«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


...ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՊԻՏԻ ՄՈՏԻԿԻՑ ՆԱՅԵԼ, ԿՆԵՂԱՆԱ, ԹԵ ՇԱՏ ՀԵՌԱՆԱՍ...

Իմ երիտասարդ տարիների ընկեր, բանաստեղծ Արամայիս Սահակյանը ինձ կների հանրաճանաչ երգի «Արեգակին պետք է հեռվից նայել...» տողերը ձեւափոխելու եւ որպես վերնագիր օգտագործելու համար

Վերջերս լույս է տեսել ամերիկահայ նշանավոր բարերար, հայրենիքի ջերմեռանդ երկրպագու Վահե Կարապետյանի գիրքը իր անցած ուղու, Հայաստան-Սփյուռք առնչության վերաբերյալ իր խոհերի եւ մեկնաբանությունների մասին: Հավակնություն չունենալով գրվածքս գրախոսություն անվանելու` ցանկանում եմ արտահայտել իմ մտքերը Վահե Կարապետյան մարդու եւ հայրենասերի մասին:

Զրույցս սկսեմ մի դրվագի պատմությունից, որը Վահե Կարապետյանի գրքում նկարագրված չէ: Վահեն ինձ պատմել է 2-3 տարի առաջ, երբ ես նրա հյուրն էի Լոս Անջելեսում, եւ միասին մեկնել էինք հերթական շրջագայության Կալիֆոռնիայի տեսարժան վայրերով: Իսկ հերթական ուղեւորություններից մեկը այդ անգամ դեպի Փասադենա էր` ոչ մեծ, սակայն շատ գրավիչ եւ հարմարավետ մի քաղաք, որ շատ սիրում են նաեւ մեր հայրենակիցները:

Եվ այսպես, մեքենայի ոչ արագ ընթացքի հետ ես հետաքրքրությամբ դիտում էի շրջակա շենքերն ու փողոցները, երբ Վահեն դանդաղեցրեց մեքենայի ընթացքը եւ ցույց տալով փողոցներից մեկում հասարակական տրանսպորտի մեկ կանգառ, զսպելով հուզմունքը, պատմեց մի կարճ պատմություն. 44 տարի առաջ երկար դեգերումներից հետո Ամերիկա հասնելու երկրորդ օրը, չունենալով դեռեւս ոչ միջոց, ոչ մշտական բնակության վայր եւ ոչ էլ աշխատանք, իր մոր եւ եղբոր հետ երկար քայլելուց հետո, պարզապես հոգնած նստել էին այդ կանգառի նստարանին` չիմանալով, որ Ամերիկայում կանգառների նստարաններին նստում են միայն ավտոբուսներից օգտվողները:

Ամերիկյան կենցաղավարության այս կարգը բացատրելուց հետո, Վահեն մի փոքր դադարից հետո շարունակեց. «Այդ նստարանին նստած ուշադիր ու անթարթ հայացքով նայում էի անցնող գեղեցիկ ու նոր ավտոմեքենաներին ու մտածում»:

Մինչ Վահեն կասեր, թե ինչ էր մտածում, ես 2-3 վայրկյանով առաջ ընկնելով, համոզված ենթադրեցի, թե ինչ կմտածեր երիտասարդ տղան, նոր ու շքեղ ավտոմեքենաներ տեսնելիս. «Աստված, երբ ես էլ այդ մեքենաներից մեկը ունենալու երջանկությունը կվայելեմ»:

Սակայն ոչ, այդ պահին Վահեի երազանքը այդ պարզունակ ցանկությունը չէր, այն ավելի լուրջ էր ու լայնախոհ, եւ դիմելով իր մայրիկին, ասել էր. «Երանի այն օրվան, երբ ես կիմանամ, թե ուր եմ գնում եւ ինչ նպատակների համար»:

Ահա այս նախաբանով էլ ցանկանում եմ ներկայացնել «Կամք, որը հայինն է» գրքի հեղինակին` Վահե Կարապետյանին, ում ընկերը կոչվելու մեծ պատիվն ունեմ ես:

Նրանք, ովքեր ճանաչում են Վահեին կամ նրա կենսագրությանը այս գրքից են ծանոթ, գիտեն, որ Վահեն կյանքի ճանապարհ է անցելՙ նման հարյուրհազարավոր մեր հայրենակիցների ճակատագրի: Ծնունդ` Լիբանանում, մանկություն եւ պատանեկություն` հայրենիքում, երիտասարդություն եւ հասունություն` Ամերիկայում:

Դյուրին չի եղել այդ ճանապարհը, լի է եղել դժվարություններով, փորձություններով ու անհաջողություններով, բայց եւ նվաճումներով:

Նվաճումներ, որոնք ձեռք են բերվել նրա ուժեղ կամքի, նպատակասլացության եւ մեծ աշխատասիրության շնորհիվ:

Նվաճումներ, որոնք տարիների ընթացքում երիտասարդ ինժեներին դարձրել են ավտոարդյունաբերության խոշոր մասնագետ, անվանի գործարար եւ հասարակական գործիչ:

Վահե Կարապետյանը Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի հայկական համայնքում իրավամբ մեծ հեղինակություն եւ համբավ ունի: Նա հեղինակ է բազմաթիվ բարեգործական ձեռնարկների` ուղղված դպրոցաշինության, եկեղեցական կառույցներին օժանդակության, կրթական եւ մշակութային բազմերանգ կյանքի բարելավման:

Մշտական է եղել նաեւ նրա հոգածությունը իր հայրենիքի նկատմամբ: Հայաստանին եւ Արցախին ցուցաբերած օգնությունը մեծածավալ եւ նշանակալից է հատկապես վերջին 10 տարիների ընթացքում: Շատ քիչ են այն ոլորտները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, որտեղ չեն իրականացվել Վահե Կարապետյանի եւ նրա հարգարժան տիկնոջ` Վերոնիկի բարեգործական ծրագրերը. եկեղեցաշինություն, քաղաքաշինություն, ճանապարհաշինություն, կրթություն եւ մշակույթ` ահա ոլորտների ոչ լրիվ ցանկը, որտեղ ներդրվել են ոչ միայն մեծաքանակ ֆինանսներ, այլ նաեւ ուշադրություն ու հետեւողականություն ծրագրված գործերը ավարտին հասցնելու նպատակով: Տեր եւ տիկին Կարապետյանները իրենց պարբերական այցելություններով մշտապես ստուգել են արված բարեգործությունների ընթացքը, կատարված աշխատանքի որակը, լսել մարդկանց կարծիքներն ու առաջարկները:

Աչքերիս առաջ է այն պահը, երբ ընկերս` Վահեն, Երեւանի էլեկտրաշարժիչների գործարանում բանվորի արտահագուստով, կարեւոր մի մեխանիկական հանգույց էր վերանորոգում անձամբ: Դա տրանսպորտային մեխանիզմի մի հանգույց էր, որը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատախմբի համար անչափ էական նշանակություն ուներ: Մշտական գործող ճանապարհաշինական մի օղակ, որը ստեղծվել էր իր նախաձեռնությամբ եւ իր միջոցներով:

Վահե Կարապետյան հայը մեկն է հարյուրհազարավոր մեր հայրենակիցներից, ովքեր ճակատագրի բերումով այսօր գտնվում են աշխարհի բոլոր մայրցամաքներում եւ անկեղծ սիրում են իրենց հայրենիքը:

Վահե Կարապետյան հայը, սակայն, մեկն է նաեւ մեր այն հայրենակիցներից, ովքեր չեն բավարարվում միայն նյութական օժանդակություն ցուցաբերելով: Այդ մարդիկ, ի թիվս իմ ընկերոջ, անընդհատ ուղիներ են փնտրում մեր երկրի զարգացման, նրա պաշտպանության հզորացման, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման համար: Այդ մարդիկ երբեք չեն ուրախանում Հայաստանում առկա դժվարությունների, անկախ պետականության կայացման ոչ դյուրին գործընթացում իշխանությունների բացթողումների ու թերությունների համար: Նրանք այդ ամենը ցավով են ընդունում, սակայն նաեւ հավատով ու լավատեսությամբ են լցված մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ, շարունակում են իրենց հայրենանվեր գործը հայրենիքին զորավիգ լինելու, օժանդակելու ամեն կերպ եւ ամեն ինչով:

Իր հայրենիքը միշտ լուսավոր տեսնելու, նրա պետականության ամրապնդման կարեւոր նպատակի իրագործման ճանապարհին լուրջ խթան է Վահե Կարապետյանի ստեղծած եւ արդեն մի քանի տարի շարունակվող ԱՄՆ-ի հայության, իսկ վերջերս նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հայության համար հեռարձակվող «Բացահայտում» հեռուստատեսային հաղորդաշարը, որն իր բովանդակության պարզությամբ եւ անկեղծությամբ, տարբեր, շատ հաճախ իրարամերժ, կարծիքներ լսելու եւ քննարկելու ունակությամբ, մայր հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայության կապի ակտիվության եւ զարգացման համար բազմաթիվ համակիրներ է ձեռք բերել:

Հայրենիքի եւ Սփյուռքի կապ: Ահա այն խնդիրը, որը մինչ օրս Վահե Կարապետյանի մտածմունքների նպատակակետն է, կամ, ինչպես ինքն է ասում, «թիրախը»: 100 տարուց ավելի հայ քաղաքական միտքը այն իր օրակարգի գլխավոր հարցերից մեկն է համարում, եթե ոչ ամենագլխավորը: Այս կապի կատարելագործման համար ամենաբազմազան ձեւեր, մեխանիզմներ ու կառույցներն են առաջարկվել եւ առաջարկվում են մինչ օրս:

Իր այս գրքում Վահեն, իրեն խորին գիտակ չհամարելով, խոսելով այս խնդրի մասին` ընդամենը նկարագրում է իր մտորումներն ու դատողությունները Նուբար փաշայի ժամանակներից մինչեւ մեր օրերը այդ ուղղությամբ արված-չարվածի մասին եւ կատարում իր գլխավոր հետեւությունը` Սփյուռքի համախմբման ինչպիսի հին ու նոր կառույցներ էլ լինեն` եկեղեցական, կուսակցական, համայնքային, դրանք պետք է ունենան մեկ կենտրոն, եւ դա մայր հայրենիքն է` Հայաստանը:

2011թ. սեպտեմբերի 21-ին, մեր նորանկախ հանրապետության 20-ամյակի հանդիսություններին մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշան հանձնեց Վահե Կարապետյանին Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:

Հիրավի արժանի գնահատական Վահե Կարապետյանին` մի մարդու, որն իր ընտանիքի հետ 1946թ. մեծ ներգաղթից հետո Հայաստանում ապրած շուրջ 20 տարիների ընթացքում թեեւ բազմաթիվ անարդարություններ ու զրկանքներ է տեսել, սակայն հայրենիքի նկատմամբ իր սերը երբեք չի խամրել, ավելի է հզորացել եւ դարձել հավատո հանգանակ:

«Հայրենիքից առավել մեծ արժեք ինձ համար գոյություն չունի: Աստված պահապան մեր երկրին ու ազգին»:

Ահա այս հայրենասիրական շնչով տոգորված գաղափարն է թեւածում Վահե Կարապետյանի «Կամք, որը հայինն է» ինքնակենսագրական գրքում:

Դա նաեւ իմ ընկերոջ մշտական խոսքն ու պատգամն է իր զավակներին ու թոռներին, իր ամբողջ ժողովրդին:

Եռանդդ անպակաս, իմ լավ բարեկամ:

ՎԵՀԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4