Վերջին երկու տարիներին հաճախ կարելի է մանկավարժներից դժգոհություններ լսել, որ իրենց աշխատավարձը պարբերաբար տեղի ունեցող գնաճի հետ ոչ միայն չի ավելանում, այլեւ զգալիորեն նվազել է: Դա թերեւս պայմանավորված է դպրոցների աշակերտների թվով ֆինանսավորմամբ, որը շարունակվող արտագաղթին համըթաց գնալով պակասում է:
Փաստը ակամա հաստատել է նաեւ վերջերս գյումրեցի ակտիվի հետ վարչապետի ղեկավարած ՀՀԿ պատվիրակության հանդիպմանը մասնակցած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՙ պատասխանելով ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին: «Դա դեմոգրաֆիան է, ժողովրդագրությունը,- ասել է նախարարը: - Եկեք իրականում հասկանանք, որ ժողովրդագրական ալիքը այսօր ընկել է կրթության վրա, վաղն ընկնելու է տնտեսության վրա, մյուս ոլորտների վրա: Կրթական համակարգում աշխատում է մի քանի հազար ուսուցիչ ավելի, քան մենք կարիքը ունենք: Եթե մենք դիմեինք կրճատումների, դպրոցներից դուրս թողնելով 6-7 հազար ուսուցիչների, մնացածի աշխատավարձը կբարձրանար»:
Տարիներ առաջ առանց այն էլ հազարավոր ուսուցիչներ «օպտիմալացում» անվան տակ ազատվել են աշխատանքից` շատերը մնալով հանիրավի մերժված ու գործազուրկ: Ուրեմն ի՞նչ անել: Նախարարը, լուրջ թե կատակով, մի ելք է առաջարկում. «Կառավարությունը չի կարող հասարակության փոխարեն գնալ ու, կներեք, բազմանալ միայնակ: Եկեք այս դեպքում բոլորս բազմանանք»:
Գ. Մ.