«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ԽՈՐԵՆ ԹՌՉՈՒՆԻՉՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՔՍԻՍՏԸ ԵՎՍ ԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ

Երեկ շարունակվեցին մեծամասնական կարգով առաջադրումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, համասնական կարգով էլի ոչ մի կուսակցություն կամ դաշինք դեռեւս փաստաթուղթ չէր ներկայացրել ԿԸՀ: Ու թեեւ ՀՀԿ-ի` մեծամասնական կարգով առաջադրվելիք թվով 33 մեծամասնական թեկնածուների անուններն էլ հայտնի են, սակայն մենք այդքան լրագրային տարածք չունենք 33 անուն-ազգանուն տպագրելու` կառաջադրվեն, կասենք նրանց մասին, ինչպես որ այժմ անում ենք:

Այսպես, երեկ արդեն նախորդ երկու օրվա առաջադրված մեծամասնական թեկնածուներին միացել են` թիվ 20 ընտրատարածքում անկուսակցական, մենատնտես Էդվարդ Անտոնյանը, ով մրցելու է ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի հետ, թիվ 21-ում` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, թիվ 23-ում` «Ապակեմեկուսիչ» ԲԲԸ-ի տնօրեն, ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը, թիվ 24-ում` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որի հետ մրցելու է ինքնառաջադրված ոչ անհայտ Խորեն Թռչունի Սարգսյանը: Թիվ 26 ընտրատարածքում փաստաթղթեր է ներկայացրել ԱԺ ԲՀԿ-ական պագամավոր Մելիք Մանուկյանը, թիվ 27-ում` ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ից Համլետ Հայրապետյանը, թիվ 29-ում` ԱԺ անկուսակցական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, թիվ 31-ում` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանը (այս ինչքան պատգամավորներ կան, որոնց անունները ոչ մի բան չեն ասում լայն հանրությանը), թիվ 34-ում` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Թիվ 36-ում առաջադրվել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը, թիվ 37-ում` 28-ամյա ՀՀԿ-ական, անգլերենի մասնագետ Հայկ Գրիգորյանը եւ անկուսակցական Սամվել Հարությունյանը, թիվ 38-ում` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը, թիվ 41-ում Հայաստանի գլխավոր եւ միակ մարքսիստ, բժիշկ Դավիթ Հակոբյանը եւ ՀՀԿ-ական պատգմավոր Հակոբ Հակոբյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4