«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ԱՌԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԼՐԱԳՐՈՂՆ Է ԱՄԵՆ ՕՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՔԱՐՈԶՈՒՄ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԵԹԵՐԻՑ

Բաց նամակ նրանց, ովքեր Երեւանում կընդունեն «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնին

Կովկասյան իր այցի շրջանակում Երեւան է ժամանում «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը: Բաքվում նրան շատերը ընդունելության չարաժանացրին, թեեւ ռադիոկայանն անկաշկանդորեն շողոքորթում է Ադրբեջանինՙ ղարաբաղյան հակամարտության լրատվությամբ: Ընդամենը վերջին մի օրինակ:

Փետրվարի 26-ին եւ 27-ին ռադիոկայանն իր անգլերեն միակողմանի հաղորդագրություններով հաստատում է ադրբեջանական պաշտոնական պրոպագանդայի սուտըՙ իբրեւ ղարաբաղյան պատերազմի սկիզբ նշելով Խոջալուն: Հայկական ծառայությունը լուռ է. Սումգայիթյան իրադարձությունների շուրջը ոչ մի անգլերեն բառ չգտա: Բայց լրատվության նյութ է դառնում Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ 13-14 ադրբեջանցիների եւ թուրքերի ցույցը, եւ ռադիոկայանը հաղորդում է, թե «Ադրբեջանն ասում է, որ հայկական ուժերը սպանել են ավելի քան 600 անզեն քաղաքացիականների ու զինվորների: Երեւանը կտրականապես մերժում է նման որակումը եւ պնդում, որ նահանջող ադրբեջանական ուժերի մի մասը զինված է եղել»: Մի՞թե Հայաստանը սա է պնդում:

Կարելի է, անշուշտ, ծիծաղել իբրեւ հակակշիռ ներկայացվող հայկական «տեսակետի» անզեն զինվորների մասին անհեթեթության վրա, բայց... Խոջալուի իրական պատկերի մասին չեխ լրագրող Դանա Մազալովայի տեղեկությունները սկզբնաղբյուրի արժեք ունեն: Նա ինձ հայտնեց, որ ռադիոկայանի ռուսական եւ հայկական ծառայությունները մերժել են իր հետ հարցազրույց անցկացնելու գաղափարը: Այո՛, հայկական ծառայությունը նույնպես, մինչդեռ դրա տնօրեն Հ. Թամրազյանը, հենվելով հենց ռադիոկայանի քաղաքականության վրա, կարող էր եւ պարտավոր էր պահանջել, որպեսզի հատկապես հակամարտության մասին տեղեկատվությունը հրապարակվի հավասարակշռված ու փաստարկված. պահանջեր նույնպիսի կրքով, ինչպես ժամանակին ինձ աշխատանքից հեռացնելու մասին իր որոշումն էր ղեկավարության աչքին փաստարկում, թե ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության մասին երկու լուր եմ կարդացել, մինչդեռ բազում այլ լուրեր կային... Էլ ի՜նչ զարմանք, որ «Ազատության» ռուսական ծառայությունը Ստամբուլից երկարաշունչ հաղորդում հեռարձակեց 2010-ի ապրիլի 22-ին (հաջորդ օրն էլ անարգել երկու անգամ կրկնեց), բազմամիլիոն ունկնդիրներին բացատրելով, որ ապրիլի 24-ը «հայ ավազակախմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»:

Հ. Թամրազյանը հիմա հավանաբար ուղեկցում է պրն Քորնին ու նույնպես խոսում ժողովրդավարական արժեքների տարածման, խոսքի ազատության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մասին: Այդ արժեքների տարածումը 22 երկրներում ռադիոկայանն իր առաքելությունն է հայտարարում, ու ծրագրված հետեւողականությամբ ոտնահարում սեփական կենտրոնակայանում:

Եսՙ իբրեւ ՀՀ քաղաքացի, հինգ տարի է արդեն, դատական գործ եմ հարուցել ռադիոկայանի դեմ Չեխիայի Հանրապետությունումՙ աշխատանքից անօրինական հեռացման եւ ռադիոկայանի աշխատակիցների նկատմամբ ազգային խտրականություն կիրառելու համար: Ներկայիս նախագահ Սթիվեն Քորնի համար արդյո՞ք կարեւոր չէՙ ճիշտ որոշում է կայացրել ռադիոկայանը, թեՙ ոչ (թեեւ եթե 12 տարի իմ աշխատելուց հետո են միայն պարզել, որ իմ ներկայությունը խանգարում է ռադիոկայանի առաքելությանը, դա ռադիոկայանի մասին լավ բան չի ասում): Կարեւորն այն է, որ ռադիոկայանի քաղաքականության համաձայնՙ աշխատակիցները կարող են հեռացվել «որեւէ պահի, ցանկացած պատճառով կամ առանց որեւէ պատճառի» եւ զրկված են որեւէ որոշում վիճարկելու ԻՐԱՎՈՒՆՔԻՑ: Փաստն այն է, որ ռադիոկայանի ամերիկացի աշխատողները պաշտպանված են ամերիկյան օրենքներով, չեխ աշխատակիցներըՙ չեխական, իսկ տարբեր երկրներից հրավիրվածՙ հիմնականում լրագրող աշխատակիցներն իրավական վակուումում են: Մի իրավիճակ, որ չեխական ազդեցիկ «Լիդովե Նովինի» թերթի համաձայնՙ «անսահմանափակ հնարավորություններ է տալիս, որ ժողովրդավարության սերմնացանները օտարերկրացիներին վերաբերվեն այնպես, ինչպես գաղութարարները իրավազուրկ տեղաբնակներին»:

Խնդիրն այն է, որ ռադիոկայանի բոլոր աշխատողները ստորագրում են նույն-ստանդարտացված աշխատանքային պայմանագրերը, որոնք ղեկավարվում են ամերիկյան աշխատանքային օրենքներով: Ու միայն այդ օրենքների պաշտպանության կարիքը զգալուց հետո է «Ազատության» աշխատակիցն անդրադառնում (տեղեկանում), որ ամերիկյան աշխատանքային օրենքներն իր վրա չեն տարածվումՙ իբրեւ ԱՄՆ-ից դուրս ամերիկյան կազմակերպությունում աշխատող օտարերկրացու: Իսկ Չեխիայի դատարանները կաշկանդված են հատուկ Խորհրդային Միության գերակայությունը կամակատար Չեխոսլովակիայում ապահովող 1963 թվականի մի օրենքով, համաձայն որի որեւէ օտարերկրյա կազմակերպություն կարող է երկրում գործել սեփական օրենքներով, «եթե դրանք չեն հակասում Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության պետական ու հասարակական հիմնարար սկզբունքներին»:

Ճակատագրի հեգնանքով կոմունիստներին սպասարկած այդ գաղութատիրական օրենսդրական մնացուկից այժմ օգտվում է Խորհրդային կայսրության ու դրա արբանյակ պետությունների դեմ գաղափարական պայքարի համար ստեղծված ռադիոկայանը: Իրավանաբանական այս խճողումներից ու համաձայնագրերի մեքենայութուններից, որ միտումնաբար ռադիոկայանի ղեկավարությունը գրում է արտասահմանցի աշխատողների պայմանագրերում, օգտվում են կառույցի մանր ֆեոդալ «ցարիկները»: Իսկ իբրեւ այս իրավազրկության վերջին ակորդ հնչում է խայտառակ առաջարկ լրագրողինՙ կլորիկ գումար այս մասին լռելու եւ սեփական իրավունքներից հրաժարվելու դիմաց. մի գումար, որ նա պետք է ստանար աշխատած տարիների դիմաց, բայց չի ստանա, եթե չստորագրի լռելու ու դատարան չգնալու մասին նվաստացուցիչ պայմանագիրը :

Նույնիսկ օրենսդրական խառնակ պայմաններում, Չեխիայի դատարաններն իմ պարագայում արդեն երկու անգամ այս իրավիճակն անօրինական են գնահատել իրենց երկրումՙ անակնկալի բերելով ռադիոկայանին: Չեխիայի խորհրդարանը երկու անգամ քննության է առել ռադիոկայանի օտարերկրացի աշխատակիցների նկատմամբ ազգային խտրականության հարցը: Սակայն դատական գործերը դեռեւս ավարտված չեն, ու ռադիոկայանում ոչինչ չի փոխվել. ամեն օր մոտ 30 լեզուներով իրենց երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքների խախտման մասին հաղորդող լրագրողներն իրենք իրավազուրկ վիճակում ենՙ ռադիոկայանի ղեկավարության կամքով ու միտումնավոր ծրագրով:

Ես արդեն մեկ անգամ զուգահեռ անցկացրել եմ. ստացվում է, որ ռադիկայանի հեռարձակման համար թիրախ հանդիսացող պետություններում «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատակիցները նույնքան անպաշտպան են, որքան նույն երկրներից ռադիոկայանի կենտրոնակայանում աշխատանքի հրավիրվածները: Պարզապես մի դեպքում «անցանկալի լրագրողները» հալածվում են տեղական բռնակալներից, կալանքի, ծեծի ենթարկվում, ու լռեցվում է նրանց ձայնը, իսկ երկրորդ դեպքում «անցանկալիները» հալածվում ու հեռացվում են Պրահայի կենտրոնակայանից, ու այս կերպ է լռեցվում լրագրողի ձայնը: Երկու դեպքում էլ տեղական քրմերը վստահ են, ոչ մի ատյան չկա, որը պաշտպանի լրագրողին:

Բաքվում ռադիոկայանի նախագահ Ս. Քորնը երկրի իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ռադիոկայանի աշխատակից Խ. Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումների ու սպառնալիքների առնչությամբ: Տեղացի լրագրողի համար հեշտ է մտահոգություն հայտնել, բայց դե Բաքվում շատ լավ հիշում են նաեւ, որ ժամանակին Պրահայի գրասենյակից մեկ օրվա ընթացքում աշխատանքից առանց պատճառաբանության հեռացվեցին ադրբեջանական ծառայության վեց լրագրողներից երեքը... Իսկ նրանց ճանապարհը հետՙ դեպի Բաքու, փակ է, ու սա չեն կարող չհասկանալ ռադիոկայանի ղեկավարները: Նույնն է կացությունը մյուս բոլոր 28 լեզուներով խմբագրություններում:

Զավեշտի է նման, բայց այս պահին խորվաթուհի Սնեժանա Պելիվանի հայցով իրավապաշտպան ռադիոկայանը հայտնվել է նաեւ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանի առջեւՙ իբրեւ մարդու իրավունքները խախտող կազմակերպություն: Ինչպես դիպուկ գրվեց վերջին տարիներին բազմաթիվ լեզուներով, տարբեր երկրներում ռադիոկայանի խտրական քաղաքականության մասին հոդվածներից մեկի խորագրումՙ Մարդու իրավունքների շոուից մինչեւ մարդու իրավունքների դատարան: Ի դեպ, հարյուրավոր այդ հոդվածներից եւ ոչ մեկն այդպես էլ տեղ չի գտել ռադիոկայանի պաշտոնական կայքէջի «Մամուլը մեր մասին» բաժնում: Ժողովրդավարություն է ու խոսքի ազատություն...

Գործելու եւ կոնգրեսի ֆինանսավորմամբ գործող ռադիոկայանում իրադրությունը շտկելու հորդորով ԱՄՆ կոնգրեսականներին հղած իր նամակում չեխ սենատոր Յարոմիր Շտետինան իրադրությունն անվանել է «անվայել, անարդար, ցինիկ եւ երեսպաշտ»: Համաձայնեք, ամոթալի որակումներ 60-ամյա ճանապարհ անցած իրավապաշտպան կառույցի համար: Ու փոխանակ դատարաններում պարտություն կրելուց հետո ռադիոկայանը գոնե կասեցներ դատական գործերըՙ շարունակում է ժողովրդավարության համար տրվող գումարները ծախսել թանկ վարձատրվող դատապաշտպաններին վճարելու համար: Տարիներ շարունակ Չեխիայի տարբեր ատյանի դատարաններում «Ազատություն/ Ազատ Եվրոպա» իրավապաշտպան ռադիոկայանը պաշտպանում է մարդու իրավունքները ոտնահարելու իր ինքնաշնորհ «իրավունքը»: Իմ գործը Չեխիայի դատարաններում լսվելու է արդեն վեցերորդ անգամ:

Մեծարգո տիկնայք ու պարոնայք, հուսամ, որ «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Քորնի հետ ձեր հանդիպման ժամանակ չեք շրջանցի նաեւ վերը նշված խնդիրները: Չէ՞ որ ասված էՙ բժիշկ, բուժվիր ինքդ...

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4