Ամեն տարի Երեւանում տարին երկու անգամ նշվում է Հինդիի օրը: Այն Հնդկաստանի պաշտոնական եւ ազգային լեզուն է, որով այժմ խոսում է աշխարհի շուրջ մեկ միլիարդ մարդ: Հինդին ծնունդ է առել հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող սանսկրիտից: 60-70-ական թվականններից հինդի լեզվի օրը նշվում է ողջ աշխարհում:
Այս տարի եւս Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի միջոցառումների դահլիճը վերածվել էր փոքրիկ Հնդկաստանի: Տոնի շրջանակներում անցկացվեց հինդի լեզվով շարադրությունների մրցույթ, որին մասնակցում էին ԵՊԼՀ-ի, Երեւանի հումանիտար ինստիտուտի, Իջեւանի «Գալիք» կրթարանի եւ «Արեւելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության հինդի ուսումնասիրող ուսանողները: Վերջիններս միջոցառմանն ավելի տոնական տեսք տալու եւ հնդկական միջավայր ստեղծելու համար ներկայացել էին հնդկական սարիներով եւ համապատասխան շպարով: Տոնին ներկա էր նաեւ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրանը : «Հնդկաստանում մեծ շուքով են նշում լեզվի օրը, քանի որ հինդին բացի ազգային լեզու լինելուց նաեւ հաղորդակցության միջոց է շատերիՙ այդ թվում նաեւ օտարերկրացիների համար»,- ասաց դեսպանն ու կարեւորեց հինդիի տարածումը ողջ աշխարհում:
Մասնակից ուսանողները մրցույթից դուրս ներկայացրեցին նաեւ հնդկական երգեր, պարեր, հատվածներ պոեզիայից եւ այլ ներկայացումներ:
«Շուրջ երկու տարի ուսումնասիրելով հնդկերենը, նրանց մշակույթն ու բարքերը` շատ նմանություններ եմ գտել Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ: Հնդկական մշակույթն այնքան սիրելի եւ հոգեհարազատ է դարձել ինձ, որ արդեն մտածում եմ այնտեղ տեղափոխվելու եւ բնակություն հաստատելու մասին»,- ասաց Երեւանի հումանիտար ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Մինասյանը, որը զբաղեցրեց երրորդ պատվավոր տեղը:
Մրցույթի ավարտին հաղթող ուսանողները ստացան դեսպանատան վկայականներ եւ դրամական պարգեւներ:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ