Հունիսի 5-ին ՀՀ հավաքականը կհյուրընկալի ղազախներին
Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում հանդերձարաններն ու սանհանգույցները նորմալ տեսքի բերելու համար: Շուտով կսկսվի նաեւ մարզադաշտի նոր լուսարձակների տեղադրումը, որպեսզի լուսավորությունը համապատասխանի միջազգային չափանիշներին ու թույլատրվի «Հրազդանում» միջազգային հանդիպումների անցկացումը:
Ինչպես հայտնի է, նախատեսվում է Իտալիայի հավաքականի հետ աշնանը Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցախաղն անցկացնել «Հրազդանում»: Այդ նպատակով փոխվելու է նաեւ մարզադաշտի խոտածածկը: Ռուբեն Հայրապետյանը հույս հայտնեց, որ մինչեւ օգոստոս մարզադաշտում շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված կլինեն ու հնարավոր կլինի Բելառուսի հետ ընկերական հանդիպումն անցկացնել «Հրազդանում»:
Ռուբեն Հայրապետյանը նաեւ տեղեկացրեց, որ ֆուտբոլային հանդիպումների հեռարձակման որակը բարելավելու նպատակով ֆեդերացիան ներկայումս բանակցում է Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ: Վերջինս շուտով նոր, որակյալ սարքավորումներ է ձեռքբերելու, որոնք կապահովեն հեռարձակման բարձր որակը:
ՀՖՖ նախագահն անդրադարձավ նաեւ հավաքականի ընկերական մյուս հանդիպումներին: Ինչպես հայտնի է, մայիսի 31-ին Վիեննայում մեր ընտրանին ընկերական հանդիպում է անցկացնելու հույների հետ: Նախորդ ասուլիսի ժամանակ ֆեդերացիայի նախագահը հայտնել էր, որ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ցանկանում է, որպեսզի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կազմակերպվի: Եվ ահա պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի հավաքականի հետ, որն այդ օրը Երեւանում կմրցի մեր ընտրանու հետ:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ներկայումս շատ հավաքականներ ցանկություն են հայտնում մրցելու Հայաստանի ընտրանու հետ, նույնիսկ խոշոր գումարներ են առաջարկում ընկերական մրցախաղեր կազմակերպելու համար: Այդ փաստը խոսում է մեր հավաքականի աճող հեղինակության եւ ներուժի մասին, ինչն ուրախալի է: ՀՖՖ նախագահը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ ամեն ջանք ու եռանդ ներդնելու է հայկական ֆուտբոլի զարգացման համար, երազում է մեր հավաքականին տեսնել 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների ցանկում: