«Երեխաս պարզապես անկառավարելի ու անտանելի քմահաճ է դարձել»,- մտահոգվում է 4-ամյա Դավթի մայրիկը:
Երեխան ագրեսիվ է, վնասում է հասակակիցներին, խոսակցական բառապաշարում չգիտես որտեղից հայտնվել են ոչ մանկական ու տգեղ արտահայտություններ, տեղի-անտեղի լալիս է ու «պահանջներ» ներկայացնում:
Ծանո՞թ իրավիճակ է:
- Նմանատիպ խնդիրների բախվում են հիմնականում 4-8 տարեկան երեխաների գրեթե բոլոր ծնողները: Երեխան սկսում է շարժել բանականությունը, «ինքնուրույն» ու «լուրջ» դատողություններ անել: Փոքրիկ խորամանկությունների դիմելով եւ դաստիարակության ճիշտ մեթոդներ ընտրելով` հեշտությամբ կարելի է երեխային «դարձի բերել»,- բացատրում է հոգեբան Լարիսա Հովեյանը:
- Ես գրեթե բոլոր պատժամիջոցները կիրառել եմ, բայց անօգուտ. նա կարող է տասնյակ րոպեներ անկյունում կանգնած մնալ եւ շարունակել չարաճճիությունների շարքը,- ասում է փոքրիկ Դավթի մայրիկ Անահիտ Հովհաննիսյանը:
Իրականում կարեւոր չեն անգամ պատժի տեսակը, կիրառման պարբերականությունը, եթե պատժի կիրառմանը զուգընթաց երեխան վախի զգացում չունի պատժից կամ պատիժը կիրառողից:
- Կարելի է փոքր-ինչ խորամանկել, զրկել նրան սիրելի խաղալիքից կամ երեկոյան զբոսանքից եւ համապատասխանաբար լավ ու բարի արարքների դիմաց խրախուսել նրան հաճելի ինչ-որ բանով,- խորհուրդ է տալիս հոգեբանը:
«Բարկանալ պետք է ցածր տոնով»,- իր «Կրթության հոգեբանություն» գրքում ասում է Ուիլյամ Ուայթը: Ապա նա պարզաբանում է նպատակը. «Երբ դուք բղավում եք, երեխայի մեջ տպավորություն է ստեղծվում, թե ագրեսիվությամբ կարելի է հարցեր լուծել, իսկ մի՞թե ձեր նպատակը նրան խաղաղեցնելը չէ»:
Պարզվում է` երեխայի ու նրա բառապաշարի ձեւավորման վրա ավելի շատ ազդում է այն, թե 2 մեծահասակ ինչպես, ինչ բառերով են միմյանց հետ խոսում, քան այն, թե ինչպես է նույն մեծահասակը խոսում իր հետ: Հետեւաբար երեխայի դաստիարակությանը նպաստում է մեծահասակների զուսպ ու գրագետ զրույցը:
Այսպիսով, երեխային ուղղորդելով դեպի ճիշտ ապրելակերպ` ինքներդ կխնայեք ձեր նյարդերն ու առողջությունը:
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ