Սաուդյան Արաբիայի գերագույն հոգեւոր առաջնորդըՙ մեծ մուֆթի, շեյխ Աբդուլ Ազիզ բին Աբդուլլահը հայտարարել է, որ Արաբական թերակղզում գտնվող քրիստոնեական բոլոր տաճարները պետք է քանդվեն: Իր որոշումը նա հիմնավորել է Մուհամմեդ մարգարեի այն խոսքերով, թե Արաբիայում տեղ կա միայն մեկ կրոնի համար:
Հայտարարությունն արվել է Քուվեյթի «Իսլամական մշակույթի վերածնման ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության հարցմանն ի պատասխան: Կազմակերպությունը պահանջում է ընդունել այնպիսի օրենք, որը երկրում կարգելեր նոր եկեղեցիների կառուցումը:
Շեյխ Աբդուլ Ազիզ բին Աբդուլլահը սուննի մահմեդականների մեջ անառարկելի հեղինակություն է: Նա ոչ միայն իսլամի հայրենիքի մեծ մուֆթին է, այլեւ ուլեմների բարձրագույն խորհրդի ղեկավարը, ինչպես նաեւ ֆեթվաների հրապարակման հանձնախմբի նախագահը:
Ուստի նրա խոսքերը լրջորեն մտահոգում են Մերձավոր Արեւելքի բոլոր քրիստոնյաներին: Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի եւ տարածաշրջանի մյուս երկրների քրիստոնյաների կարծիքով, այդ հայտարարությունը կընկալվի որպես իրենց տաճարները ոչնչացնելու կոչ:
«Պատկերացրեք, որ Հռոմի պապը Իտալիայում գտվնող բոլոր մզկիթները ոչնչացնելու կոչ աներ: Դա կառաջացներ վրդովմունքի ալիք, քաղաքական գործիչների ճնշումներ, հրաժարական տալու կոչեր, գուցեեւ ավելի վատ բաներ», այս կապակցությամբ նշում է Jihad Wath կայքէջի հեղինակ Ռեհմոնդ Իբրահիմը: