Հայտնի չէ, թե ով է Ռասիմ Մուսաբեկովի «գլուխը մտցրել», թե հայերն «սպասում են, որ Ադրբեջանը բարի կամքի ժեստ անի եւ բացի հաղորդակցությունները», սակայն այդ թեմայով նա մի ամբողջ «դասախոսություն» է հրապարակել (տեսhttp://news.day.az/politics/321820.html): Այազ Մութալիբովի նախկին օգնականը, որ իրեն քաղաքագետ է համարում եւ խորհրդարանի էլ պատգամավոր է, միապաղաղ կրկնում է նույնը. «Մինչեւ «օկուպացված տարածքները չազատվեն» (չակերտները մերն են- Վ. Ա.) Ադրբեջանը չի բացի հաղորդակցությունները»: Հասկացանք, ի՞նչ կարիք կա կրկնելու հազար անգամ ասվածը:
Պարզվում է, սակայն, որ Մուսաբեկովը «նոր ասելիք» ունի: «Եթե խոսքը վերաբերում է խորհրդանշական ժեստին, ապա ինչու ոչ, օրինակ լիովին հնարավոր է Բաքու-Թբիլիսի-Երեւան երթուղով թույլատրել «խաղաղության հատուկ գնացքի» անցումը` Ռուսաստանում ապրող` Հարավային Կովկասի մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ»: Բայց թե ի՞նչ պիտի անի «խաղաղության հատուկ գնացքը», Մուսաբեկովն այդ մասին կամ չգիտի, կամ չի ուզում ասել: Կամ ինչո՞ւ Ռուսաստանում ապրող մտավորականները պիտի «ճամփորդեն այդ գնացքով»: Բաքվում ապրող ադրբեջանցի մտավորականները երես չունե՞ն, թե՞ դա «արժանապատվությունից ցածր են համարում»:
Սա չէ, իհարկե, Մուսաբեկովի բուն «խայթոցը»: Յուրահատուկ խարդախամտությամբ, որ անհաջող թաքցված ցինիզմ է, նա շարունակում է. «Ենթադրում եմ, որ եթե Հայաստանում բնական կամ տեխնոգեն աղետի հետեւանքով առաջանա սարքավորումներ կամ մարդասիրական բեռներ տեղ հասցնելու անհրաժեշտություն, ապա Բաքվի արձագանքը կարող էր դրական լինել»:
Ամենանողկալի գաղափարն էլ, ինչպես տեսնում ենք, կարելի է «փաթեթավորել հանդուրժողականությամբ եւ մարդասիրությամբ»: Մուսաբեկովի ասածը` վկայություն: Այսինքն, Ադրբեջանում «սպասում են, որ Հայաստանում բնական կամ տեխնոգեն աղետ լինի, որպեսզի դրականորեն արձագանքեն սարքավորումների եւ մարդասիրական բեռների համար հաղորդակցությունները բացելու խնդրանքի՞ն»: Եվ այս որակի մա՞րդն է վերջում գրում. «Վստահության կամուրջները պետք է կառուցել երկկողմանի»:
Վ. Ա.