Փարիզի հայկական Սուրբ Խաչ տաճարում վերջերս տեղի է ունեցել հայտնի ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի համերգը: Նա մասնավորապես կատարել է Հ. Ի. Բիբերի (1644-1704) «Պասակալիան»: Աշխույժ եւ միաժամանակ զուսպ կատարումն աչքի է ընկել թեմայի եւ վարիացիաների հմուտ մատուցմամբ, հնչյունների բացառիկ հստակությամբ: Փարիզի «Աշխարհ» թերթի բնորոշմամբ, Շուշանը ապշեցուցիչ դյուրությամբ է հաղթահարել մեծ վիրտուոզություն պահանջող այդ ստեղծագործությունը:
Նույնը կարելի է ասել Յ. Ս. Բախի Partita III ստեղծագործության կատարման մասին, որի ընթացքում երիտասարդ ջութակահարուհին արտակարգ թեթեւությամբ է կատարել մենուետ, բուրրե, ժիգա պարեղանակները:
Ժամանակակից երաժշտական ստեղծագործություններից Շուշան Սիրանոսյանը կատարել է Ե. Իսայեի (1858-1931) թիվ 2 Սոնատը: Այդ բելգիացի ջութակահարը, կոմպոզիտորը եւ դիրիժորը համարվում է իր ժամանակի ամենամեծ վիրտուոզներից մեկը: Ջութակահարուհին վարպետորեն կատարեց նաեւ Ֆ. Կրայսլերի (1875-1962) ստեղծագործություններից մեկը, ինչպես նաեւ 1968 թ. ծնված ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ Տանգիի Կարճ սոնատըՙ իր Քնարական, Տարօրինակ, Գլխապտույտ մասերով: Կատարումից շատ տպավորված կոմպոզիտորը շնորհակալություն է հայտնել ջութակահարուհուն:
Պ. Ք.