«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ԿԵՍ ԹԹԵՆԻՆ

Լեռ Կամսարի միակ հուշարձանը

1915 «զուլումին» Արեւմտյան Հայաստանում թուրքերը խլեցին Լեռ Կամսարից նրա Վանի տունը, պարտեզը, ինչքը եւ աշխարհում ամենաթանկ բանըՙ Հայրենիքը: Հայրենազուրկ գրողը փախավ արեւելահայ եղբայրների մոտ:

1935 թ. այդ եղբայրները խլեցին նրա Երեւանի տունը, պարտեզը, ինչքը եւ ամենաթանկից ավելի թանկըՙ Ազատությունը:

1955 թ. երբ վերադարձավ Անհայրենիք եւ Անազատ Մարդն անհայտությունից, որոշեց սեփական Եդեմ արարել եւ ապրել մեջը: Տնկեց երեք ծիրանենի, փշատենի, բալենի, թթենիՙ երիզված թեյի վարդի թփերով: Պարտեզի ուղիղ կենտրոնում տնկեց Մայր թթենին, որ գեթ մի հարազատ ունենա այս ապիկար աշխարհում:

Անցան տարիներ, գրողը լքեց իր համար անհարմար այս աշխարհը եւ պատգամեց. «Կուզենայի թաղվել իմ տնկած թթենու տակ, իսկ տապանաքարի փոխարեն սրտիս դրված լիներ մեղուներիս փեթակը: Հանգիստ ննջեի թթենուս սոսափի եւ մեղուներիս բզզոցի տակ:

Բայց քանի որ դա խելքին մոտիկ չէ, ուրեմն, ինձ բերանքսիվայր կդնեք հողը, որ այս կառավարության երեսը չտեսնեմ:

Մի՛ երկմտեք, երբեւէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմՙ դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա...»:

Տարիների ընթացքում պարտեզը կուլ գնաց շինարարությանը: Բայց «կյանքի իսկական ընկեր» թթենին կիսով չափ մնաց, որպես հավատարմության խորհրդանիշ...

Այժմ Թումանյան 11 շենքի բակում, թիկնած ավտոտնակների շարասյունին, վեր է բարձրանում կես թթենին: Ինչո՞ւ կեսՙ որովհետեւ ամբողջ բունը մնացել է հողի տակ, իսկ բնից դուրս եկած երկու ճյուղերից մեկը սղոցվել էՙ հարեւան կիպ շենքի պատուհանները չմթնեցնելու համար: Մյուս կեսի բախտը բերել է այնքանով, որ եթե մեկ հատ էլ ավտոտնակ տնկվերՙ դեմ կառներ շենքի մուտքինՙ արգելելով ելումուտը:

Բնությունը մարդուց ավելի անդավաճան եղավ, կարծես:

Ապագա Մարդը, տեսնես կփոխհատուցի՞, կպահպանի՞ այդ մենավոր եւ հավատարիմ Թթենին...

«Աշխարհում իմ միակ բարեկամը, իմ մտերիմ ընկերը, իմ գաղափարակիցը, իմ մինուճար թթի ծառն է, պարտեզումս տնկված:

Իսկական կյանքի ընկեր:

Ես փողոց եմ դուրս գալիս մարդկանց մեջ, տեսնում եմ անցորդներին շվարած, շշկլված, անգամ աննպատակ, անուժ, անձգտում, մեռնող աչքերի մեջ դեռ կենդանի մնացած ազատության հույս, նման վերջալույսի վերջին շողին, սպասում են, որ մեկն ընկնի իրենց առաջ, որ նրան հետեւեն, սպասում են մեկը մի բան կարծի, որ իրենք համակարծիք լինեն, մեկը մի խանութի առաջ կանգնի, որ իրենք նրա ետեւ հերթ պահեն, ինչ որ իր առաջի մարդն ուտի, ինքն էլ նույնն ուտի: Եթե տեսնում եմ, որ մարդիկ փողոցում մի «բնագիր» են փնտրում, որ նրա «թարգմանությունը» լինեն, սարսափահար տուն եմ գալիս եւ փաթաթվում իմ թթի ծառին, որպես միակ բնական արարածի, որը ոչ թե մեռնում է օրեցօր, այլ աճում է, բարձրանում եւ փարթամանում:

Սովետական կառավարությունը քառասուն տարվա մեջ էլ բանտ չթողեց, էլ աքսոր չթողեց, տարավ տնկեց ինձ, միչուրինյան բոլոր փորձերը կատարեց վրաս, որ ինձ վրա կոմունիզմ բուսներ, բայց ես մնացի «թթի ծառ»ՙ հավաքելով դրա համար իմ բոլոր ուժերը:

Սովետական մարդիկ, որպես անկենդան տոնածառ, կառավարությունը ինչ պտուղ կախեց նրանիցՙ այն տվին, մինչեւ վերջն էլ չիմանալով, թե իրենք իսկապես ինչի՞ ծառ են:

Ու երբ անցնեն «նոր տարվա» տոները, սովետական մարդիկ իրենց կախովի «պտուղների» հետ միասին ընկած ցախատան մի անկյուն, սարդի հյուսած ոստայնները հագածՙ գերեզման պիտի մտնեն անհուշ ու անհիշատակ, մինչդեռ ես իմ մեռնելուց հետո էլ պիտի ապրեմ, որպեսզի ապագա ազատ սերնդին իմ քաղցր, իմ մեղրածոր «թութը» հրամցնեմ:

Թթի ծա՜ռ, հոգյակս, եկ գրկեմ քեզ ու անվերջ համբուրեմ»:

1959 թ.

(Լեռ Կամսար, «Սոցիալիզմի Սահարա», ՀԳՄ հրատ., 2009 թ.)


Նկար 1. Լեռ Կամսարի տնկած այն թթենին...

ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4