«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ՄԵԾ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆԱԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ազգը» համագործակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար-5» նախագծի հետ որպես ինֆորմացիոն գործընկեր, ուշի ուշով հետեւում է գալա-համերգներին ու անդրադառնում մրցույթի հաջորդական փուլերին: Իսկ թե ի՞նչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները, որոնց SMS քվեարկություններից է կախված, թե ո՞վ կհաղթի, «Ազգը» թռուցիկ հարցում անցկացրեց տարբեր մասնագիտության եւ տարբեր տարիքի մանկավարժների, հոգեբանների, երաժշտագետների ու երաժշտասերների շրջանում: Հարցվածների շուրջ 70 տոկոսի կարծիքով, «Հայսուպերսթար-5»-ում հայկական հիթերը, էստրադային, ժողովրդական, ջազային երգերը չնչին ենՙ հազիվ 10 տոկոս: «Ինչո՞ւ են տուրք տալիս օտարալեզու երգերին, ո՞ւր մնաց հայկականը, չէ՞ որ ծրագիրը հենց կոչվում է «Հայսուպերսթար»: Հասկանում ենք, որ դրսից ֆինանսավորվող ծրագիր է, բայց մի մոռացեք, որ մենք հայ ենք եւ սերունդներին ոչ թե պետք է հրամցնենք օտարալեզու երգարվեստը, այլ առաջին հերթին մերըՙ հայկականը: Իսկ ովքեր որ հետաքրքրված են այլ ազգի երգարվեստով, հանգիստ կարող են ինտերնետից տեղեկանալ...», մտահոգված էր վաստակաշատ մանկավարժը:

Երկարամյա փորձ ունեցող հոգեբանը պնդում էր, որ երիտասարդ մասնակիցները շատ լուրջ սթրեսի են ենթարկվում: Երբ խնդրեցի պարզաբանել, վերջինս մասնագիտական վերլուծություններով հիմնավորեց, որ ամենաուշագրավը հատկապես այն ժամանակահատվածն է, երբ հաղորդավարը նշելու է ծրագրից դուրս մնացած մասնակցի անունը: «Այն մի քանի րոպեները, անգամ վայրկյանները, որը հաղորդավարը անհիմն ձգձգում է կամ մասնակիցներից փորձում է կորզել, թե ով դուրս կմնա ծրագրից, դա շատ լուրջ սթրեսային վիճակի մեջ է դնում նրանց, որոնցից շատերը ստում են ու իրենց անունը նշում, որպեսզի չկորցնեն նոր ընկերներին, ու իրենց դեմ չլարեն: Հենց այդ կեցվածքը սթրեսային է: Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնենք, թե ինչպես են մասնակիցների դեմքի մկանները ձգվում: Ջղաձիգ վիճակը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ եւ ազդել մասնակիցների առողջության ու հոգեվիճակի վրա: Պարզապես պետք է անմիջապես հայտարարել, այլ ոչ թե մասնակիցներին չպատճառաբանված լրացուցիչ սթրեսի ենթարկել, նամանավանդ, որ մենք ամեն քայլափոխի արդեն իսկ սթրեսի ենք ենթարկվում: Իսկ նման լուրջ ու բարդ մրցույթի մասնակիցներն արդեն իսկ գերլարված վիճակում են: Այս մասին հարկ է որ լուրջ քայլեր անենք ու երիտասարդների հոգեվիճակը չսրենք: Սա է իմ խորհուրդը»:

Երիտասարդները, որոնց հետ զրուցեցի, իհարկե, միանշանակ ոգեւորված էին «Հայսուպերսթար-5»-ի գալա-համերգներից ու անգամ իրենց համար մեկ էր, թե ինչ լեզվով երգել «Մենք ամեն օր կարաոկեներում հենց օտարալեզու երգեր ենք երգում ու մեր բջջայիններում հենց դրանցից ամենավերջիններն են ու իրար ենք փոխանցում: Կյանքը առաջ է գնում, ի՞նչ հայկական, ի՞նչ բան, մեր ճաշակը հիմա էս ա...»: Ահա այսպես արտահայտվեցին մի խումբ երիտասարդներ:

Երաժշտագետներից մեկն էլ ասաց. «Տարօրինակ է, որ մրցույթի ժյուրին երկու մասի է բաժանվել ու երբ երկուսը գովեստի խոսքեր են ասում տվյալ մասնակցի ելույթի մասին, մյուս երկուսըՙ հակառակ կարծիքի են, հումոր են անում, որն անտեղի է, փողոցում գործածվող բառեր օգտագործումՙ տժժալ, կպավ, ճնգրդիկ, էլի շատ այլ բառեր: Լուրջ չեն մոտենում, չի կարելի: Իսկ ինչ վերաբերում է մասնակիցներին, ապա նրանցից ոչ բոլորն են բեմին համարժեք կեցվածքով եւ անգամ կա մասնակից, որի շարժուձեւը, բեմական պահվածքը միայն ծիծաղ է առաջացնում ու էժանագին ծափեր կորզում: Մասնակիցներից շատերը ճիշտ չեն ընտրվում, երբեմն էլ համապատասխան չեն երգերը, որի հետեւանքով լավագույն տվյալներով մասնակիցը կարող է դուրս մնալ մրցույթից: Նաեւ ազդեցություն է ունենում այդ խնդրում ժյուրիի կարծիքը: Մինչդեռ այս փուլում քվեարկողը հեռուստադիտողն է ու նրանց վզին ժյուրիի կարծիքը փաթաթելը ճիշտ չէ: Կամ էլ, ինչո՞ւ երկրպագուները (խոսքը համերգասրահում գտնվողներին է վերաբերում - Մ. Մ.) իրենց մասնակցին աջակցելու պաստառները, պլակատները օտարալեզու են ներկայացնում: Հայ ենք, չէ՞, ի վերջո: Եկեք մեր լեզվին, մշակույթին, ազգային արժեքներին սրտացավորեն մոտենանք ու գնահատենք ինչ մեզ են փոխանցել եւ ճշտությամբ դրանք սերունդներին մատուցենք»:

Ահա այս կարծիքները գերակշռողներն էին, ուստի որոշեցինք ներկայացնել, հույս ունենալով, որ նշված դիտողությունները հաշվի կառնվեն:

Իսկ այժմ «Հայսուպերսթար-5»-ի երկրպագուներին տեղեկացնենք, որ կայացել է 6-րդ գալա-համերգի տեսագրությունը, որը կցուցադրվի մարտի 19-ին ժամը 19.40-ին «Շանթի» եթերում, ու խորհուրդ ենք տալիս բաց չթողնել, քանի որ վերը նշված դիտողություններից շատերի պատասխանները պարզ կլինեն: Հետեւեք եւ անակնկալը շատերի դուրը կգա:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4