«Ազատ դեմոկրատներ» կուսակցության` երեկ տեղի ունեցած արտահերթ համագումարին 490 պատվիրակի հետ նաեւ մի 100 լրագրող երեւի ներկա էր` այնքան որ մեծ էր հետաքրքրությունը, թե այս կուսակցությունն ու «Ժառանգությունն» ի վերջո դաշինքո՞վ, առանձի՞ն, թե՞ միասնական համամասնական ցուցակով են գնալու խորհրդարանական ընտրությունների: Սակայն այդ հարցի պատասխանը ոչ համագումարի, ոչ էլ համագումարից հետո կայացած բրիֆինգի ընթացքում չտրվեց, այլ միայն ե՛ւ «Ազատ դեմոկրատների» ղեկավարների, ե՛ւ երեկվա համագումարում հանդես եկած Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներում նշմարվում էր «առավել հեռանկարային եւ երկարատեւ համագործակցությունը», սակայն` ոչ ցուցակը: «Ազատ դեմոկրատների» վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասում էր, որ իր կուսակցությունը ցանկանում է «Ժառանգություն» կուսակցության հետ կազմել արդար միություն, դաշինք, որի ձեւավորման հասարակական պահանջարկը վաղուց հասունացել է, եւ այն պետք է լինի իրավահավասար եւ ազատ ժողովրդավարական. «Մենք պետք է ունենանք քաղաքական կամք, եւ ունենք այդ կամքը, համարձակությունը` եղբայրաբար ձեռք սեղմելու, դրանով իսկ հիմք դնելով որակապես նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը», ասաց Քոքոբելյանը` հավելելով, թե երկու ուժերի երկարատեւ հեռանկարային գործունեությունը երկրում կարող է բովանդակային, այլ ոչ թե ձեւական փոփոխությունների բերել: Քոքոբելյանը գովեց «Ժառանգությանը», եւ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասում էր, թե ի դեմս «Ազատ դեմոկրատների»` տեսնում է պետության ինքնիշխանության, պետական շահի ու հայ մարդու արժանապատվության համար կանգնած ուժ, որտեղ չեն վախենում սեփական սխալներն ընդունել, ու այդ ուժի հետ իրենց ճանապարհը վաղուց է մեկնարկել: Ու նա վստահ էր, որ լինելու է քաղաքական ու քաղացիական համախմբում` «հանուն ՀՀ-ի` սարեր ենք շարժելու միասին»: Բայց մինչ դահլիճում իր ողջույնի խոսքը` Ր. Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, որ համամասնական ցուցակի հարցը «Ժառանգությունը» քննարկելու է կիրակի տեղի ունենալիք քաղխորհրդի նիստում: Այնպես որ` այս երկու ուժերի միասին-առանձինն ավելի շատ կիրակի օրը պարզ կլինի:
«Ազատ դեմոկրատների» համագումարին հրավիրված էին եւ ելույթ ունեցան ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը (բավական համակրանքով ելույթ էր `«աննախադեպ համախմբում է պետք` իշխանությունը փոխելու» ենթատեքստով), «Նոր Ժամանակների» Արամ Կարապետյանը («Եթե ընտրություններն անցնեն ինչպես միշտ` մենք ձեզ կսպասենք փողոցներում», պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը , հրապարակախոս Մարինե Պետրոսյանը , Կարապետ Ռուբինյանը («Ճեղքենք ստի, կեղծիքի եւ բանսարկության գաղջ մթնոլորտը»): Հրավիրյալների մեջ էին Արամ Զավենի Սարգսյանը, Վարդան Օսկանյանը (բայց ոչ ԲՀԿ-ից, այլ որպես անձ), Պետրոս Մակեյանը, հրավիրված չէր իշխանական կոալիցիան: Վերջինի մասով ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցին, Խ. Քոքոբելյանը նշեց, թե հրավիրվել են այն քաղաքական ուժերը, որոնք, իր կարծիքով, չեն խոչընդոտում Հայաստանի ժողովրդավարացմանը: ՀԱԿ-ին հրավիրելը ֆորմալ բնույթ կկրեր (ֆորմալ կառույց է, ըստ Արարատ Զուրաբյանի) այդ պատճառով չեն հրավիրվել, չնայած Քոքոբելյանը խորին հարգանք է տածում այս կառույցի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ: ՀՀՇ-ն էլ չի հրավիրվել, քանի որ ում որ պիտի հրավիրեին` այստեղ են, համագումարում (ճիշտ որ` «Ազատ դեմոկրատներում» ՀՀՇ-ից հեռացածները շատ են): Վարդան Օսկանյանին հրավիրելու հարցին ի պատասխան Զուրաբյանը մի հետաքրքրական մեկնաբանություն արեց բրիֆինգում. «Վարդան Օսկանյանի հրավիրված լինելը նրան չի ազատում մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատվությունից»:
Արժե փոխանցել նաեւ Խ. Քոքոբելյանի ելույթի մի շարք սկզբունքային պահեր: Ըստ նրա` «Ազատ դեմոկրատները» ստեղծվել է հասարակության ձեւավորած պահանջի հիման վրա, քանի որ ազատական ուժ լինելու վերաբերյալ շատ կուսակցություններ են հայտարարել, սակայն իրականում, կոնյունկտուրայից ելնելով, հետագայում այլ գործելակերպ են դրսեւորել: Նա նշեց, որ ստեղծումից 1 տարի հետո համակիրների մեծ բանակ ունեն: Հայաստանին ոչ թե ներկա դեգրադացված վերնախավն է պետք, այլ իրական տնտեսական, քաղաքական եւ մշակութային նոր վերնախավ, որը կպայքարի այժմ առկա կեղծավորության եւ մյուս հոռի բարքերի դեմ, ասում էր նորաստեղծ արեւմտամետ ուժի ղեկավարը: Նա խոստացավ փոփոխությունների համար պայքար բոլոր ոլորտներում, որոնք այսօր խոր ճգնաժամի մեջ են. արտագաղթը հյուծում է Հայաստանը, ինչպես ներքին արյունահոսությունը, հետեւաբար պետք է փոխել ոչ թե հայրենիքը, այլ իշխանություններին: Նա նշեց կուսակցության սկզբունքներն ու նպատակները, որոնք հետո արտացոլվեցին ընդունված բանաձեւում: Բավական մանրամասն նշելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները` Քոքոբելյանը նշեց, որ այդ խնդիրների լուծմանը մասնակցելու համար պետք է մասնակցել ընտրություններին, եւ մասնակցությանը ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում:
Կուսակցության համամասնական ցուցակի եւ մեծամասնականով թեկնածուներ առաջադրելու հարցը որոշելու է կուսակցության վարչությունը, համագումարը լիազորեց այդ վարչությանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ