«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿ` ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ 3 ՏԱՐՈՒՄ

Ինչպիսի՞ն են վարչապետի, քաղաքապետի, մարդու իրավունքների պաշտպանի, բնապահպանների դիրքորոշումները

Կառավարությունը երեկ Երեւանի քաղաքապետին լիազորեց Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» եւ «Գլենդել Հիլզ», «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ընկերությունների հետ կնքել Երեւան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Ե. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր: Սպասվող այս որոշման մասին մեր թերթում գրել էինք («Հին Երեւանը» 3 տարում», 14.03.2012): Համաձայն այդ որոշման, ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում Երեւանի Մ. Մաշտոցի պողոտայի 22/1 հասցեում գտնվող զբոսայգում տաղավարները ենթակա են ապամոնտաժման` «Հին Երեւան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար:

Տաղավարները երեք տարով տեղադրելու կետի դեմ այդ պահին կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էին անցկացնում բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստները:

Կառավարության նիստի ժամանակ հարցը ներկայացնող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ ժամանակավոր տաղավարների տեղադրման թույլտվությունները կատարվել են օրենքի պահանջները պահպանելով: Լրացուցիչ պարզաբանումներ տվեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը , նշելով, որ այս հարցը քաղաքական հնչեղություն է ստացել:

Ըստ վարչապետի, ինքը քաղաքապետի հետ միասին հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, որ դեմ են մշտական տաղավարներին Մաշտոցի պուրակում: «Առավելագույնը երեք տարի, եւ դա պայմանավորված է «Հին Երեւան» նախագծի իրականացմամբ, քանի որ Մաշտոցի պուրակը «Հին Երեւանի» հենց մուտքն է լինելու, եւ ճարտարապետական լուծումներն էլ տվել է հենց քաղաքապետարանը», նշեց նա: Տիգրան Սարգսյանը նշեց նաեւ, որ այս հարցում օրենքի խախտումներ չկան:

«Մենք շահագրգռված ենք, որ այս հարցում մեր քաղաքացիների հետ լինի համերաշխության եւ համաձայնության մթնոլորտ: Առաջին խոստումը, որ տրվել էր քաղաքապետարանի կողմից Աբովյան փողոցում առկա տաղավարների վերաբերյալ, որոնք ժամանակավոր տաղավարներ չէին, այլ մշտական տաղավարներ էին` սեփականության իրավունքով, որ դրանք կապամոնտաժվեն: Այդ խոստումը կատարվել է», ասաց վարչապետը, ավելացնելով, որ տալիս են երկրորդ խոստումը` տաղավարները երեք տարվա ընթացքում ապամոնտաժվելու մասին: Նրա համոզմամբ, այս որոշումը երեւանցիների համար ընդունելի լուծում է, որպեսզի «բոլորի շահերը մենք հաշվի առնենք, այդ թվում նաեւ սեփականատերերի»:

Տիգրան Սարգսյանը հիշատակեց ճարտարապետների հետ հանդիպումը, որտեղ առաջարկ է եղել Երեւանի փոքր կենտրոնում կառուցապատման համար ավելի խիստ չափանիշներ կիրառել: Նրա տեղեկացմամբՙ ձեւավորվում է աշխատանքային խումբ, որն աշխատելու է այդ օրենքի նախագծի վրա, որին մասնակցելու համար հրավիրվում է հասարակական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչը:

Այդուհանդերձ, բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստները, տեղեկանալով կառավարության որոշման մասին, հայտարարեցին, որ շարունակելու են պնդել իրենց պահանջը` կրպակներ չտեղադրել Մաշտոցի պուրակում, ինչի համար շարունակելու են շուրջօրյա բողոքի միջոցառումները:

Մաշտոցի պուրակում նրանց շուրջօրյա բողոքի վերաբերյալ իր եզրակացությունն է տվել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը : Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ցուցարարներն իրավունք ունեն Մաշտոցի պուրակում մեկ վրան ունենալու: «Մեկ վրանի տեղադրումը որպես հավաքն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում», նշել է մարդու իրավունքների պաշտպանը, ավելացնելով, որ վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես նաեւ այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հավաք անցկացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը: «Ելնելով ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքովՙ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանըՙ թույլատրել վրանի տեղադրումը»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4