «չենք արել, սուտ է» խոսքերով մերժում են (խոսքը Հայոց ցեղասպանության մասին է): Դերսիմի կոտորածի համար կարող եք ներողություն խնդրել (նկատի ունի Էրդողանի կառավարությանը), որովհետեւ քեմալական չեք: Սակայն ձեր լեզուն կապ է ընկնում, երբ խնդրո առարկա է դառնում հայերի կոտորածը»:

Փետրվարի 29-ին նույն «Թարաֆում» Բելգեին էր հավելել Ռոնի Մարգուլիեսը , մատնանշելով. «Հանրահավաքի խնդիրը Խոջալուի կոտորածը չէր, այլ Հայոց ցեղասպանությունը, ինչի մասին վկայում է ներքին գործերի նախարար Շահինի ելույթը: Նրա խոսքերը ի՞նչ առնչություն ունեն Խոջալուի կոտորածի հետ: Ոչ մի, որովհետեւ խնդիրը Հրանտ Դինքի սպանությունից հետո երկրում Հայոց ցեղասպանության հարցի ազատորեն արծարծումն է, որի հետեւանքով հասարակական կարծիքը լռությամբ ճանաչել է ցեղասպանությունը եւ ճանաչելու փաստի առջեւ է կանգնեցրել պետությանը: Խնդիրն այն է, որ մոտենում է 2015-ը: Եվ 2015-ին աշխարհում այլեւս Հայոց ցեղասպանությունը չճանաչող պետություն չի մնալու: Դրա գիտակցությամբՙ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Էրդողանի կառավարությունն իր արեւին ջանում է ինչ-որ բաներ ձեռնարկել: Նրա ջանքերը տխմար են եւ անիմաստ»:

Հանրահավաքի նկրտումները բացահայտելու առումով թերեւս հատկանշականը նույն «Թարաֆի» հարցազրույցն է Թաներ Աքչամի հետ, որը հրապարակվեց թերթի մարտի 12-ի համարում: Աքչամը, պատասխանելով թղթակցի հարցերին, ասում է, որ հանրահավաքից դեռեւս 10 օր առաջ Ստամբուլի փողոցները զարդարվել էին «Մի հավատա հայկական ստին» մակագրությամբ ցուցապաստառներով, քաղաքապետարանի եւ կառավարության աջակցությամբ փակցված այս ցուցապաստառները հայերի նկատմամբ ատելություն սերմանելու փորձ էր: Ավելինՙ ներքին գործերի նախարարը ելույթ էր ունեցել այդ հանրահավաքում, որի մասնակիցները վանկարկում էին. «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք»:

Այս երկրում հայ քաղաքացիները կյանքի ապահովություն չունեն: Չեն էլ ունենա, քանի որ նրանց անվտանգության համար անմիջականորեն պատասխանատու ներքին գործերի նախարարը հանրահավաքում բացականչում է. «Խոջալուում թափված արյունը գետնին չի մնալու»: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ըստ երեւույթին կառավարությունը կարծում է, թե կարող է Թուրքիայում առկա ռասիզմի ներուժը այլ նպատակների ծառայեցնել: Այսինքնՙ ազդանշան հաղորդել աշխարհին, թե իր վրա (ցեղասպանության հարցում) ճնշում գործադրելու դեպքում ինքն էլ Խոջալու-Ադրբեջան հողի վրա կբորբոքի այդ ռասիզմը:

Այլ կերպ, հանրահավաքը կազմակերպվել էր 2015-ի դեմ, եւ դրա կազմակերպմանը ֆինանսական միջոցներով աջակցել են ադրբեջանական լոբբին եւ Ադրբեջանի այն ընկերությունները, որոնք մոտ են Էրդողանի կառավարությանը: Հայերի կոտորածին բացի պետությունից մասնակցել է նաեւ հասարակությունը: Հայերին սոսկ Թեշքիլաթ-ը Մահսուսան չի ոչնչացրել: Հրապարակվել են ֆիթվաներ, «Ջիհադ» է հայտարարվել, իթթիհատականները գյուղ առ գյուղ շրջել եւ մարդկանց համոզել են, որ գյավուր սպանելն օրինավոր է, ունեցվածքը խլելըՙ նմանապես:

Թեեւ Էրդողանը ասում է. «Մահմեդականը չի կարող ցեղասպանություն իրագործել», սակայն ո՞վ իրագործեց հայերի կոտորածը: Պետության հետ հասարակությունը: Հայերի ունեցվածքը լուրջ դեր է կատարել Անատոլիայում հայկական կոտորածների կազմակերպման առումով: Այս իսկ պատճառով էլ մարդիկ վախենում են փոխհատուցումից, մտածելով, որ կգան եւ իրենց ձեռքից կխլեն տունն ու խանութը: Հետեւաբար պետք է հաղթահարվի այդ վախը, որովհետեւ նման բան չի լինի, չի կարող լինել: Եթե օրակարգի խնդիր դառնա, ապա փոխհատուցման գործընթացը այդպիսի զարգացում չի ունենալու»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4