«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՄԱՐՏԻ 26-27-ԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՐԵԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Վի Սոն Լակը (նստավայրը` Մոսկվա): Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հատկապես վերջին տարիներին ակտիվացած հայ-կորեական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի փոխայցելությունները վկայում են հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու երկկողմ ցանկության մասին:

Կորեայի դեսպանը փաստել է, որ Հայաստան է ժամանել Հայաստանի եւ Կորեայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում եւ հանձնառություն ունի շարունակելու եւ զարգացնելու այն ձեռքբերումները, որոնք բարեկամ երկու երկրներն ունեցել են անցած 20 տարիների ընթացքում:

Դեսպան Վի Սոն Լակի համոզմամբՙ հայ-կորեական քաղաքական երկխոսությանը նոր որակ եւ բովանդակություն կհաղորդի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Կորեայի Հանրապետություն:

Մինչ նախագահին իր հավատարմագրերը հանձնելը Կորեայի նորանշանակ դեսպանը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի հետ` հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ: Փոխնախարար Մանասարյանը եւ Վի Սոն Լակը անդրադարձել են քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակին:

Հատկապես կարեւորվել է փետրվարին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Կորեա այցի արդյունքները, մարտի 26-27-ին Կորեայում նախատեսվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը, մայիս-օգոստոսին Յոսու Կորեա 2012 համաշխարհային ԷՔՍՊՈ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Կորեայի ակտիվ համագործակցությունը, ԱԳՆ-ների խորհրդատվությունների անցկացումը, խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Կորեայում այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4