Շվեդիայի խորհրդարանից պահանջում են այդ երկրում գործող թուրքական կազմակերպությունները
2010-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում էր ընդունել: 2 տարի անց Ստոկհոլմում թուրքական քաղաքացիական հասարակական կազմակերպությունները բողոքի ցույցով դատապարտել են ճանաչման որոշումը: Ինչպես երեկ նշել էր «Իհլաս» լրատվական գործակալությունը, ցույցը համատեղ նախաձեռնությամբ կազմակերպել են Շվեդիայի թուրք բանվորների միությունների ֆեդերացիան ու ադրբեջանական ֆեդերացիան, իսկ Շվեդիայի թուրք կանանց ֆեդերացիան աջակցել է կազմակերպմանը:
Ընդհանուր առմամբ ցույցին մասնակցել են քաղաքացիական հասարակության 13 այսպիսի կազմակերպություններ, պահանջելով, որ Շվեդիայի խորհրդարանը չեղյալ հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը: Ինչո՞ւ: Այդ հարցին, ըստ թուրքական գործակալության, պատասխանել են Շվեդիայի թուրք բանվորների միության ֆեդերացիայի նախագահ Հասան Դոլեքն ու Շվեդիայի թուրք կանանց ֆեդերացիայի նախագահ Մեջիդե Աքայը ցույցի մասնակիցների առջեւ ունեցած ելույթներով: Նրանք ասել են, որ Շվեդիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը հակասում է մտքի ազատության սկզբունքին, ուստի պետք է անվավեր ճանաչվի:
Դոլեքն ավելացրել է. «Ակնկալում ենք, որ խորհրդարանը կվերանայի ճանաչման այդ սխալ որոշումը: Դրա առնչությամբ մենք երկուշաբթի բողոքի նամակ ենք ներկայացնելու Շվեդիայի խորհրդարանի նախագահին»:
Շվեդիայի խորհրդարանի նախագահը կընդունի՞ սրանց նամակը, թե՞ ոչ, չգիտենք: Բայց որ հայությունը խնդրո առարկա դառնալու դեպքում թուրք բանվորը ամենեւին չի տարբերվում ազգայնամոլ հրոսակից, ակնհայտ է: Հայոց ցեղասպանության հարցերին անդրադառնալիս բազմիցս նշել ենք այն համերաշխության մասին, որը Թուրքիայում ժխտողականության առնչությամբ դրսեւորվում է իշխանությունների եւ հասարակության միջեւ:
Դա պատահական չէ, այլ օրինաչափություն է, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայումՙ օսմանյան թե քեմալական, ծրագրել եւ կազմակերպել են իշխանությունները, իսկ ժողովրդական զանգվածները սիրահոժար մասնակցել են մարդկության դեմ կատարված այս հանցագործությանը: Այլ կերպ, Թուրքիայում ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ժողովրդական զանգվածները, առհասարակ հասարակությունը հավասարապես տառապում են հանցագործի հոգեբանությամբ, ուստի նրանց վերաբերմունքը հայերի եւ Հայաստանի նկատմամբ, ինչպես նաեւ մոտեցումը Հայոց ցեղասպանությանը չի տարբերվում թուրք մարդասպանի կամ փողոցային խուժանի վերաբերմունքից ու մոտեցումից:
Հատկանշական է, որ թուրքական համալսարաններն էլ խուժանանոցից չեն տարբերվում: Դրա վառ օրինակը թերեւս Սպարտայի Սուլեյման Դեմիրելի անվան համալսարանում է: Ինչպես փետրվարի 27-ին նշել էր «Ռադիկալ» թերթը, այս համալսարանը եւս Խոջալուի այսպես կոչված կոտորածի տարելիցին Սպարտայի ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել` մասնակցությամբ ուսանողների եւ դասախոսական կազմի:
Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներով զինված ուսանողները նորից ցուցապաստառներով վիրավորել են հայ ժողովրդին եւ հանրահավաքի ողջ ընթացքում վանկարկել. «Խոջալուն թուրքերինն է, կմնա թուրքական, Աղրի (Արարատ) լեռը ձեզ կդառնա գերեզման»:
Հանրահավաքում ելույթ է ունեցել Սուլեյման Դեմիրելի անվան համալսարանի ադրբեջանցի դասախոս, պրոֆ. Աբդուլահ Աեւը, ասելով, որ «Խոջալուի կոտորածը պատմության մեջ թուրքերի հանդեպ հայերի պարբերաբար իրագործած ցեղասպանությունների ամենացավալի օրինակներից է»: Նրան հավելել է համալսարանի թուրքալեզու հանրությունների ամբիոնի վարիչ Ռաշիդ Աջարը: Նա ասել է. «Թուրք ազգը անեծքով եւ ատելությամբ է հիշելու իր ցեղակիցների պատիվն ու արժանապատվությունը անարգող, գոյության իրավունքին սպառնացող հայկական անբարոյականությունը: Ադրբեջանում թափված արյունը մեր արյունն է, դրա պատասխանատվությունից չեն խուսափի արյուն թափողները, քանի դեռ գոյություն ունի թուրք ազգը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ