«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ

Անցյալ շաբաթավերջին աշխատանքային այցով Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա գլխավորած պատվիրակության կազմում էին ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ճարտարապետաշինարարական պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Այցի շրջանակում հյուրերը եղան Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղում, որտեղ տվյալ պահին տեղեկատվական համակարգերի օգնությամբ, ուղիղ ռեժիմով, դասախոսություն էր կարդում մայր բուհի հողաշինության մասնագետ դասախոսը: ՀՊԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը, շեշտելով Արցախում ագրարային կրթության ապահովման ռազմավարական նշանակությունը, տեղեկացրեց, որ մասնաճյուղը շուտով կտեղափոխվի Շուշի` ունենալով հարմարավետ մասնաշենքեր: «Լիահույս եմ, որ այն կդառնա տարածաշրջանի համար գյուղատնտեսական եւ ագրոպարենային ոլորտի համար մասնագետներ պատրաստելու կենտրոն»,- համոզմունք հայտնեց նա: Այն փաստը, որ այսօր մասնաճյուղում սովորում է ավելի քան 1300 ուսանող, ինչպես նշեց ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, արդեն իսկ վկայում է մասնաճյուղի կայացած լինելու մասին:

Պատվիրակությունն այնուհետեւ այցելեց Ստեփանակերտի թիվ 8 ավագ դպրոց, որտեղ գործում է նաեւ ՀՀ ԿԳՆ-ի ստեղծած տեղեկատվական դասարան: Միեւնույն ժամանակ, ԵՃՇՊՀ ռեկտոր Հ. Թոքմաջյանի նախաձեռնությամբ այստեղ բացվել է նկարչական լաբորատորիա: Այս անգամ ռեկտորը դասարանի համար բերել էր համակարգիչ, պրոյեկտոր եւ էկրան:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերել Արցախի կրթական համակարգին: Հիմնադրամի կողմից, մասնավորապես, տրամադրվել են տասնյակ լաբորատորիաներ, համակարգիչներ, դիդակտիկ պարագաներ: Ինչպես նշեց ԼՂՀ ԿԳ նախարարը, այդ ծրագիրը շարունակական է լինելու:

Հայաստանյան պատվիրակության այցելության հաջորդ վայրը Արցախի պետական համալսարանն էր: ՀՀ ԿԳ նախարարը, ելույթ ունենալով ներկաների առաջ, անդրադարձավ համակարգի բարեփոխումների ընթացքին: Ա. Աշոտյանի խոսքով, երկու հայկական հանրապետությունների միջեւ ստեղծված հարաբերությունները ձեւավորել են ընդհանուր կրթական տարածք, որտեղ խնդիրները նույնն են, ընդհանուր քաղաքականությունը` համադրելի: «Վերջերս Հայաստանում հանդգնություն ունեցա ասելու եւ ասում եմ նաեւ այստեղ` իրականացվող բարեփոխումներն այլընտրանք չունեն: Ես երեք տարվա ընթացում չեմ հանդիպել գեթ մի ընդդիմախոսի, մեկ քաղաքական ուժի ներկայացուցչի, մի մասնագետի, որը կարողանար մեկ ժամվա ընթացքում ապացուցել, որ իր դժգոհությունը ոչ թե տակտիկական է, այլ ռազմավարական: Հետեւաբար, մեր բռնած ճանապարհը իրականում անխուսափելի է ոչ միայն այն պատճառով, որ մենք բանիմաց ու խելոք մարդիկ ենք, որ հայտնվել ենք այս աշխատանքում, այլ այն, որ մենք ընդամենը փորձում ենք ճիշտ տեղայնացնել միջազգային լավագույն փորձը` պահպանելով կրթական ազգային ավանդույթներն ու դրանց վրա խարսխել արդիական կրթական համակարգի ստեղծումը»,- ասաց նա: Իսկ որպես իրականացված բարեփոխումների արդյունք` նախարարը մատնանշեց այն փաստը, որ ընթացիկ տարվա հունվարից Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության պարտականությունները, ինչը նշանակում է, որ առաջիկա երեք տարում Եվրոպայի ողջ տարածքում իրենք են համակարգելու բարձրագույն կրթական բարեփոխումների ընթացքը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4