ՀՍՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Երբ 2004-ին Ազգային ժողովն ընդունեց այլընտրանքային զինծառայության օրինագիծը, պետությունը զենքով ծառայությունից հրաժարվող երիտասարդներին առաջարկեց այլընտրանքային զինծառայություն, որը ենթադրում էր քաղաքացիական ծառայություն` սոցիալական ապահովության նախարարության հսկողության տակ աշխատանքներ հիվանդանոցներում, ծերանոցներում», օրինագիծը ներկայացնում է Քայքայիչ պաշտամունքից տուժածների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը ` հավելելով, որ զենքով ծառայությունից հրաժարվելու խնդիրներն առավել սուր արտահայտվեցին, երբ ՀՀ-ն պաշտոնապես գրանցեց «Եհովայի վկաներ» կրոնական կառույցին: Այդ աղանդի ներկայացուցիչները զենքով ծառայությունից հրաժարումը բացատրում են հանգամանքով, որ իրենց գաղափարները մերժում են զենքի գոյությունն ու օգտագործումը:
«Երբ այլընտրանքային զինծառայության օրենքն ընդունվեց, վստահ էի, որ «Եհովայի վկաները» կհրաժարվեն նաեւ այդ ծառայությունից: Օրենքի ընդունումից հետո առաջին զորակոչի ժամանակ 24 «վկաներ» համաձայնեցին անցնել այլընտրանքային զինծառայության, բայց մի քանի օր անց 24-ն էլ միաժամանակ նույն բովանդակությամբ դիմում գրեցին ու հրաժարվեցին ծառայությունից: Լուրջ կասկածներ ունեմ, թե «Եհովայի վկաների» գաղափարախոսությունը մերժում է զենքը, որովհետեւ Հայաստանում «Եհովայի վկաների» կրոնական հավաքների ժամանակ բազմիցս տեսել եմ, որ կառույցի ղեկավարները զենք են կրել: Սա ուղղակի պատրվակ է ճնշված լինելու գործընթացում», ասում է Ամարյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ` օրենքի ընդունումից հետո, բացառությամբ վերոնշյալ դեպքի, նախարարությունը երբեւէ այլընտրանքային զինծառայության անցնելու դիմում չի ստացել: «Նրանք նախընտրում են դատվել, քան անցնել այլընտրանքային ծառայության», ասում է Կարապետյանը:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի ներկայացմամբ` «Եհովայի վկաները» պահանջում են, որ իրենց ծառայության նշանակեն հիվանդանոցներում կամ դպրոցներում դասաժամեր տրամադրեն: «Իսկ դա արդեն լուրջ վտանգ է: Բացառված չէ, որ նրանք կզբաղվեն հոգեորսությամբ: «Եհովայի վկաները» չեն ցանկանում ծառայել հայրենիքին` միաժամանակ պետությունից պահանջում են, որ իրենց համար պայմաններ ստեղծեն` հոգեորսությամբ զբաղվելու համար, ինչն անընդունելի է», ասում է ռազմական փորձագետը:
Այլընտրանքային զինծառայությունից հրաժարվողներն ըստ օրենքի արժանանում են քրեական պատասխանատվության նույն հոդվածով եւ պատժաչափով, ինչ դասալքության համար պատժվող զինծառայողները: «Նրանց պատիժը սահմանվում է մինչեւ չորս տարի ժամանակով, սակայն բազմաթիվ դատավարություններում, որոնց ես ներկա եմ եղել, այլընտրանքային զինծառայությունից խուսափող տղաներին դատավորը դատապարտում է 2 տարվա ազատազրկման», ասում է Հրաչյա Պետրոսյանցը :
«Եհովայի վկաների» համար առավել ձեռնտու է բանակում չծառայելը, քանի որ այդ պարագայում արտասահման գնալու հավանականությունը մեծանում է: «Եհովայի վկաների պայմանները կալանավայրերում այլ են: Չկան բերդային պայմանները, ճնշումը, գողական միջավայրը: Առանձին խցիկներում են ապրում, նրանց ամեն օր այցելում են իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչներ, արտասահմանյան կառույցները նրանց սնունդ են տրամադրում: Իրենց զգում են փակ սանատորիայում: Իսկ ազատվելուց հետո կարող են ֆինանսավորում ստանալ, ապահովվում է նրանց կրթությունն արտասահմանում»:
Ամարյանը վտանգ է տեսնում, որ բանակում ծառայել չցանկացող երիտասարդների համար ամենահեշտ տարբերակը «Եհովայի վկա» գրանցվելն է:
«Դատարանում նրանք պետք է ապացուցեն, որ «Եհովայի վկա» են, պետք է մասնակցած լինեն նրանց հավաքներին, կառույցի ղեկավարներն էլ պետք է հավաստիացնեն, որ երիտասարդը իրենց հավատքի հետեւորդն է», ասում է նա:
«Հայաստանը գտնվում է հակամարտության գոտում: Եվրոպական կոնվենցիան նաեւ ասում է, որ եթե վտանգ է սպառնում ազգային անվտանգությանը, ապա պետությունը կարող է սահմանափակել խղճի, մտքի ազատությունը: Մենք կարող ենք սահմանափակում մտցնել ու պարտադրել, որ ծառայությունը լինի պարտադիր բոլորի համար, բայց մենք դա չենք անում», ասում է Ամարյանը:
Իրավիճակից դուրս գալու միակ ելքը, ըստ նրա, օրենքի խստացումն է: «Պետք է խստացվի պատիժն ու բոլոր հարցերը կկարգավորվեն: Սա պայքար է ոչ թե հոգեւոր, այլ քաղաքական դաշտի համար: Եվրոպան ամեն ինչ անում է, որ ժողովրդին ու պետությանն իրար հետ կռվեցնի: Մեր հարեւան երկրները նման պրոբլեմի առաջ կանգնած չեն: Վրաստանում, եթե աղանդավոր է, պարտադիր գնում է այլընտրանքային ծառայության, իսկ Ադրբեջանում, ուժային մեթոդներով, այլընտրանքային ծառայության օրենքը չի գործում: Ավելին, Վրաստանում «Եհովայի վկաները» գրանցված չեն որպես կրոնական կառույց, Ադրբեջանում գրանցված են, բայց մահմեդական օրենքներն այնտեղ շատ ուժեղ են: Վրաստանում իշխանական խավը` ակտիվորեն օգտագործելով աղանդավորներին, զուգահեռ նրանց դեմ ջարդ է իրականացնում, իսկ Ադրբեջանում աղմուկ են բարձրացնում, թե բոլոր տիպի աղանդները Հայաստանից են ներթափանցում, մինչդեռ Հայաստանում որեւէ տեսակի պայքար քայքայիչ աղանդների եւ հոգեւորսության դեմ չի ընթանում: Մենք ոչ միայն օրենքներ չունենք, այլեւ համապատասխան մասնագետներ չկան, որպեսզի կարողանան քայքայիչ պաշտամունքների դեմ պայքարել», ասում է Ամարյանը:
«Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ եւ չի կարող դրանց դեմ գնալ», սա էլ ռազմական փորձագետի տեսակետն է: Նրա ներկայացմամբ` Հայաստանը կխախտի սահմանադրությունը, որտեղ ամրագրված է` յուրաքանչյուր ոք խղճի եւ մտքի ազատության իրավունք ունի: «Եվրոպան Եվրոպա է, մենք Հայաստանն ենք, եւ մենք մեր շահերից ելնելով պետք է որոշում կայացնենք», հավելում է Ամարյանը:
Ռազմական փորձագետի խոսքերովՙ այսօր զորամասերում այլ աղանդի հարող զինվորներ կան, սակայն նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չկա:
«Հանդիպել եմ երիտասարդների, ովքեր հիսունական կամ այլ կրոնական կառույցի հետեւորդներ են, բայց հավատքի հողի վրա ճնշումներ նրանց վրա չեն եղել: Զորամասերում այդ առումով առողջ մթնոլորտ է: Ես համոզված եմ` եթե «Եհովայի վկաներն» էլ բանակում ծառայեն, նրանց դեմ բացասական վերաբերմունք չի լինի», ասում է փորձագետը:
Հոգեւորականների ծառայության կարգը ՀՀ զինված ուժերում հիմնադրվել է 1997-ից: Հոգեւորականների թիվը փոքր է, նրանք հիմնականում սահմանամերձ կամ հանրապետության ամենամեծ զորամասերում են ծառայության անցնում, բանակում հոգեւոր արժեքներ տարածում:
Կորյուն քահանա Կարապետյանը ՀՀ ՀՕՊ զորքերի սպասավորն է, մեկը Հայաստանի ԶՈՒ 47 հոգեւոր սպասավորներից: Նրա ներկայացմամբ` աղանդավորներ այսօր էլ կան բանակում, բայց ի տարբերություն 90-ականների, նրանք այդքան ագրեսիվ չեն: «Այսօր նրանց մի մասը բանակում հայտարարում է, թե չի կարող զենք վերցնել, սակայն հոգեւորականի հետ մի քանի զրույցից հետո հասկանում է, որ չի կարելի ծառայել առանց զենք վերցնելու, հասկանում է` ինչու է եկել բանակ եւ որն է բանակի դերն ու արժեքը: Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ երիտասարդները գալիս են զորամաս հստակ նպատակով, իրենց շարքերը մեծացնելու միտումով: Շատ են եղել նման դեպքեր, բայց մեր հոգեւոր սպասավորներն այնքան լավ են տիրապետում Աստվածաշնչին, որ մոլորությունից հնարավոր է խուսափել: Մենք հաճախ ենք կազմակերպում հանդիպումներ, հոգեւոր թեմաներով քննարկումներ, որը բաց է բոլորի համար: Իսկ այն երիտասարդներին, ովքեր չեն ցանկանում մասնակցել այդ քննարկումներին, չենք պարտադրում: Այս առումով զորամասերում առկա է հանդուրժողականություն»:
Քահանան համոզված է` բանակում գրանցված զոհերի մեղավորները բոլորս ենք, որովհետեւ բանակում առկա խնդիրը չի ծագում հենց բանակում, այլ այնտեղ մեկ այլ դրսեւորում է ստանում: «Մասնակցել եմ Արցախյան ազատամարտին: Այսօր էլ պատահում է, որ կրակակետում հանում եմ հոգեւորականի զգեստն ու զինվորական հագուստով մասնակցում վարժանքներին: Հոգեւորականը հավասարապես նաեւ զինվոր է, պետք է մասնակցի պատերազմին, հավասարապես ծառայի հայրենիքին ու իր տեսակով օրինակ ծառայի երիտասարդներին»: