«13000 դրամՙ 1 պարկ» ալյուրի գնի տարիներին հացը ՀՀ-ում ավելի ցածր գին ուներ, քան ներկայիս 11000 դրամի դեպքում
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Սեփական հացով ապահովվածությունը միշտ էլ մտահոգել է հայաստանցուն: Անգամ 1940-ին, երբ հացահատիկային կուլտուրաներ ցանվում էին ընդհանուր 440 հազար հա վարելահողերից 340 հազար հեկտարի վրա: Ցավոք, հեկտարից միջինը 6,5 ցենտներ հատիկի պայմաններում մոտ 200 հազար տոննա ցորենի ու գարու համախառն բերքը նվազագույնն էր ապահովում հացի զգալի սպառում ունեցող հայաստանաբնակների պահանջարկը: Հետպատերազմյան տարիներին արդեն մոսկովյան Գոսպլանը նպատակահարմար գտավ Արարատյան դաշտավայրում միրգ-բանջարեղենի աճեցումը, ՀՍՍՀ-ին անհրաժեշտ հացահատիկի քանակը նախատեսելով ապահովել առավել ընդարձակ տարածքներ ունեցող միութենական հանրապետությունների հաշվին: 1985-ին ՀՍՍՀ-ում հացահատիկային կուլտուրաներ ցանվել են ընդամենը 135 հազար հեկտարի վրա, միջինը 20 ցենտներ բերքատվությամբ: Նշված թվականին հանրապետությունում արտադրվել են 310 հազար տոննա հաց, 40 հազար տոննա հրուշակեղեն, 14 հազար տոննա մակարոնեղեն եւ ազգային լավաշ հացատեսակ, որը, ցավոք, չի հաշվառվել: Տարբեր պատճառներով հաց թխվում էր նաեւ տներումՙ սեփական կարիքների համար: Ունենում ենք 400 հազար տոննա հացամթերք, որի համար պահանջվում է մոտ 300 հազար տոննա ալյուր: 1985-ին պլանային տնտեսություն ունեցող ՀՍՍՀ-ում վերամշակվել է 395 հազար տոննա ալյուր, որի 150 հազար տոննան էր միայն սեփական արտադրության. ստացվում է, որ գրեթե այդքան էր կազմում նաեւ ներմուծվողը: Մասամբ լրագրողական մակարդակով արված այս հաշվարկները կարող են մոտավոր պատկերացում տալ արծարծվող խնդրի մասին:
Ներկայացված թվերը վերցվել են ՀՍՍՀ տարիներին տպագրված պաշտոնական տեղեկագրքերից, որոնցից պարզ է դառնում, որ հանրապետության 3,4 մլն բնակչության հացամթերքներով ապահովվածության 50 տոկոսը բավարարվում էր 70 հազար հա-ի վրա ցանվող ցորենի հաշվին: Ուրեմն ինչքանո՞վ են հիմնավոր անկախացումից հետո մինչեւ օրս հնչող որոշ պաշտոնյաների ու տնտեսագետների այն փաստարկումները, թե իրեն հազիվ 20-25 տոկոս սեփական հացով ապահովող ժողովուրդը կանխատեսելի խնդիրների առաջ է կանգնելու, եւ արդյոք մեր այսօրվա իրողությունը վկայում է այն բարձրաձայնողների օգտին: Փորձենք հարցին պատասխանել որոշակի համաշխարհային վիճակագրության օգնությամբ:
2011 թվականին Ռուսաստանի Դաշնությունում հավաքվեց 98 մլն տոննա հացահատիկ, երբ ՌԴ-ի բնակչության կրկնակիից ավելին ունեցող ԱՄՆ-ում նախորդ տասնամյակի յուրաքանչյուր տարում արտադրվել է հազիվ 60 մլն տոննա: Հարց տանք. ինչո՞ւ ամենուր իր գերազանցությունը հաստատող ԱՄՆ-ը նման քայլեր չի ձեռնարկում նաեւ այս ոլորտում, թեեւ ցորենի արտահանման 25-30 մլն տոննա ցուցանիշով համաշխարհային առաջատարն է:
Պարզ մի պատճառով. հացահատիկը չի դիտարկում որպես հիմնական ռազմավարական մշակաբույս, որը անհաջող ապացույց համարողների համար հավելենք, որ ասենք 200 մլն բնակչությամբ Բրազիլիան էլ արտադրել է ընդամենը 5 մլն տոննա հացահատիկՙ 1 բնակչի հաշվով հազիվ 25 կգ: Այս երկիրը 1 բնակչի հաշվով ունի 3000 քմ վարելահող, երբ ՀՀ ցուցանիշը 1500 քմ է, 1 բնակչի հաշվով հացահատիկի տարեկան արտադրությունըՙ 80-130 կգ: Կարող ենք այլ երկրներ էլ նշել, ուր բուսաբուծության ճյուղի բարենպաստության պայմաններում էլ 1 բնակչի հաշվով ցորենի տարեկան արտադրությունը չի հասնում 40-50 կգ-ի: Պատճառը բոլորովին էլ հացամթերքի նվազ սպառումը չէ, քանզի մեզ հայտնի նման երկրներից մեկը համարվող Ֆրանսիան իր յուրաքանչյուր քաղաքացու հաշվով պարբերաբար արտադրում է 600 կգ հացահատիկ: Մեր խորհրդային շրջանի տնտեսվարությունից եկող մի մոտեցում կա, ըստ որի երկիրը ինքնաբավ էր համարվում 1 բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկի արտադրության պարագայում. ամեն ինչ էր արվում 220 մլն տոննայի հասցված հացահատիկի արտադրությունը 300 մլն բնակչությանը համապատասխանեցնելու նպատակով:
ՌԴ-ում եւ Ղազախստանում հիմա էլ են շարժվում այս ուղղությամբ: Առաջինում 2010-ի 61 մլն տոննա հացահատիկը քիչ համարելովՙ ամեն ինչ արեցին անցած տարում բերքի ավելացման ուղղությամբ եւ ունեցան 98 մլն տոննա ցուցանիշ: Ղազախստանի 15 մլն բնակչության համար տարիներ շարունակ 15 մլն տոննա հացահատիկի արտադրությունը փաստ է, որը խնդիրներ է ստեղծում այն իրացնելու առումով. «Միր» հեռուստաընկերությունը օրերս անդրադարձավ միջինասիական շուկայում ցորենի գնի անկման խնդրին: Ի դեպ. հեկտարի միջին բերքատվությունը ՌԴ-ում արեւմտաեվրոպական կամ հյուսիսամերիկյան ֆերմերների ստացածին հասցնելու պարագայում այս երկիրը կարող է բավարարել ողջ աշխարհի հացի համար անհրաժեշտ ցորենի քանակը, բացառությամբ Չինաստանի, ուր 2009 թվականին 190 մլն տոննա բրնձի կողքին արտադրվել է 115 մլն տոննա հացահատիկ, 1 բնակչի հաշվով 1000 քմ վարելահողի պարագայում:
Համախառն բերքի առումով համանման վիճակ է Ավստրալիայում, ուր 2009-ին 21 մլն բնակչության համեմատ 21,5 մլն տոննա հացահատիկ է արտադրվել, երկիրը ցորենի արտահանման համաշխարհային դասակարգման ցուցակի 2-3-րդ տեղում է, մրցակցելով Կանադայի հետ: Հիշատակված բոլոր երկրները ընդարձակ վարելահողեր ունեն, որն էլ հացահատիկի մշակումը արդյունավետ գործ է դարձնում. համապատասխան տեխնիկա ունեցող հողի 1 աշխատողը ի զորու է հարյուրավոր հեկտարներ ցանել ու հնձել, ապահովել բարձր արդյունավետություն, թեեւ պետությունները չեն բացառում իրենց օժանդակությունը: Վերոհիշյալ պայմանները Հայաստանում հիմնականում բացակայում են, որոնց հետեւանքով էլ ինքնաբավության հասնելու մեր որոշումը թանկ հաճույք է դառնում: Արդեն որերորդ տարին ցորենի ու գարու սերմ է ձեռքբերվում եւ հատկացվում տասնյակհազարավոր շահառուների, որոնցից մեկը նախորդ տարում ցույց տալով իր մշակած դաշտըՙ նշեց աննախադեպ 65 ցենտներ բերքի մասին: Բայց լսած կամ տեսած չկանք, որ հացահատիկ մշակող որեւէ մեկն իր բերքն իրացնի: Լավագույն դեպքում այն վերամշակվում է գյուղական ալրաղացներում եւ օգտագործվում փոքր ու միջին բիզնեսի լավաշի թխման արտադրություններում: ՀՀ առեւտրային ցանցում մեծաքանակ թե մանրածախ վաճառվող ալյուրի ոչ մի պարկի կամ փաթեթի վրա չենք գտնի «արտադրված է հայրենական ցորենից» մակնշումը, քանզի նման բան չկա: Անգամ երբ հանրապետությունում 400 հազար տոննան գերազանցող հացահատիկի բերք է արտադրվել, որի 300 հազար տոննանՙ ցորեն, ՀՀ ցորենի ներկրումներում նկատելի նվազում չի արձանագրվել: Թե ինչ քանակ է կազմում ցորենից օղու ստացումը, անասնակերի նպատակով օգտագործելը, որեւէ մեկը ոչ հաշվում է, ոչ էլ կարող է ենթադրել:
Եվ հարցըՙ այս ոլորտին պետության ուշադրության արդյունավետության նպատակահարմարության մասին հնչում է ինքնաբերաբար: Հանրությունը այդպես էլ չի լսել նախորդ տարիների արվածի գնահատականը կապված պահուստային ֆոնդերի, հացով ապահովվածության աստիճանի փոփոխության, գնային խնդիրների եւ այլ առումներով: Փոխարենը մեզանում յուրաքանչյուր հերթական թանկացում կապվում է ցորենի համաշխարհային գնի բարձրացման հետ, որը շատ հաճախ, պարզվում է, տեղի չի էլ ունեցել, քանզի արտերկրներում գտնվող մեր հայրենակիցներն են վկայում, որ իրենց երկրներում վերջին 10-ամյակում հացի գնի այն բարձրացումը չի նկատվել, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Հարցերը խնդիրներ են դառնում, որոնց լուծումներն առայժմ նկատելի չեն: