«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՃԱՌ ԱՍՈՂՆԵՐԻՑ ՎԵՐՋՆ Ո՞Վ ԶԱՆԳ ԿԿԱԽԻ

Ասում են, հասկացողին մին ասա, չհասկացողին` հազար ու մին, մեկ է` տեղ չի հասնի: Բայց որոշ դեպքերում չհասկանալը չէ պատճառը, այլ ոչ այնքան լավ ասելը, երբ միայն հայտարարություններ են արվում, իսկ հետեւողականություն դրանց առնչությամբ չի դրսեւորվում:

Հերթական անգամ Միացյալ Նահանգների պետքարտուղարության անունից, հենց պաշտոնական կայքէջում, հայտարարվում է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ռազմական լուծման մասին վերջին հայտարարությունների առնչությամբ հարցին պետքարտուղարության հերթական ճեպազրույցում շեշտվել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հաստատակամ է հաստատուն եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում կողմերին իր տրամադրած աջակցության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին իրենց հասարակություններին նախապատրաստելու խաղաղության, այլ ոչ պատերազմի` ձեռնպահ մնալով սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից», նշված է պետքարտուղարության կայքէջում:

Եվ այս ամենն արդեն որերորդ անգամ, ամենաբարձր ու միջին հարթակներից հնչեցնում են գրեթե բոլոր այն դերակատարներն ու ներգրավված կողմերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Այսինքն` ճառ ասողների պակաս չկա, իսկ զանգ կախող դեռ չի գտնվում. հոգնեցուցիչ է...

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4