Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդպես էլ նախապես հայտարարված այցելությունը չիրականացրեց Գերմանիա` տուն տանելու «Steiger Award» մրցանակաբաշխության մրցանակը: «Ազգն» արդեն ներկայացրել է, որ Գերմանիայի Հյուսիսհռենոսյան Վեստֆալե երկրամասի Բոխում քաղաքում մարտի 17-ին տեղի էր ունենալու, ինչպես եւ եղավ, մրցանակաբաշխություն` հանդուրժողականության, Եվրոպային համաքայլ շարժվելու գործում զգալի ձեռքբերումներ ունեցող անձանց, որոնց թվում «Եվրոպա» անվանակարգում նշվում էր նաեւ Էրդողանի անունը:
Սակայն Էրդողանին այդ մրցանակը բաժին չհասավ, ավելի ճիշտ` չհասավ հենց «Եվրոպա» անվանակարգով, այլ միայն որպես «գերմանա-թուրքական 50-ամյա բարեկամության խորհրդանիշ»: Իսկ անվանակարգի վերտառության փոփոխություններն էլ, ըստ թուրքական պարբերականների, կատարվել են Գերմանահայերի խորհրդի, Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) եւ ասորիների ճնշման տակ, մրցանակաբաշխության արարողությունից ընդամենը 1 օր առաջ:
Սակայն, պարզվում է, Էրդողանն ընդհանրապես որեւէ մրցանակ չի ստացել, քանի որ չի էլ մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը: Որպես թուրքական պաշտոնական բացատրություն այդ բացակայության ներկայացվել է մրցանակաբաշխության նախորդ օրը Աֆղանստանում ուղղաթիռի վթարի պատճառով թուրք զինվորների մահվան հանգամանքը: Ու թեեւ հասկանալի է, որ նման միջադեպը կարող էր փոխել Թուրքիայի վարչապետի ծրագրերը, սակայն ակնհայտ է նաեւ, որ անվանակարգի փոփոխությունն ունեցել է իր դերակատարությունը:
Այդ ամենում հաստատապես իր դերակատարությունն ու ազդեցությունն է ունեցել նաեւ Գերմանահայերի խորհրդի կազմակերպած բողոքի արտոնված ակցիան` հայերի, քրդերի, ալեւիների մասնակցությամբ, որին նախորդել էին բազմաթիվ նամակներ` վերանայելու մրցանակաբաշխության` Էրդողանին վերաբերող հատվածը: Ավելին, «Երկիր մեդիայի» կայքէջի տեղեկացմամբ, մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելուց հրաժարվել էր ոչ միայն մրցանակաբաշխության քաղաքը ներառող երկրամասի կառավարությունը:
Գերմանիայում բարձրացած այս դժգոհության` իշխանական օղակներում համակարծություն ունենալու հարցում զգալի դերակատարություն են ունեցել նաեւ մրցանակաբաշխության վայր ընտրված երկրամասում` 2008-ի փետրվարին Քյոլն, իսկ 2011-ի մարտին Դյուսելդորֆ քաղաքներում թուրքերի առջեւ Էրդողանի հայտարարությունները, թե ինքը նաեւ Գերմանիայի թուրքերի նախագահն է: «Հանդուրժողականության» համար մրցանակին հավակնող Էրդողանը հայտարարել էր. «Սովորեք գերմաներեն, սակայն մնացեք այն, ինչ կաք, կառուցեք երկիրՙ երկրի ներսում»:
Թուրքիային շատ բնորոշ, հատկանշական հայտարարություններ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ