«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՈՂՄ Է «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆԵԼՈՒՆ»

Իսկ Ադրբեջանը հետ է կանգնում պայմանավորվածություններից

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն չի կարող լինել տեւական, իսկ խաղաղ լուծումը դիվիդենտներ կբերի տարածաշրջանին: Երեկ Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն : Տարածաշրջանային այցն ավարտած գերմանացի դիվանագետը շեշտեց, որ գերմանական կառավարությունը աջակցում է տարածաշրջանային կտրվածքով բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը, միեւնույն ժամանակ, օժանդակելով հայ-թուրքական հաշտեցմանը, որ բխում է երկու կողմերի շահերից:

Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյան պատշաճ նշելու մասին նշելուց հետո, թերեւս տարածաշրջանին, այլ ոչ միայն հայաստանյան լսարանին ուղղված հայտարարությամբ Գերմանիայի ԱԳ նախարարը առանձնակի նշեց Սիրիայի հարցը, համատեքստով, թե Սիրիայում բռնությունը պետք է վերջանա` հնարավորություն տալով մարդասիրական օգնություն տրամադրելուն եւ փոքրամասնությունների պաշտպանությանը:

Իրանի պարագայում Գերմանիան ներկայացնող դիվանագետը հարկ համարեց Երեւանից հնչեցնել գերմանական կառավարության` Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությանը կողմ լինելու մասին, հավելմամբ, թե դա մինչ այն պահը, քանի դեռ Իրանը չի ցանկանում համագործակցել միջազգային հանրության, միջազգային կառույցների հետ: Ընդ որում, ըստ Վեսթերվելլեի, պատրաստակամություն կա բանակցելու Իրանի հետ, եթե իրապես լինեն էական, ըստ էության բանակցություններ:

Թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի ռազմատենչ ու պատերազմ վերսկսելու հայտարարություններին եւ արդյոք քննարկվել է այդ հարցը Բաքու այցելության ընթացքում, Վեսթերվելլեն հակիրճ պատասխանեց. «Գերմանական կառավարությունը կողմ է տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի միջեւ հավասարակշռություն գտնելուն»` աջակցելով հարցի խաղաղ կարգավորմանը:

Գերմանացի լրագրողի հարցին էլ, թե ինչու առաջընթաց չկա ղարաբաղյան բանակցություններում, Էդվարդ Նալբանդյանը, պայմանավորվածություններից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերի մասին վերջին օրինակով, հիշեցրեց Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահների վերջին եռակողմ հանդիպումը այս տարեսկզբին Սոչիում, երբ հայտարարությամբ անդրադարձել էին նախկինում նշված քայլերին: Դրանց առնչությամբ, ինչպես օրինակ, գրեթե մեկ տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը վերաբերում էր շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելուն, ըստ Նալբանդյանի, Ադրբեջանը նախ համաձայնում, հետո էլ հաջորդ հանդիպմանը ներկայանում է «մի տասը փոփոխություններով»:

Կամ մեկ այլ օրինակում, որ գերմանացի լրագրողին առանձին հարցազրույցի տեսքով ավելի մանրամասն պատասխանելու հնարավորություն խոստանալով ներկայացրեց Հայաստանի արտգործնախարարը, Ադրբեջանի նախագահը ստորագրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին բարձր գնահատական տվող փաստաթղթեր, իսկ արդեն Ադրբեջանից ավելի ցածի հարթակներում հնչում է քննադատություն:

Հ.Գ. «Արմենպրեսին» տված հարցազրույցում Վեսթերվելլեն չի մեկնաբանել ֆրանսիական Սենատի` ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը, այլ միայն շեշտել է. «Ինձ հետաքրքրում է հայ-թուրքական հաշտեցումը: Ես հույս ունեմ հետագա կառուցողական երկխոսության: Պատմության քննությունը, որը պետք է հանգեցնի տեւական հաշտեցման, պետք է առաջին հերթին բխի ներսից եւ տեղի ունենա խնդրո կողմերի միջեւ, անգամ եթե դա ցավոտ լինի կամ ժամանակ պահանջի»:

ԵՄ առավել ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան հարցում, ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի, պետք է ընդգրկվի Մինսկի խմբի ջանքերի շրջանակում, իսկ վերջին շրջանի ինքնորոշվող նոր պետությունների պարագայումՙ «Յուրաքանչյուր առանձին դեպք այլ է... Գերմանիայի կողմից Կոսովոյի եւ Հարավային Սուդանի ճանաչումը չի կարող նախադեպ հանդիսանալ միջազգային այլ ճանաչումների համար»:


Նկար 2. Գերմանիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4