«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՈԼՈՐՏՆ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ԲՈԼՈՐԻՍ

Համոզված է Գյումրու «Օրհուս» կենտրոնի ղեկավարը

Հայաստանում ծավալվող բնապահպանական շարժումը («Թռչկան», Թեղուտ, Քաջարան, Մաշտոցի այգի եւն - Գ. Մ.) աննախադեպ ու շատ կարեւոր ժողովրդավարական գործընթաց է: Եվ հենց բնապահպանությունը այն ոլորտն է, որը իսկապես կարող է համախմբել բոլոր հայերին: Այսինքն դա բոլորի շահերից բխող ոլորտ է:

Գյումրու «Օրհուս» կենտրոնի համադասող, «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանն այս կարծիքը հայտնեց օրերս տեղի մի խումբ ակտիվ երիտասարդների եւ լրագրողների հետ բնապահպան ակտիվիստների հանդիպման ժամանակ, որի մասին «Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք: Իր խոսքում նախ հայեցակարգային առումով անդրադառնալով Հայաստանի այսօրվա բնապահպանական խնդիրներին ու դրանց առաջացման պատճառներին, նա նշեց, որ ընդհանուր առմամբ աշխարհում գոյություն ունի երկու մոտեցում կյանքին, բնությանը, մարդկանց: Առաջինը կոչվում է անտրոպոցենտրիկ (մարդակենտրոն) մոտեցում, այսինքն երբ մարդն է համարվում ամեն ինչի կենտրոնը. մարդու շուրջն է պտտվում ամեն ինչ, բնությունը մարդու համար ստեղծված է, որ մենք օգտագործենք ինչպես ուզենանք: Երկրորդը էկոցենտրիկ մոտեցումն է, երբ որ կենտրոնում էկոհամակարգն է` բնությունը, շրջակա միջավայրը, եւ մարդն այդ բնության մի կտորն է ու պետք է այդ էկոհամակարգի հետ հաշտ ապրի:

«Հայ ժողովրդի մոտեցումը,- հավաստեց Պետրոսյանը,- դարերով եղել է էկոցենտրիկ: Եթե մենք նայենք մեր պատմությանը, եթե նայենք մեր էպոսին, նայենք մեր երգերին, մեր ամեն ինչին, կտեսնենք, որ հայի մոտեցումը բնությանը միշտ էկոցենտրիկ է եղել, այսինքն հայ մարդն իրեն համարել է բնության մաս, ոչ թե բնության տերը... Խորհրդային տարիները ջարդել են մեր մեջ այդ ամեն ինչը, որովհետեւ խորհրդային տարիներին Հայաստանը փոքր երկիր լինելով, հա ասել են` այսպես արեք, ձեզ ի՞նչ է պետք, մի երկու գնացքաբեռ կբերենք, ասենք` այդ ածուխը, կլցնենք, դուք խելոք, հանգիստ կապրեք: Այսինքն` ձեր գործը չէ, մի մտածեք դուք այդ մասին: Ու մեր մեջ ջարդվել է, տարիներով ջարդվել է էկոցենտրիկ մոտեցումն ու մտել անտրոպոցենտրիկ մոտեցումը: Հիմա մենք ոնց որ դրա պտուղներն ենք «վայելում»: Եվ մեր իշխանությունները, որպես անտրոպոցենտրիկ մոտեցման կրողներ, հենց այդպես էլ վարվում են, այսինքն գալիս են` այ, այստեղ մեր բիզնես-շահն է, ասում են, ինչու պիտի չանենք որ, ինչ ծառ, ինչ բնություն: Եվ սկսում են անել իրենց ուզածը»: Հետեւաբար` առաջին հերթին հեղափոխություն է պետք անել հասարակական գիտակցության մեջ:

Խնդիրը մասնավորապես ընդերքի շահագործման ներկա վիճակն է, եւ այստեղ պայքարն ուղղված է այն բանին, որ մեր ազգային ունեցվածքը չփոշիացվի ու մի քանի հոգու գրպանը չլցվի: «Եթե հիշում եք, Հայաստանի Հանրապետությունում անկախացումից անմիջապես հետո եղավ հողի սեփականաշնորհում, ինչպես կոչում են` հողի վայրագ, վայրենի սեփականաշնորհում: Հիմա ընթանում է դրա` այդ քաղաքականության շարունակությունը, ընթանում է բնական պաշարների, ընդհանրապես բոլոր տեսակի բնական ռեսուրսների սեփականաշնորհում: Ու մենք հիմա կանգնած ենք մի միջանկյալ փուլում. եթե հանկարծ թույլ տվեցինք, որ բնական ռեսուրսներն էլ` հանքերը, ընդերքի հարստությունները բոլորը սեփականաշնորհվեն, մենք այլեւս որպես ազգ փրկվելու շանս չենք ունենա»:

Բնապահպանի գնահատմամբ, այս իմաստով սա իսկապես օրհասական պահ է հայ ժողովրդի կյանքում եւ յուրաքանչյուր հետխորհրդային ժողովրդի կյանքում: Եվ այդ գործընթացը շատ անգամ մեր իշխանություններին նաեւ թելադրվում է «ավելի գլոբալ աշխարհի» կողմից` էկոգաղութացման, մեզ հանքահումքային կցորդի վիճակում պահելու ցանկությամբ ու տրամաբանությամբ: Ընդսմին եւ մեզ համոզելու մեխանիզմներ են գործադրվում` օգնությունների, դրամաշնորհների, վարկերի տեսքով, եւ մեր օրենսդրությունը «շատ լավ» ծառայեցվում է դրան: Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, մյուս բանկերը ֆինանսավորում եւ առաջին հերթին փոխում են օրենսդրական ոլորտը, որպեսզի վերջինս նպաստավոր լինի այդ քաղաքականությունն իրականացնելու համար, ու հաջորդ փուլում արդեն անցնում են դրա բուն իրականացմանը: Եվ հենց այդ փուլում սկսվում է շահերի բախումը, երբ օրենսդրությունն ի նպաստ հասարակության չէ: Ու առաջանում է արդեն հասարակական ակտիվության, քաղաքացիական ակտիվության ու նույնիսկ, այսպես ասած, քաղաքացիական երկու տարբեր բանակներում կանգնելու խնդիր: Եվ այստեղ, իհարկե, երիտասարդության դերն ամենակարեւորն է: Ըստ բանախոսի, պետք է ուժերը միավորել, արդեն ձեռք բերված առանձին դրական արդյունքները զարգացնել:

Գեւորգ Պետրոսյանը, անդրադառնալով նաեւ Գյումրու բնապահպանական իրավիճակին, դրական մի տեղաշարժ համարեց կենցաղային աղբի կատարվող օգտահանումը (հետո տարվում Երեւան` վերամշակվում է) մայրաքաղաքի «Քլինլենդ» ընկերության կողմից: Բայց դա նույնպես «շատ լավ» բիզնես է, եւ այդտեղ էլ պետք է շատ լուրջ նայել` հասարակության շահը որտե՞ղ է... Նույնիսկ աղբի համար, ինչպես ներկայացվեց, արդեն 15 թե 25 տարով մենաշնորհ է տրված այդ ընկերությանը: «Օրհուս» կենտրոնի ղեկավարի գնահատմամբ, քանի որ ժողովուրդն է այդ աղբի համար նույնիսկ երկու անգամ վճարել` մեկ խանութից գնելիս, մեկ էլ աղբի տեղափոխման համար, ուրեմն դրա օգտահանման դիմաց ընկերության կողմից փոխհատուցվող առանց այն էլ ոչ մեծ գումարները ոչ թե ընդհանուր համայնքային բյուջե, այսինքն քաղաքապետարանին պետք է վճարվեն, այլ պետք է վերադարձվեն հենց ժողովրդին, հասցեական: Աշխարհում դրա մեխանիզմը կա. կան համայնքային կամ հասարակության կայունության հիմնադրամներ, որոնք նման դեպքերում հենց իրենք անկախ գործունեություն են ծավալում, սոցիալական, տնտեսական տարբեր ծրագրեր իրականացնում հասարակության զարգացման համար:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4