«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ «ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ. ՀԱՅԵՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԸ»

Մարտի 19-ին Բեյրութում Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանի նորՙ «Հայացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի շնորհանդեսը: Շուրջ 500-էջանոց աշխատությունը, որի վրա հեղինակն աշխատել է ութ տարի, առաջինը հրատարակվել է արեւմտահայերենով եւ դասական ուղղագրությամբ: Ապրիլի առաջին օրերին Գյումրիում եւ Երեւանում կներկայացվի գրքի արեւելահայերն տարբերակը, իսկ աշնանը տպագրության պատրաստ կլինի նաեւ գրքի անգլերեն թարգմանությունըՙ ընդհանուր հինգ հազար օրինակ տպաքանակով:

Ներկայացնելով գիրքըՙ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց, որ հեղինակը «լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երեւան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը», կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաեւՙ բազմաթիվ անգամներ այցելել Արեւմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք եւ օտար դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Հեղինակի եւ գրքի մասին խոսք ասացին լիբանանահայ մտավորականներ, այդ թվումՙ Սարգիս Կիրակոսյանը, Տիգրան Ճինպաշյանը եւ Խաչիկ Տետեյանը:

Թաթուլ Հակոբյանի այս գիրքը կազմված է երեք մասերից: Առաջին տասը գլուխներում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի յոթ գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի տասնմեկ գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչեւ մեր օրերը: Գիրքը ունի նաեւ առաջաբան («Ամենատխուր պատարագը») եւ վերջաբան («Երկի՛ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաեւ հավելված, որտեղ ներկայացված են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված բոլոր փաստաթղթերը:

«Այս գիրքը ես սկսել եմ գրել իմ առաջինՙ «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի հետ գրեթե միաժամանակ: Եթե կուզեք, սա իմ առաջին գրքի շարունակությունն էՙ երկրորդ հատորը»,- Բեյրութում հավաքվածներին ասաց Հակոբյանը եւ ավելացրեց. «Եթե կարդացել եք իմ առաջին գիրքը, ապա խորհուրդ կտամ այս մեկը եւս կարդալ եւ սպասել նոր գրքերի»:

Թաթուլ Հակոբյանի առաջին գիրքըՙ «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր», 2008-ին տպագրվելուց ի վեր ունեցել է հայերեն երեք հրատարակություն, ինչպես նաեւ թարգմանվել է արեւմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն եւ թուրքերեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4