Ավանդույթի համաձայն, Հայաստանում ֆուտբոլային նոր մրցաշրջանը սկսվում է գավաթի խաղարկությամբ: Այս անգամ Հայաստանի 2012-ի գավաթի մրցաշարի մեկնարկը տրվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, երբ կայացել էին քառորդ եզրափակիչի հանդիպումները:
Այսօր ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայանալիք «Իմպուլս»-«Ուլիս» կիսաեզրափակիչ մրցախաղով վերսկսվում է ՀՀ գավաթի խաղարկությունը: Եթե «Ուլիսը» մասնակցելու է չեմպիոնների լիգայի մրցաշարին, ապա «Իմպուլսի» համար եվրոգավաթների մասնակցության միակ հնարավորությունը գավաթը նվաճելն է: Սակայն «Ուլիսն» էլ լրջորեն է տրամադրված ակումբի պատմության մեջ առաջին անգամ գավաթին տիրելու: Ուստի սպասվում է համառ մրցակցություն:
«Ուլիսն» այս տարի էլ զգալի համալրում է ստացել հանձինս փորձառու ֆուտբոլիստներ Արթուր Քոչարյանի, Արսեն Բալաբեկյանի, Վահագն Մինասյանի եւ Նորայր Գրիգորյանի: «Իմպուլսը» թեեւ զրկվել է իր առաջատար ֆուտբոլիստ Զավեն Բադոյանից, որը տեղափոխվել է բելառուսական ԲԱՏԷ, սակայն նույնպես համալրում ստացել է:
Գավաթի մրցաշարերում «Իմպուլսն» ու «Ուլիսն» առաջին անգամ են միմյանց հետ մրցելու: «Ուլիսը» գավաթի խաղարկություններին մասնակցում է 2007-ից, մինչդեռ «Իմպուլսը» միայն 2010-ին է ներգրավվել գավաթային պայքարին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ուլիսը» պայքարից դուրս է մղել «Արարատին»: Առաջին խաղում «Ուլիսը» հաղթեց 3-1 հաշվով, պատասխան խաղում պարտվեց (2-3): «Իմպուլսը» քառորդ եզրափակիչ 2 հանդիպումներում էլ միեւնույն 1-0 հաշվով հաղթել է «Գանձասարին»:
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ վաղը Իջեւանի «Արնար» մարզադաշտում կայանալիք «Շիրակ»-«Միկա» հանդիպումը: Հիշեցնենք, որ այս թիմերն անցյալ տարի հանդիպել էին գավաթի եզրափակիչում: Այդ խաղում 4-1 հաշվով հաղթել էր «Միկան»ՙ դառնալով վեցակի գավաթակիր: Իսկ «Շիրակը» 4-րդ անգամ ձախողվեց եզրափակիչ մրցախաղերում: Մինչ այդ գյումրեցիները եւս 3 անգամ (1993, 1994, 1999-ին) հանդես էին եկել եզրափակիչում ու պարտվել էին:
Գավաթի մրցաշարերում «Միկայի» եւ «Շիրակի» ճանապարհները նախկինում 5 անգամ են հատվել: Բոլոր դիմակայություններում էլ «Միկային» հաջողվել է հաղթահարել «Շիրակի» արգելքը ու մտնել հաջորդ փուլ: Հերթական հանդիպումը 10-րդն է: «Միկան» տոնել է 5 հաղթանակ, գյումրեցիներին հաջողությունն ուղեկցել է միայն 2 խաղում:
Ինչպես հայտնի է, գավաթի այս տարվա եզրափակիչը կայանալու է ապրիլի 29-ին Գյումրիում: Այդ օրը պաշտոնապես կվերաբացվի քաղաքային մարզադաշտը, որը շուրջ մեկ տարի վերակառուցվում էր: Ինչ խոսք, «Շիրակը» կձգտի այս անգամ հաղթահարելու «Միկայի» արգելքը ու սեփական հարկի տակ պայքարելու պատվավոր մրցանակի համար, որը դեռեւս չի նվաճել իր պատմության մեջ:
«Միկան» ներկայումս հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով է համալրված: Թիմից հեռացել են առանցքային ֆուտբոլիստներ Նարեկ Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Դոնգ Ֆանգժուն: Իսկ ահա «Շիրակը» համալրվել է լեգեոնականներով: Ամեն դեպքում այս թիմերի մրցավեճում էլ համառ պայքար է սպասվում: