ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 2011 թվի փետրվարի 11-ին կոչով դիմել էր բոլոր բարեգործներին, բարերարներին, գործարարներին, առաջարկելով համագործակցություն հանրապետության ողջ տարածքում ավագ դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու առաջարկով: Առաջին արձագանքը նախարարությունը ստացել է «Բարեպաշտ սերունդ» գիտակրթական հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանից: Երեկ Արմեն Աշոտյանը , Բարսեղ Բեգլարյանը եւ այլք այցելեցին Էրեբունի համայնքի ծայրամասում գտնվող մի խուլ վայրում գործող Ավ. Իսահակյանի անունը կրող թիվ 16 ավագ դպրոց, տեղում հետեւելու, թե ինչպես են ընթանում վերանորոգման աշխատանքները: Ի դեպ, այդ դպրոցը 1941-46 թթ. եղել է Երեւանի հատուկ հրետանային թիվ 17 դպրոցը: Երբեմնի խարխուլ դպրոցում արդեն երկրորդ տարին շինարարական լայնածավալ աշխատանքներ են ընթանում եւ դեռ կշարունակվեն մի քանի ամիս: Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը , սեպտեմբերի 1-ին նախատեսված աշխատանքները ավարտված կլինեն եւ կսկսվի ծրագրի հաջորդ փուլը: Նախարար Աշոտյանը, պատասխանելով «Ազգի» հարցերին, ասաց. «Հաշվի առնելով, որ թիվ 16 ավագ դպրոցը գտնվում էր անմխիթար վիճակում, մենք որոշեցինք, որ բարերարի ջանքերը ներդրվեն հենց այս դպրոցում: Արդեն երկրորդ տարին է տարեկան շուրջ 15-20 միլիոն դրամ, որը դպրոցի բյուջեի մոտ 50 տոկոսն է, տրամադրվել է: Այսօր ժամանել ենք դպրոց հետագա անելիքները ուրվագծելու եւ կատարված աշխատանքներին ծանոթանալու համար»: Ծրագրում նախատեսված են կապիտալ վերանորոգում, սանհանգույցների հիմնովի նորոգում, դասասենյակների, դահլիճի, գրադարանի, մուտքի դռների, պատուհանների փոխում եւ այլն:
Կատարված աշխատանքներից գոհ էր եւ նախարարը, եւ բարերարը, որոնք նշեցինք, որ համագործակցությունը կլինի շարունակական ոչ միայն կապիտալ շինարարության գծով, այլեւ բովանդակային մասով: Նշեմ, որ ըստ ստորագրված հուշագրի, պետության կողմից հատկացված գումարի 50 տոկոսը ներդրում է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը:
Բարսեղ Բեգլարյանը ծնվել է Արցախի Խանապաս գյուղում, ավարտել է համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետեւ տնտեսագիտական ինստիտուտը, դասախոսել է այդ ինստիտուտում, գիտնական է, «Ֆլեշ» ընկերության, Արարատ բանկի հիմնադիր նախագահը: «Ազգի» այն հարցին, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք նախարարի կոչին արձագանքել, ասաց. «Ես կարծում եմ, որ դպրոցը մեր ապագան է, կրթությունը մեր հիմքն է եւ մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն մեր երիտասարդ սերնդին ու կրթական համակարգին: Հենց դա է մեր երկրի ապագայի հիմքը: Ես նախարարի կոչին անդրադարձա եւ կարծում եմՙ իմ օրինակը շատերին կգրավի եւ մեր կրթական ոլորտի զարգացմանը կաջակցի: Գոհ եմ կատարված աշխատանքներից ու մեր համագործակցությունը կշարունակվի նաեւ ուսուցիչներին վերապատրաստելու, մեթոդաբանական ծրագրերում օգնելու հարցում եւ ինչու ոչՙ դպրոցի կրթական մակարդակի բարձրացման խնդրում: Այս դպրոցը մեր հիմնադրամի հարազատ օջախն է դարձել ու տարեց-տարի ներդրումները ավելանալու են», ասաց պրն Բեգլարյանը: Դպրոցում շրջելուց, աշակերտների հետ զրուցելուց, նրանց հարցերին պատասխանելուց հետո հյուրերին ուղեկցեցին գեղեցիկ վերանորոգված դահլիճ, որտեղ նրանց սպասում էին ավագ դպրոցի սաները, որոնց թիվը եռապատկվել է ավագ դպրոց դառնալուց հետո:
Արմեն Աշոտյանը ջերմ զրույցի բռնվեց նրանց հետո, ծանոթացավ դպրոցի առօրյային ու սիրով ընդունեց դպրոցական խորհրդի նախագահ Էդվարդ Մարտիրոսյանի առաջարկըՙ բուհերի հետ սերտ համագործակցել, ծանոթանալ մասնագիտություններինՙ փոխայցելություններով: Տնօրեն Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց բարերարին, նախարարին եւ դպրոցի անունից նվիրեց նկարիչ Գեորգի Յարալյանի Ավ. Իսահակյանի երգիծանկարը եւ ասաց. «Ոգեւորված եմ եւ մեծ հույս եմ կապում ավագ դպրոցի հետ ու հավատում եմ, որ ուսումնական նոր մեթոդով լավ արդյունքների ենք հասնելու: Եվ մեր ավագ դպրոցը իրոք արժանի է վարպետիՙ Ավետիք Իսահակյանի անունով կոչվելու»:
«Հավատացեք ձեր ուժերին եւ կհասնեք հաջողությունների: Խորհուրդ կտամ ձեր անհաջողությունները փնտրեք ձեր իսկ մեջ, իսկ հաջողությունների համար ուրախացեք...» խորհուրդ տվեց պրն Բեգլարյանը հրաժեշտից առաջ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ