«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄՈՒՏՔԸ ՀԵՌԱՎՈՐ ՄԱՐԶԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սովորաբար, երբ խոսք է բացվում Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանի մասին, հաճախ է հիշատակվում «լեռների մեջ ծվարած երկրամաս» արտահայտությունը: Եվ սա սոսկ բանաստեղծական պատկեր չէ. տարածաշրջանը հիրավի պարփակված է լեռների մեջ` հեռու մայրաքաղաքից, կտրված գլխավոր տրանսպորտային մայրուղիներից, երկրի կյանքում տեղի ունեցող բազմաբնույթ շատ իրադարձություններից:

Ահա եւ կարելի է պատկերացնել տեղացիների խանդավառությունը, երբ իմացան, որ Հայաստանում անցկացվող բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում Երեւանի, Գյումրիի, Վանաձորի հետ մեկտեղ ընդգրկված է նաեւ Բերդ քաղաքը: Կենսահոգսերի մեջ խրված, միապաղաղ կյանքից հոգնած բերդցիների համար սա մեծ ու հաճելի անակնկալ էր, հուսադրող, որ իրենք դեռ չեն մոռացվել...

Բերդ քաղաքի նորացված ու առանց չափազանցության արդիականացված «Արեւաբերդ» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը: Ծրագրված էր, որ միջոցառմանը կմասնակցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիզը: Ցավոք հարգելի պատճառներով մեծարգո տիկինը չկարողացավ ներկա գտնվել: Սակայն տեղացիները շատ կուզեին, որ նա Բերդ այցելեր ամռանը` վայելելով աշխարհի շքեղագույն բնությունը: Իսկ փառատոնի մեկնարկը տեղի արվեստակարոտ հասարակայնության ներկայացուցիչների առկայությամբ հայտարարեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի սեւաչ ու գեղեցկատես տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: Նա պատմեց, որ ներկա կինոփառատոնը հոբելյանական է, քանզի Բրիտանական խորհուրդը այս տարի նշում է իր տասնամյա հոբելյանը Հայաստանում: Սարիբեկյանը նշեց, որ վերջին շրջանում խնդիր է դրված բրիտանական մշակույթը, տվյալ դեպքում կոնկրետ կինոարվեստը լայնորեն ներկայացնել նաեւ հեռավոր մարզերում: Այնպես որ բերդցիները կարող են ակնկալել նաեւ այդ կարգի այլ միջոցառումներ:

Փառատոնի առաջին օրը բերդցիները ամենայն արժանապատվությամբ դիտեցին «Բաբելոնյան հրդեհ» անգլոհունչ, բայց հայերեն ենթագրերով ժապավենը: Կհաջորդեն «Ջնջելով Դեյվիդի հետքերը», «Չսիրվածը» եւ «Օլիվեր» ֆիլմերը, որոնք պատմում են բրիտանական կյանքի տարբեր կողմերի մասին:

- Երբ մոտ երկու տարի առաջ մեր համերկրացի կինոինժեներ-բիզնեսմեն Վիկտոր Հայրապետյանը իր միջոցներով հիմնանորոգեց ու բառի բուն իմաստով կենդանացրեց կատարյալ մոռացության մատնված «Արեւաբերդ» կինոթատրոնը, ասաց Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը, ապա մենք հավատացինք, որ այս հաստատությունը լայն առումով մշակութային օջախ կդառնա մեր քաղաքի եւ առհասարակ տարածաշրջանի բնակիչների համար: Բայց, անկեղծ ասած, հազիվ թե ակնկալեինք, որ այստեղ կկազմակերպվեն «Ոսկե ծիրանը», այսօր էլ համաշխարհային քաղաքակրթության օրրաններից մեկի կինոմշակույթի ցուցադրությունը: Շոյված ենք` շնորհակալ եւ՛ Վիկտոր Հայրապետյանին, եւ՛ բրիտանացիներին:

Փառատոնի բացման արարողությանը յուրահատուկ շուք հաղորդեց կինոթատրոնի սրճարանի հրուշակեղենի նորաբաց արտադրության անդրանիկ ստեղծագործությունը` կինոժապավենի պատկերով բոլորապատված հսկա տորթը, Վեստմինստերյան համայնապատկերով` նշանավոր ժամացույցով հանդերձ:

Վիկտոր Հայրապետյանը ցանկություն հայտնեց, որ բրիտանացիների կազմակերպած այս փառատոնը օրինակ ծառայի Հայաստանում հավատարմագրված մյուս դիվանագիտական ներկայացուցչությունների համար: Եթե նրանցից գոնե տասնմեկը եւս իրականացնեն մնան միջոցառումներ, ապա Հայաստանի հեռավոր շրջանները ամեն ամիս հնարավորություն կունենային դիտելու մի պետության կինեմատոգրաֆիկ գլուխգործոցներ: Չէ՞ որ դա դժվար չէ անել, ասում է նա, անհրաժեշտ է ընդամենը մի քանի DVD ֆիլմեր եւ ցանկություն:

ՎԱԼԵՆՏԻՆԱ ԱՊՐԵՍՅԱՆ, Բերդ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4