«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ

Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում հրավիրած մամուլի ասուլիսում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանեց, թե ինչու է հրաժարվել մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց:

«Ես կատարում եմ բոլորիդ սրտանց ցանկությունըՙ հրաժարվելով պատգամավոր դառնալուց: Սակայն մնում եմ կուսակցությունում եւ շարունակելու եմ աջակցել կուսակիցներիս: Ֆուտբոլն ինձնից շատ ժամանակ է խլում: Ես ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի 2 կոմիտեների անդամ եմ, որոնց նիստերը երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին են: Ամսվա ընթացքում մի քանի անգամ հարկ է լինում մեկնել նիստերի: Ուստի հաճախակի էի բացակայում ԱԺ նիստերից, ինչն անտեղի շահարկումների տեղիք էր տալիս: Ֆիզիկապես հնարավոր չէր համատեղել ՀՖՖ-ի նախագահի եւ ԱԺ պատգամավորի աշխատանքները: Երկրի նախագահն էլ դա զգաց, ու կուսակցությունը որոշեց, որ զբաղվեմ միայն ֆուտբոլով: Սերժ Սարգսյանն իմ առջեւ խնդիր է դրել 2014-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել», նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Նա նորմալ է վերաբերվում Վիկտոր Դալլաքյանի եւ Արտաշես Գեղամյանիՙ ՀՀԿ-ի ընտրացուցակում հայտնվելու փաստին: Ըստ Ռուբեն Հայրապետյանիՙ երկուսն էլ հայրենասեր են, որոնց հետ վաղուց ջերմ հարաբերությունների մեջ է: Նա նրանց մեծ տրամաչափի քաղաքական գործիչներ է համարում: Ռուբեն Հայրապետյանը նաեւ նորմալ է համարում երգչուհի Շուշան Պետրոսյանի եւ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունըՙ դրանում արտառոց ոչինչ չտեսնելով: Գագիկ Ծառուկյանի հետ էլ ոչ մի հակասություն չունի, ընկերներ են եւ պահի տակ որեւէ սխալ արտահայտություն անելու դեպքում կարող են միմյանցից ներողություն խնդրել:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ին կհաջողվի՞ իրականացնել խորհրդարանական ընտրությունները նախագահական արտահերթ ընտրությունների վերածելու խոստումը, Ռուբեն Հայրապետյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «ՀԱԿ-ում, բացի մի քանի հոգուց, օրինակՙ Արամ Սարգսյանից, մնացածներն օտարերկրյա գործակալներ են ու կատարում են նրանց պատվերը: Մեր ժողովուրդը խոհեմ է, մի անգամ սխալվել է, այս անգամ դա նրանց թույլ չի տա»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4