Վերջերս «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ երիտասարդ ռեժիսոր-դերասան Արթուրո Սայանի «Խեղկատակի զառանցանքները» գրքի շնորհանդեսը, որը անցավ շատ անմիջական եւ ջերմ մթնոլորտում: Արթուրո Սայանը մեզ ծանոթ է որպես ռեժիսոր եւ դերասան: Նա իր ստեղծագործական գործունեությունը ծավալում է ինչպես թատրոնում, այնպես էլ հեռուստատեսությունում: Սակայն այս անգամ Արթուրոն իր ստեղծագործությունը եւ կյանքի ինքնատիպ ընկալումը ներկայացրեց գրականության ասպարեզում: «Խեղկատակի զառանցանքները» գիրքը կազմված է երկու մասից` «Անկապ շարք» եւ «Իմ Արա-Հետը»: Գրքում զետեղված են արձակ եւ չափածո գործեր: Գրքի հետ միասին ներկայացված է նաեւ սկավառակ, որտեղ Արթուրո Սայանի վեց կարճամետրաժ ֆիլմերն են: Իսկ ի՞նչ զգացողություններ ուներ այդ օրը ինքը` Սայանը, կպարզենք հենց իրենից:
- Ո՞վ ես դու` ռեժիսո՞ր, դերասա՞ն, թե՞ գրող:
- Մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր եմ: Ավարտել եմ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: Բեմադրել եմ մի քանի ներկայացում, բայց կնշեմ ընդամենը մեկը, որը համարում եմ ավարտուն ներկայացում: Խոսքս Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» պիեսի բեմադրության մասին է: Որպես ռեժիսոր ուժերս շարունակում եմ փորձել նաեւ կինոյում: Հիմա աշխատանքային սեղանիս կան մի քանի ֆիլմերի սցենարներ, ինչպես նաեւ պիեսներ, որոնք ցանկություն կա նկարահանել եւ բեմադրել, բայց քանի որ մեր երկրում գերակշիռ կերպով հովանավորվում են գրեթե բոլոր անճաշակ գործերը, դրանք այժմ մնացել են միայն իմ բազմակի անգամ ընթերցելու համար: Ոչինչ, դրան էլ կհասնեմ: Մի տարի առաջ երազում էի գիրք տպագրելու մասին, եւ արդեն այս տարի կատարվեց հրաշքը` բնականաբար սեփական միջոցներով: Որպես դերասանՙ արդեն ութ տարի է աշխատում եմ Կամերային թատրոնում, նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում, հոլովակներում: Զբաղվում եմ նաեւ հաղորդավարությամբ, այդ առումով արդեն առաջարկներ կան համեստ գիտելիքներս ինձնից տարիքով կրտսերներին փոխանցելու:
- Սա քո առաջի՞ն գիրքն է:
- Այո, առաջինն է, չնայած ինձ գրող չեմ համարում: Սրանք թղթին հանձնած իմ այն զգացողություններն են, որոնց մասին ուզում էի կիսվել հանդիսատեսիս հետ: Որովհետեւ եթե կա մեկը, որն իմ գործունեությանը հետեւում է թատրոնում, հեռուստատեսությունում եւ այլուր, ուրեմն հենց այդ մեկին այնքան էլ անհետաքրքիր չեն լինի իմ գրվածքները, որոնք ես կոչում եմ զառանցանքներ: Դրանք ինչ-որ առումով, ինչ-որ կերպ դրանք կարող են բնութագրել ինձ, ավելի ճիշտ` իմ հույզերը, այն, ինչն ինձ ցավ է տվել, անհանգստացրել է, խուտուտ է տվել, որ դրա մասին զգացածս հանձնեմ թղթին: Բայց ընթերցողն այդ ամենը կարդալովՙ չի կարող միանշանակորեն ասել, որ իմ գործերն իմ մասին են ու ինձ են բնութագրում...
- Ինչո՞ւ «Խեղկատակի զառանցանքները»:
- Կարծում եմՙ վերնագիրն ամեն ինչ ասում է: Ծաղրածուն եւ խեղկատակն ինձ համար շատ հարազատ կերպարներ են: Իհարկե ոչ այն առումով, որ ես իմ անձը նույնացնում եմ նրանց հետ, բնավ... Իմ գործերում հաճախ եմ անդրադառնում նրանց հույզերին, ապրումներին, կենսակերպին: Առհասարակ, արտիստն իր կյանքում, բարեբախտաբար կամ դժբախտաբար, երեւի թե մի քիչ խեղկատակ է` այդ բառի լավ եւ իսկական իմաստով...
- Արդյո՞ք գրքում տպված ստեղծագործությունները մի օր կարող են վերածվել ֆիլմերի:
- Հնարավոր է: Իհարկե, իմ գրվածքներում շատ են ենթատեքստերը, չնայած քանի որ զառանցանքներս ավելի շատ զգայական են, քան սյուժետիկ, ֆիլմ դառնալու պարագայում դրանք կհամարվեն հոգեբանական ֆիլմեր: Ուստի ես հանձն չեմ առնի նկարահանել, քանի որ ինձ համար ավելի հետաքրքրական կլինի, եթե դա անեն այլ ռեժիսորներ: Իմ երկրորդ «ես»-ը տեսնել այլ արվեստագետի տեսանկյունից:
- 21-րդ դարում գրականությունը որքանով է ազդում կինոարտադրության վրա:
- Ազդում է, այն էլ ինչպես... Չափից դուրս շատ... Ավելի հավանական է, որ կիրթ, գրագետ ու ճաշակով սցենարը կդառնա լավ ֆիլմ, քան այն ամենը, ինչ մենք այսօր ունենք... Իսկ մենք հիմա սցենարիստների պրոֆեսիոնալ դպրոց, որպես այդպիսին, ՉՈւՆԵՆՔ... Այժմ աշխատում եմ նոր վեպիս վրա, որն իր բնույթով միստիկական է: Եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես պատկերացնում եմ, մինչեւ տարեվերջ այն լույս կտեսնի:
ԼԻԼԻԹ ԱՄԻՐՇԱՏՅԱՆ