Բաքվում լույս է տեսել նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի «Արտաքին քաղաքականության ադրբեջանական մոդելը» գիրքը: Այն տպագրվել է ընդամենը 300 օրինակով եւ ոչ թե «առանձին աշխատություն է, այլ` տարբեր հոդվածներից քաղվածքներ»:
Ըստ երեւույթին, «վատ օրինակն իրոք վարակիչ է»: Մինչ այդ Իլհամ Ալիեւի աշխատակազմից «հեղինակային իրավունքով» հանդես էր գալիս Ռամիզ Մեհթիեւը: Վերջերս «պատմագիտության» ասպարեզում նրան սկսել է մրցակցել Ֆուադ Ախունդովը: Ինչպես տեսնում ենք, նրանց «հասնել եւ անցնել է» փորձում Նովրուզ Մամեդովը:
Հետաքրքրականն այն է, որ այդ «աշխատություններն» առանց բացառության մի ուղղվածություն ունեն` Ադրբեջանը ներկայացնել իբրեւ «ունիկալ երկիր», նրա ժողովուրդը` «առանձնահատուկ հանրություն»: Հերթը հասել է արտաքին քաղաքականությանը, որն, ինչպես Նովրուզ Մամեդովի «աշխատության» վերնագիրն է հուշում, դարձյալ «մոդելային է»:
Կարող են առարկել, թե «մի գիրք չկարդացած, դրա մասին անհնար է կարծիք ասել»: Նովրուզ Մամեդովի անունով հրատարակվածն ունի այսպիսի ենթավերնագիր. «Առաջնորդի դերն արտաքին քաղաքականության մեջ»: Սա բավական է, որ պատկերացում կազմվի, թե ինչ «մոդելի» մասին է խոսվում:
Ամեն ինչ հավանաբար ենթարկեցված է իշխող գաղափարախոսության «գծին»: Այն է` «մինչ Հեյդար Ալիեւի վերադարձն Ադրբեջանը չուներ հստակ մշակված արտաքին քաղաքականություն, նա եկավ, երկրում հաստատեց կարգուկանոն, քաղաքացիական համերաշխություն, կանխագծեց ապագան, իսկ Իլհամ Ալիեւը հաջողությամբ իրականացնում եւ զարգացնում է «համազգային առաջնորդի» պատվիրանները»: Մոտավորապես սա է Նովրուզ Մամեդովի ասելիքը: Իհարկե, այդ գրքում խոսք կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Բայց դա չէ հիմնականը:
Հարեւան երկրում բոլոր պաշտոնյաներն ու իշխանության կերակրատաշտակից սնվողները լծված են մի ջանքի. ցույց տալ, որ Ադրբեջանն «անշեղորեն զարգանում է, հասարակությունը լիովին սատարում է Իլհամ Ալիեւին»: Ոմն Սարդար Ջալալօղլու, որ ներկայանում է իբրեւ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, օրինակ, ասում է, թե «հանրային շարժման սոցիալական հենարան չկա»: Եվ դա` Ղուբայում տեղի ունեցած եւ չմարող ցնցումների դեպքու՞մ:
Շաբաթասկզբին Իլհամ Ալիեւն այցելել էր մի քանի շրջան: Սալյանում նա զուտ «լենինյան» կարգախոս է հնչեցրել. «Լավ ապրելու համար պետք են լույս, ջուր, գազ եւ աշխատատեղեր»: Պարզվում է, 21-րդ դարում էլ «կենսունակ է Իլյիչի լամպի» թեման, եւ բնական գազ արտահանող Ադրբեջանի բնակչության մեծ մասը դեռ նոր պիտի «կապույտ վառելիք» ստանա՞: Այդպես է:
Օրերս համացանցում տեսահոլովակ էր տեղադրվել, թե ինչպես են Բաքվի` գեներալ Շիխլինսկու անվան պողոտայի բարձրահարկ շենքից մարդկանց տարհանում: Պատճառը բնական է` շենքը հայտնվել է սողանքի գոտում: Բայց որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տեսախցիկը որսացել էր շենքի բակից մի քանի էկզոտիկ կադր, դա ցնցող էր. մարդիկ բակերում հավ են պահում: Իսկ մայրաքաղաքի բնակիչն իրեն նման «շռայլություն» լավ կյանքից չէ, որ թույլ է տալիս:
Ըստ երեւույթին այդ պատճառով է, որ Նովրուզ Մամեդովի գիրքը տպագրվել է ընդամենը 300 օրինակով: Ադրբեջանի «անշեղ հաջողությունների» մասին պատմող այդ «աշխատությունը» լայն ընթերցողին չես ներկայացնի: Մարդիկ պարզապես կծիծաղեն: Իսկ նեղ-ներիշխանական շրջապատում կարելի է ամեն ինչ ասել: Լեզվի տակ, ինչպես ասում են, փուշ չկա: Մանավանդ երբ Նովրուզ Մամեդովը միայն պատվեր կատարող է:
Ինչո՞ւ ենք մտասեւեռվում մի չնչին գրքի վրա: Ոչ, բանավիճելու, հակառակը փաստարկելու նպատակ չունենք: Ընդամենն ուզում ենք նկատել տալ Ադրբեջանում «վերեւների եւ ներքեւների» միջեւ ահռելի խորխորատը: Դա այնքան ակնհայտ է, որ նախագահի աշխատակազմի բաժնի վարիչի «աշխատությունը» տպագրվում է «տնային օգտագործման» նպատակով: Այլ բան չես ասի. պաշտոնական տվյալներով 9 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրում արտաքին քաղաքականության «առանձնահատուկ մոդելի» մասին գիրքը 300 օրինակով տպագրելու փաստն ինքնին չափազանց բնութագրական է իշխանություն-հանրություն «սերտ կապի» համար: Այն նաեւ վկայում է, թե որքան «բարձր է առաջնորդի հեղինակությունը»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ