Բժիշկները կոչ են անում վերանայել քնաբեր դեղամիջոցների նկատմամբ մոտեցումըՙ վերջերս կատարված մի լայնածավալ ուսումնասիրությամբ պարզվել է, որ բժիշկների նշանակած քնաբերները կարող են կապ ունենալ ԱՄՆ-ում տարեկան կես միլիոն մահացությունների հետ:
Անքնության դեմ սովորաբար օգտագործվող դեղահաբերը կամ քնաբերները, օրինակ` տեմազեպամը կամ զոլպիդեմը, որոնք անքնության դեպքում նշանակվում են կարճ ժամկետով, չորս անգամ մեծացնում են մահվան վտանգը, ասվում է BMJ բաց ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Ուսումնասիրությունը կատարվել է ԱՄՆ-ում, որտեղ 2010-ին մեծահասակ բնակչության ավելի քան 10%-ը օգտագործել է քնաբեր դեղամիջոցներ: Ուսումնասիրության հեղինակները հաշվարկել են, որ հնարավոր է, որ ԱՄՆ-ում այդ տարվա լրացուցիչ մահացության 320.000-ից մինչեւ 507.000 դեպքերը կապ են ունեցել քնաբերների օգտագործման հետ:
Հետազոտողները` Լա Ջոլլայի (Կալիֆոռնիա) Սքրիփս Կլինիկայի քնի կենտրոնի բժիշկ Դանիել Կրիպկեի գլխավորությամբ, ուսումնասիրել են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակչությանը, որին սպասարկում է ամենամեծ գյուղական ինտեգրված առողջապահական համակարգը:
Երկուսուկես տարվա ընթացքում նրանք բժիշկների նշանակած քնաբերները ընդունող 10.500 մարդկանց մեջ մահացության մակարդակը համեմատել են 23.600 այն մարդկանց հետ (միեւնույն տարիքի, առողջական վիճակի եւ այլ գործոնների), ովքեր չեն ընդունել այդ դեղամիջոցները: Ուսումնասիրվողների միջին տարիքը եղել է 54:
Ուսումնասիրությամբ գիտնականները պարզել են, որ նույնիսկ նրանց համար, ովքեր օգտագործել են համեմատաբար քիչ քանակությամբ քնաբեր հաբեր` տարեկան 18 չափաբաժնից քիչ, մահանալու վտանգը 3,5 անգամ գերազանցել է` համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես այդ հաբերը չեն օգտագործել: Այն մարդիկ, ում ավելի շատ քնաբեր է նշանակվել` տարեկան 18-ից մինչեւ 132 չափաբաժին, հավանականությունը չորս անգամ ավելի շատ է եղել, որ ուսումնասիրության վերջում արդեն մահացած կլինեին: Իսկ 132 կամ ավելի չափաբաժին ընդունողների մահանալու վտանգը հինգ անգամ ավելի է եղել` համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես քնաբեր չեն օգտագործել:
Նրանք, ովքեր ամենաշատ են քնաբերներ օգտագործել, 35%-ով ավելի հավանական է եղել, որ հիվանդ են եղել քաղցկեղով, չնայած նրանք քաղցկեղով հիվանդների ռիսկային խմբում ընդգրկված չեն եղել: Քաղցկեղով հիվանդանալու վտանգը ավելի մեծ է եղել, երբ օգտագործել են տեմազեպամ (բենզոդիազեպինների շարքից): Քնաբերների եւ քաղցկեղի միջեւ կապը հաստատվել է նաեւ նախորդ ուսումնասիրություններում:
Նրանք, ովքեր ֆինանսական շահեր չունեն քնաբերներից, ասում են, որ դրանց օգուտը խղճուկ է, եւ այսօր մի նոր մոտեցում կա, որ ճանաչողական-վարքագծային թերապիան ավելի լավ է աշխատում խրոնիկական անքնության դեմ, քան քնաբեր հաբը:
Բժիշներն ասում են, որ քնաբերները կրճատում են կյանքը տարբեր եղանակներով: Նմանատիպ դեղամիջոցները ավելացնում են դեպրեսիան, որն էլ կարող է հանգեցնել ինքնասպանության: Դրանք ազդում են մեքենա վարելու եւ ճանաչողական հմտությունների վրա, որն էլ ավելի վտանգավոր է դարձնում մեքենա վարելը: Այս հաբերը կարող են քնի ժամանակ շնչարգելության պատճառ դառնալ, որը հանգեցնում է քնի խանգարման, եւ քնաբեր օգտագործողը սրտի խնդիրներ է ունենում: Ոմանք նույնիսկ լուսնոտությամբ են տառապում, որը կարող է շատ վտանգավոր լինել, իսկ մի մասն էլ սկսում է գիշերով սնվել, որը հանգեցնում է գիրության:
Ուսումնասիրության ընթացքում քնաբերներ օգտագործողներիՙ ստամոքսի խնդիրներ եւ ստամոքսի խոց ունենալու հավանականությունն ավելի մեծ է եղել: Նրանց մոտ, նույնիսկ ավելի շատ, քանՙ ծխողների, ախտորոշվել է արյան, թոքերի, հաստ աղիքի եւ կամ շագանակագեղձի քաղցկեղ:
Մեծ Բրիտանիայի Առողջության եւ կլինիկական հմտության ազգային ինստիտուտը հավանություն տվել է քնաբեր դեղամիջոցների կարճաժամկետ օգտագործմանը: Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ կգա ժամանակ, երբ կվերանայվի այդ հաբերի նույնիսկ սահմանափակ օգտագործման հարցը:
Երկրի Թագավորական դեղագործական ընկերության աշխատակից Նինա Բարնեթը ասում է, որ դա «շատ կարեւոր ուսումնասիրություն է, չնայած անհնար է արմատապես փոխել մոտեցումը կարճ ժամանակահատվածում. այն պետք է բարձրացնի իրազեկության մակարդակը եւ եւս մեկ անգամ հիշեցնի ե՛ւ հիվանդներին, ե՛ւ բժիշկներին դրանց պոտենցիալ վտանգների մասին` անքնության ժամանակ որպես հանգստացնող միջոց օգտագործելիս:
Նա նաեւ ավելացնում է, թե ուսումնասիրությունը չի ապացուցում, որ մահացությունների պատճառն այդ դեղահաբերն են, եւ զգուշացնում է, որ նրանք, ովքեր օգտագործում են, չպետք է դադարեցնեն` առանց իրենց բժիշկների կամ դեղագործների հետ խորհրդակցելու:
Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցները եւ առողջապահական արտադրանքը կարգավորող գործակալությունը հայտարարում է, որ բոլոր դեղամիջոցների անվտանգությունը շարունակաբար վերահսկվում է երկրի շուկայում:
Նաեւ նշվում է. «Քնաբեր դեղերը պետք է ընդունել միայն այն ժամանակ, երբ անքնությունը շատ ուժեղ է, անկարողունակ է դարձնում մարդուն կամ էլ վերջինիս ծայրահեղ վիճակի է հասցնում, եւ նույնիսկ այս դեպքում քնաբերը նշանակվում է միմիայն կարճ ժամկետով (երկուսից չորս շաբաթ)»:
Guardian.co.uk, Թարգմ.` ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ