ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն հայտնի են ՀՀԿ եւ «Ժառանգության» համամասնական ցուցակները (ՀՀԿ-ինը` մինչեւ 76 մարդ` 250-ից), ՀՅԴ-ն այսօր «Սիմոն Վրացյան» կենտրոնում է հրապարակելու իր ցանկը, «Օրինաց երկիրն» ու «ԲարգավաՃ Հայաստանը» իրենց համասնական ցուցակները հասարակությանը հայտնի կդարձնեն չորեքշաբթի, ՀԱԿ-ի ցուցակից դեռ լուր չկա: Երեկ ամենից քննարկվող թեմաները ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» համամասնական ցուցակներն էին, որոնք բավական կրքեր էին բորբոքել: Հատկապես ՀՀԿ-ի ցանկում, նախագահ Սարգսյանի` ՀՀԿ համագումարում հնչած եւ փոփոխությունների շունչ պարունակող ելույթի սպասումներով ՀՀԿ ցուցակը դիտողները այնտեղ մեծ փոփոխություններ չեն տեսել: Ցուցակը գլխավորում է ՀՀԿ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, նրան հաջորդում են Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանը, Հրանուշ Հակոբյանը, Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գագիկ Մինասյանը: Տարբեր քննարկումների պատճառ են դարձել Գագիկ Բեգլարյանի (10-րդ), Մանվել Գրիգորյանի (15-րդ), Սուրիկ Խաչատրյանի (Սյունիքի հանրահայտ մարզպետը) առաջադրումները: Նորությունը քաղաքական դաշտի մի շարք հնաբնակների ընդգրկումն է, որը նույնպես միանշանակ չի ընդունվում. Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Վահրամ Բաղդասարյան: Ընդգրկված են մարզպետները, ՀՀԿ-ական նախարարներ եւ փոխնախարարներ: Նորը` լրագրող Մարգարիտ Եսայանը (բավական անցողիկ` 25-րդ տեղում), ՄԻԱԿ-ի ջահելները, երգչուհի Շուշան Պետրոսյանը, կառավարության աշխատակազմի երիտասարդ ղեկավարն են: Այժմյան պատգամավորներից ոչ բոլորն են սկզբի անցողիկ համարվող տեղերում. սկզբում մեր նշածներից բացի` Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ճշմարիտյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Համլետ Հարությունյանը: Ներկա պատգամավորների մի մասը 100-րդ տեղի սահմանագծում են, որոնց հույսը գործադիրի եւ զանազան կառույցների տնօրենների` հետագայում նորից իրենց պաշտոններին գնալն է լինելու: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը այս կարգի հարցադրումներին ի պատասխան նշեց. «Հանրապետականըՙ որպես պահպանողական ուժ, հավիտենականի կողմնակից է, անկապ փոփոխությունների չի գնում:
Ցուցակում մարդիկ են ընդգրկված, ովքեր կարող են իրականացնել բարեփոխումների կուրսը: Լուրջ մեծամասնության է հավակնում ՀՀԿ-ն, բոլոր պատգամավորները լավ աշխատելու եւ լուրջ տոկոս հավաքելու դեպքում` շանսեր ունեն խորհրդարան անցնելու», ասաց նա: Ի դեպ, անդրադառնալով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ համագումարում ունեցած քննադատական ելույթին` Է. Շարմազանովը նշեց, թե Օսկանյանը անդամագրվել է մի ուժի, որը 5 տարի շարունակ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ է եղել ու առկա պրոցեսների պատասխանատուն է.«Եթե տեղյակ չէ, դահլիճից չեն հուշել, որ ինքը իշխանական կուսակցության է անդամակցել, պետք է տեղեկացնել», ասաց:
Սպասենք ՀՀԿ-ի առավել ամբողջական ցուցակին, մանավանդ որ Է. Շարմազանովն ասում էր, որ մինչեւ մարտի 21-ին ԿԸՀ ներկայացնելը` ամբողջական ցուցակում հնարավոր են փոփոխություններ, այն ժամանակ էլ համեմատելու բան կլինի:
«Ժառանգությունը» եւս հրապարակել է մեծամասնական կարգով առաջադրումների ցանկը եւ համամասնական կարգով 25 հոգուց բաղկացած մի ցուցակ, որը հատկապես «Ժառանգության» երկրպագուներից շատերին տխրեցրել է: Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանից հետո «Ժառանգության» հայտնի անուններն այս ցուցակում հայտնվել են «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հետ փոխնիփոխ, իսկ կան անուններ էլ, որոնք ընդհանրապես միանշանակ չեն ընդունվել, այդ թվում` ՄԶՄԿ նախագահ Թեւան Պողոսյանի (6րդ հորիզոնական), անկուսակցական բլոգեր Իզաբելա Աբգարյանի (9-րդ հորիզոնական) անունները: Բայց առավել անընդունելի է համարվել, որ «Ժառանգության»` արդեն կայացած պատգամավորները անցողիկ տեղերում չեն հայտնվել օրինակՙ Արմեն Մարտիրոսյանը (16-րդ հորիզոնական) եւ անգամ Ստյոպա Սաֆարյանը (8-րդ հորիզոնական), քանի որ ենթադրվում է, որ 6-7 մարդ հազիվ անցնեն խորհրդարան, Լարիսա Ալավերդյանը` 41-րդ: Ի դեպ, Ս. Սաֆարյանը եւ Ա. Մարտիրոսյանը երեկ աշխուժորեն հարցազրույցներ էին տալիս եւ չէին համաձայնում այս կարգի հարցադրումներին` հակադարձելով, որ այ, կտեսնեք, թե որքան տոկոս կհավաքի «Ժառանգությունն» ու որքան անցողիկ է 16-րդ տեղը, որ նորմալ եւ ընդունելի թեկնածուներ են այնտեղ ընդգրկված: «Ժառանգության» ցուցակի անցողիկ տեղերում են «Ազատ դեմոկրատներից» Խաչատուր Քոքոբելյանը, Ալիկ Արզումանյանը, նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանը, «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը 11-րդ հորիզոնականում է: «Ժառանգությունից» շատ անցողիկ տեղերում են Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը: «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, որն արդեն նախկին է, քանի որ հեռացել է կուսակցությունից, երեկ ասում էր, որ ցուցակն անտրամաբանական է կազմված: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե ցուցակի տրամաբանությունը մատնացո՞ւյց կանի: Մեծամասնական կարգով առաջադրվում են Ստյոպա Սաֆարյանը (թիվ 1 ընտրատարածք), Զարուհի Փոստանջյանը (թիվ 4), Արմեն Մարտիրոսյանը (թիվ 6), Ռուբեն Հակոբյանը (թիվ 9), Անահիտ Բախշյանը (թիվ 12), եւս երեք ժառանգական:
Ի դեպՙ «Ազատ դեմոկրատները» դեռ մտմտում ենՙ մնա՞ն ժառանգության ցուցակում, թե՞ առանձին գնան...