«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


ԻՐԱՆԸ ՇԵՇՏՈՒՄ Է, ՈՐ ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Քաղաքական, զուտ ներքաղաքական, նաեւ միջազգային հարթակներում ղարաբաղյան հարցի առնչությամբ հնարավոր տարածաշրջանային բոլոր խաղացողների, ինչպես ասում են, բերանը խոսք դնելու հարցում ադրբեջանական կողմը անցնում է բոլոր սահմանները, ինչն էլ որոշ պարագաներում տարբեր ներկայացուցիչների դրդում է կրկին ու կրկին հիշեցնել սեփական դիրքորոշումները ղարաբղյան հարցի առնչությամբ, որոնք աշխարհին ու ադրբեջանական հանրությանն աղավաղված են մատուցվում:

Թերեւս հենց այս առնչությամբ է Հայաստանում Իրանի դեսպանությունն անհրաժեշտ համարել առանձին հայտարարությամբ հանդես գալ, որտեղ, հաղորդագրության ոչ պաշտոնական թարգմանությամբ, «...եւս մեկ անգամ շեշտում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չի փոփոխվել, եւ հավատացած է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միմիայն երկխոսության միջոցով»:

Իրանի քաղաքականությունը բոլոր հակամարտությունների առնչությամբ, ըստ հաղորդագրության, «մշտապես հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա»:

«Մյուս կողմից, Իրանը, իբրեւ միակ երկիր, որը ընդհանուր սահման ունի հակամարտության գոտու հետ, իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում լարվածություն եւ որեւէ տեսակի բախում ստեղծելու կապակցությամբ», նշում է իրանական կողմըՙ ի հաստատումն ավելի վաղ արված հայտարարությունների, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4