«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


«ԶՎԱՐԹՆՈՑՆ» ՈՒ «ԱՐՄԱՎԻԱՆ» ԿՐԿԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ

Որքա՞ն կտեւի այս պայմանավորվածությունը

«Զվարթնոց» օդակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայանները» եւ ազգային ավիափոխադրող «Արմավիան» երեկ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները ներկայացնելու համար մամուլի ասուլիս էին հրավիրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը եւ ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց, որ համաձայն կնքված պայմանագրի, «Արմավիան» պարտավորվել է ըստ կազմված ժամանակացույցի մարել կոնցեսիոներին ունեցած պարտքերը, իսկ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը զիջումների է գնացել սպասարկման սակագների մասով:

«Արմավիայի» սեփանականատեր Միխայիլ Բաղդասարովիՙ նախկինում արած այն հայտարարության կապակցությամբ, որ եթե «Արմենիա միջազգային օդանավակայանները» չիջեցնի սպասարկման գները մինչեւ 25 տոկոսով, ապա ազգային փոխադրողը կհայտարարի իր սնանկացման մասին, «Արմենիա միջազգային օդանավակայանների» ներկայացուցիչներն ասացին, որ որոշ ծառայությունների դեպքում սակագներն այդքան էլ իջեցվել են: Նրանք նշել են, որ շատ կարեւոր է նաեւ «Արմավիայի» կողմից մոտ 5,3 մլն դոլար կազմող պարտքերի վերադարձի հարցը: Մասնավորապես, Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ եթե «Արմավիան» չպահպանի համաձայնագրում ամրագրված պարտքի մարման ժամանակացույցը, ապա այն չեղյալ կհամարվի: Այդ դեպքում նա նաեւ հնարավոր համարեց իրենց կողմից դատարան դիմելը:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս համաձայնությունը «Արմավիայի» ավիատոմսերի գնի վրա եւ հնարավո՞ր է արդյոք դրա իջեցումը, պատասխան տրվեց, որ ավիատոմսի գնի մեջ օդանավակայանի սակագները կազմում են ընդամենը 10-15 տոկոս, հետեւաբար, օդականավակայանի սակագների վերանայումը չի կարող էական ազդեցություն ունենալ ավիատոմսի արժեքի վրա:

Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու ընկերությունները վերջին օրերի ընթացքում պարբերաբար բանակցություններ էին վարել, բայց դրանք կամ արդյունք չեն տվել, կամ հետագայում հրաժարվել են արդյունքներից: Թե որքա՞ն կտեւի այս համաձայնությունը, դժվար է ասել, քանի որ դա կախված է նրանից, թե ինչպես կկատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4