«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ԴՈԿՏ. ՍԵՊՈՒՀ ԱՍԼԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՄԱՍԻՆ ԻՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Անցյալ տարվա սեպտեմբերին Հարվարդի համալսարանի կառավարման եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում, իսկ հոկտեմբերինՙ Կալիֆոռնիայի Արարատ-Էսքիճյան թանգարանում ունեցած իր ելույթներից հետո Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի արդի հայկական պատմության Ռ. Հովհաննիսյանի անվան ամբիոնի նորանշանակ վարիչ դոկտ. Սեպուհ Ասլանյանը, ըստ ստացված հաղորդագրության, դասախոսություն է կարդալու Լոս Անջելեսի «Հայկական ընկերության» գլխավոր դահլիճում մարտի 18-ին: Թեման դարձյալ նույնն էՙ «Հնդկաց օվկիանոսից մինչեւ Միջերկրական ծով: Նոր Ջուղայի հայ առեւտրականների ճանապարհորդությունները», հիմնված իր հեղինակած եւ Կալիֆոռնիա համալսարանի հրատարակած նույնանուն գրքի նյութերի վրա:

Մասնագետների գնահատմամբ, այդ գիրքը գերազանցում է Նոր Ջուղայի հայ առեւտրականների մասին նախկինում գրված բոլոր հրատարակությունները եւ ընտրվել է «Կալիֆոռնիայի համաշխարհային պատմության գրադարանի» կողմից որպես «Հեղինակային դրոշմ» անունը կրող իրեն նոր մատենաշարի առաջին գիրքը, որը շուտով վերահրատարակվելու է:

Դոկտ. Ասլանյանը համաշխարհային եւ հայկական արդի պատմության վաղ շրջանի մասնագետ է: Նախկինում դասավանդել է Կոռնելի եւ Լոնգ Բիչի համալսարաններում: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների: Վերոնշյալ գրքում նա երեւան է հանել 300 տարվա հնության փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Նոր Ջուղայում բնակվող հայ առեւտրականները մի հսկայական առեւտրական համացանց են հյուսելՙ ներգրավելով դրանում Լոնդոնը, Ամստերդամը, Մանիլան եւ Ակապուլկոն: Գիրքը 2011-ին արժանացել է իրանական ուսումնասիրությունների «Հուշանգ Պուրշարիաթի» եւ PEN գրական մրցանակների:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4