«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՄԱՄՅԱՆ. «ԱՅՈ, ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԵՂՔԸ»

Որոշակի ընդմիջումներից հետո երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով հերթական դատական նիստը: Թամամյանն անազատության մեջ է 2011թ. մարտի 24-ից:

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ Հովհաննես Թամամյանին ազատել էր աշխատանքից` հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:

Համաձայն շրջանառվող տեղեկություններիՙ Թամամյանին կալանավորել են քրեական գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

«Հովհաննես Թամամյանը, ցանկանալով հաճոյանալ Ազգային ժողովի պատգմավոր Լեւոն Սարգսյանին, ընդառաջ է գնացել վերջինիս խնդրանքին եւ Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով մեղավոր Վռամ Գալստյանին փախուստի հնարավորություն է տվել, կոծկել գործը, կատարելով մի շարք հանցագործություններ», մեղադրական եզրակացությունը երեկ ներկայացրեց մեղադրող Հարություն Հարությունյանը:

Արմեն Պողոսյանի եւ Վահան Խանզադյանի փաստաբանները երեկ դատարանին ներկայացրին միջնորդություն դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու վերաբերյալ: Հովհաննես Թամամյանը դատարանից 10 րոպե ժամանակ խնդրեց` խորհրդակցելու եւ իր կարծիքն արագացված կարգով դատաքննություն անցկացնելու վերաբերյալ: Ի զարմանս Թամամյանի փաստաբանի, դահլիճում ներկաների եւ հարազատների, ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի հարցինՙ ընդունո՞ւմ եք ձեզ հասցեագրված մեղադրանքները, Թամամյանն ասաց, «Այո, ընդունում եմ իմ մեղքը»` հավելելով, որ համաձայն է արագացված դատաքննությանը:

Մարտի 20-ին դատարանը կլսի մեղադրողի եւ պաշտպանի ճառերը, որից հետո դատավճիռ կկայացնի: Թամամյանին սպառնում է 2-6 տարվա ազատազրկում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4