Musavat.com-ը սենսացիոն լուր է հրապարակել: Հղում անելով միանգամայն վստահելի աղբյուրների, լրատվամիջոցը գրել է, որ Ադրբեջանի` եվրոպական երկրներից մեկում դեսպանը թղթախաղում տանուլ է տվել «իր ունեցվածքի մեծ մասը»` ժամանակին Բաքվում եւ մերձակայքում «ձեռք բերած մի քանի հեկտար հողեր»: Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության պաշտոնաթերթի մատուցմամբՙ առկա են դեսպանի հետ կապված շատ փաստեր, «որոնք դեռեւս ուսումնասիրվում են»: Ընդսմին, լրատվամիջոցի ասելով, այդ ամենն արվում է «դատավարության նախապատրաստվելու համար»: Միաժամանակ էլ, սակայն, musavat.com-ը հայտնում է, որ մոտակա օրերին այդ նյութերը կհրապարակվեն:
Արված ակնարկներից հասկանալի է դառնում, որ խոսքը նախկինում բավական ազդեցիկ պաշտոն զբաղեցրած մեկի մասին է, քանի որ «նրա հարազատները շոշափելի բիզնես ունեն, իսկ իր ունեցվածքը չի սահմանափակվում թղթախաղում կորցրածով»: Ո՞վ է այդ անձնավորությունըՙ հավանաբար հայտնի կդառնա առաջիկայում: Դա չէ խնդիրը: Ավելի բնութագրական է, որ հարեւան երկրում դիվանագիտական աշխատանքի են ուղարկվում խաղամոլներ: Ընդդիմությունն էլ մտահոգված է, որ «նմանները մի օր էլ տանուլ կտան երկիրը»:
Այստեղ է, որ հարկ է դառնում հիշել հայկական ասացվածքը. «Ջուրը եկել, ջրաղացն է տարել, սա չախչախն է փնտրում»: Չէ՞ որ Ադրբեջան պետության գլխին հայտնի խաղամոլ Իլհամ Ալիեւն է նստած: Չէ՞ որ նա իր «փառավոր կենսագրությունն» սկսել է Ստամբուլի խաղատներից: Չէ՞ որ «նմանը նմանին է գտնում»: Եթե մի պետություն արտաքին քաղաքականություն ասելով հասկանում է միայն «փող ծախսել եւ ձեւավորել ադրբեջանամետ մթնոլորտ», ապա ի՞նչ պիտի անի նրա դեսպանը: Երեւի «Խոջալուի ցեղասպանության ճանաչման համար» Իլհամ Ալիեւից ստացած մի քանի միլիոն դոլարն է դրել «շրջանառության մեջ»` հուսալով, որ ձեռք կբերի ավելին: Եվ կորցրել է:
Փույթ չէ, Իլհամ Ալիեւը հարուստ է: Եվ անպայման կմարի խաղընկերոջ պարտքերը, որպեսզի աղմուկն ավելի չտարածվի: Բայց դրանից ոչինչ չի փոխվի: Սխալվում է «Մուսավաթ»-ի պաշտոնաթերթը, երբ կարծում է, որ «դեսպանն է խայտառակում երկիրը»: Ադրբեջանը խայտառակվում է Իլհամ Ալիեւի նախագահությամբ, եւ նա է բոլոր արատների աղբյուրը:
Վ. Ա.