«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԵՎՍ 1200 ԲՆԱԿԱՐԱՆ

Գյումրիում աղետի գոտու պետական բնակարանաշինական ծրագրով անցյալ տարի շահագործման հանձնված 1056 եւ այս տարի հանձնվելիք եւս 1756 բնակարանները բավարար չեն քաղաքի երկրաշարժից անօթեւանների հերթացուցակում հաշվառված բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այդ ընտանիքների ապահովման մասին կարելի կլինի խոսել եւ քաղաքում անօթեւանության խնդիրը զգալիորեն կթեթեւանա, եթե այս տարի կառուցվի եւս 1200 բնակարան: Գյումրիում գործող ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ են միացել այս բովանդակությամբ մարտի 14-ին ՀՀ նախագահին եւ վարչապետին հղված դիմում-ուղերձին, որն ընդունվել է նույն օրը «Աղետի գոտու բնակարանաշինության եւ բնակարանների բաշխման ընթացքը» թեմայով «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ավարտին: Վերջինիս ղեկավար Վահան Թումասյանին խնդրեցինք պարզաբանել դիմումում արված առաջարկությունը:

«Նախ ասեմ,- նշեց Վ. Թումասյանը,- որ ՀՀ կառավարության 2008 թ. «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն պետական բնակարանաշինության ծրագրով նախատեսվում էր մինչեւ 2013 թվականը լուծել երկրաշարժից անօթեւանի կարգավիճակ ունեցող եւ մինչեւ 2008 թ. նոյեմբերի 1-ը հերթացուցակում հաշվառված գյումրեցի 4270 ընտանիքների բնակարանի խնդիրը: Կառուցված բնակարանների ընդհանուր թիվը, այս տարի հանձնվողներն էլ հաշված, կկազմի 2800: Տարբերությունը, ինչպես դժվար չէ տեսնել, զգալի է: Ճիշտ է, հաշվառված ընտանիքներից 138-ը բնակբաշխման կառավարական հանձնաժողովի կողմից տարբեր պատճառներով շահառու չեն ճանաչվել եւ մերժվել են, 67-ի բնակապահովման հարցը հետաձգվել է` հանրապետությունից նրանց բացակայելու պատճառով, կան եւ նման այլ կարգի դեպքեր: Բայց, օրինակ, առկա է հերթացուցակում հաշվառված 388 ընտանիքների խնդիր էլ, որոնք պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացրել հանձնաժողով: Նրանք հիմնականում բազմանդամ, տնակներում ապրող ընտանիքներ են եւ պարզապես խնդիրներ են ունեցել փաստաթղթերի փաթեթի համալրման գործում: Գյումրու քաղաքապետարանում լրացուցիչ հաշվառված, երկրաշարժից անօթեւան 200 ընտանիքներ չեն մտել նույնիսկ հերթացուցակ` նույնպես սահմանված ժամկետում համապատասխան փաստաթղթեր ներկայացրած չլինելու պատճառով: Սա եւս ամբողջ պատկերը չէ»:

Եղած թվային տվյալների վերլուծությունն ու սեփական ուսումնասիրությունները «Շիրակ կենտրոնին» բերել են այն համոզման, որ բնակարանաշինական ծրագիրը Գյումրիում պետք է շարունակություն ունենա եւ պետք է կառուցվեն նշված թվով բնակարաններ:

Ըստ եղած տեղեկությունների, բնակբաշխման հանձնաժողովի կողմից արդեն շահառու ճանաչված հարյուրավոր ընտանիքների, որոնց չի բավարարելու այս տարի շահագործվելիք բնակարանների քանակը, տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ-ներ): «Երկրաշարժից անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները ԲԳՎ-ների միջոցով լուծելու նախորդ տարիների փորձը ցույց է տվել,- ասված է դիմում-ուղերձում,- որ դա արդարացված ճանապարհ չէ եւ չի լուծում անօթեւանության խնդիրը, ավելին` դառնում է արտագաղթի պատճառ: Երբ հարյուրավոր ընտանիքներ, ստանալով ԲԳՎ-ները եւ կեղծ գործարքներ կնքելով, գումարները ստացան, սակայն չդարձան բնակարանատերեր, նրանց մի մասն արտագաղթեց, իսկ մյուս մասը շարունակում է ապրել տնակներում` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւանի կարգավիճակում»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4