«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


ԲՀԿ-Ն ԺՈՂՈՎՐԴԻ ԼԱՅՆ ՇԵՐՏԵՐԻ ՎՐԱ՞ Է ՀԵՆՎԵԼՈՒ

Եթե նկատի ունենանք, որ վերջին համագումարներն առավել ցուցափեղկային նշանակության էին եւ փաստորեն ավելի շատ հնարավորությունների ցուցադրում էին, քան ինչ-որ գործնական հարց էին լուծում, ապա հանգիստ կարելի է ասել, որ «Ազատ դեմոկրատները» ցուցադրում էր արեւմտյան ձեւերին տրվելու պատրաստակամությունը (օպերային երգիչներով ներկայացված հիմն եւ այլն), ՀՀԿ-ն ցուցադրում էր իր վարչական ռեսուրսը (մարզպետներ, նախարարներ, համայնքապետներ եւ կուսակցական ուղղագիծ հիերարխիայի մյուս դեմքերը` որպես վարչական ռեսուրսի տիրապետողներ), ապա ԲՀԿ-ն իր ծավալապաշտական բազմամարդ համագումարով (7 հազարից ավելի մարդ էր մասնակցում, պատվիրակներն էլ 6 հազարից ավելի էին) ավելի շատ փորձում էր վարչական ռեսուրսին հակադրել ժողովրդային աջակցության ակնկալիքը: ԲՀԿ համագումարում մարզերից այնքան մարդ կար, ինչը ենթադրել է տալիս, որ ԲՀԿ-ն ընտրություններին տեղերում բավական գլխացավանք է պատճառելու ՀՀԿ-ին: Իսկ ՀՀԿ-ի համառությանը` սկանդալային մարդկանց եւս ներառելու կիրակի հրապարակված իր համասնական ցուցակի առաջին մասում, շուտով հակադրվելու է նոր մարդկանցով լցված ԲՀԿ ցուցակը գուցե, քանի որ հենց համագումարի դահլիճում երեւում էին այդ նոր մարդիկ: Իսկ խելամտորեն մյուսների ելույթներով քննադատության բաժինը կիսած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը այնքան կոշտ չէր, որքան որ մեր կայքերը ներկայացրին, սակայն հետագա ընտրարշավի մարտավարության որոշ տարրեր (ժողովրդական կապիտալիզմի մասին խոսելը, օրվա հերոս հասարակ մարդուն անվանելը) ու մյուս բոլոր ելույթների հետ հետագա մրցակցության ռեսուրսի ծիլերը պարունակում էր: Որպեսզի մերկախոս չլինենք` որոշ մեջբերումներ անենք, քանի որ ամբողջական ելույթներին, կարծում ենք, զանազան կայքերից եւ հեռուստատեսությունների ցուցադրումներից ընթերցողն ու ակնդիրը ծանոթացած կլինեն:

Իր ելույթում, նայելով իրականության երեսին, Գագիկ Ծառուկյանը արտագաղթը համարեց միջավայրի ու պայմանների բացակայության հետեւանք, նշելով, որ երկրում լրջագույն խնդիր է «ստեղծել համապատասխան պայմաններ, ընձեռել հնարավորություն, որ աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրում», աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի, պետք է արժանավայել կարողանա պահել ընտանիքը, երիտասարդներն իրենց ապագան պետք է տեսնեն հայրենիքում: Աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության խնդիրն, ըստ Ծառուկյանի, առայժմ չի լուծված, եւ առաջիկայում այդ խնդրին պետք է լուծում տալ, այլապես արտագաղթը եւ աղքատությունը կշարունակեն աճել: «Մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրի հարցադրումը, թե ինչպե՞ս կանգնեցնել արտագաղթի աղետալի գործընթացը, վստահ եմ, ունի հստակ պատասխան. պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր եւ լուծվի ամենակարեւոր խնդիրըՙ զբաղվածության խնդիրը»: Ծառուկյանը միջին եւ փոքր բիզնեսին աջակցելու կողմնակից է (սա նաեւ ԲՀԿ նախընտրական ծրագրի դրույթ է), մինչդեռ «փաստն այն է, որ մեզ մոտ փոքր եւ միջին բիզնեսը մնաց, բառիս բուն իմաստով, անտեր», մի մասը փակվեց եւ հեռացավ երկրից. «Մենք պետք է սկզբնական կապիտալիզմից անցնենք մարդկային կապիտալիզմի, այսինքն` ժողովրդական կապիտալիզմի, որի բարիքներից կօգտվեն ոչ թե ընտրյալները, այլ ողջ ժողովուրդը... հին մեթոդներով այլեւս լուրջ զարգացում չես կարող ակնկալել», ասաց` նշելով, թե բոլոր փոփոխությունների հիմքում պետք է լինի մարդը, նա պետք է լինի երկրի գլխավոր հերոսը. «Մեր երկրի գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկը, պաշտոնյան, այլ այն մարդը, ով բարիք է ստեղծում երկրի համար, մեր ժողովրդի համար»: Այս բոլորով հանդերձ ընտրությունների մասին խոսելիս ԲՀԿ առաջնորդը նշեց, թե հաջողության է հասնում այն երկիրը, ով կարողանում է համերաշխ մթնոլորտ ձեւավորել երկրի ներսում. «Մեր գլխավոր խնդիրն է երկրում հաստատել համերաշխության մթնոլորտ, ստեղծել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ, լսել միմյանց տեսակետն ու փաստարկները: Մեր երկրի ներսում մենք չպիտի փնտրենք թշնամիներ: Ես ուզում եմ հավատալ, որ մայիսի 6-ի ընտրություններից մենք դուրս կգանք ավելի՛ համախմբված, քանզի ես վստահ եմ, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու գերխնդիրը համախմբելու է քաղաքական ուժերի մեծ մասին: Ես կրկին հայտարարում եմ. երկիրն այս վիճակից դուրս բերելու համար մեզ անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա, լայն համախմբում»: Նա նշեց, որ առաջիկա ընտրությունները պետք է անցնեն ազատ ու արդար, սթափ մրցակցության մթնոլորտում` ընտրությունները լուրջ մարտահրավեր են երկրի համար: ԲՀԿ-ն հուսախաբ չի անելու իր ընտրողին, ընտրողի քվեն պաշտպանելու համար անելու է հնարավորը, իսկ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ԲՀԿ-ի հետ պատրաստ են պայքարել հանուն ազատ եւ արդար ընտրությունների` ԲՀԿ-ի դաշնակիցն ու գործընկերն են: Հետագա շեշտադրումներն արեցին արդեն մյուսները:

Վարդան Օսկանյանը , որի ելույթին հատկապես այս երեք օր է արձագանքում են ՀՀԿ-ից, նշեց, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունները երկրի ապագայի ընտրություն են եւ ճակատագրական են լինելու: Նա հատկապես անդրադարձավ 2 խնդրի` արտագաղթի ու Լեռնային Ղարաբաղի, որոնք նրա կարծիքով հետեւանքային կլինեն մեր առաջ ծառացած բոլոր մյուս խնդիրների համար: «Ինչո՞ւ են մարդիկ գնում (երկրից)», իր տված հարցին Օսկանյանը պատասխանեց` քանի որ կորցրել են հույսն ու հավատը երկրի ապագայի նկատմամբ: 2 մլն 871 հազար մարդ մարդահամարի նախնական արդյունքները նշանակում են, որ իջել ենք 3 մլն-ի հոգեբանական շեմը, եւ եթե առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ բարոյահոգեբանական իրավիճակը կտրուկ չփոխվի` ոչ հեռու ապագայում 2,5 միլիոնի շեմը կհատենք: Նա հակադրվեց այն մտայնությանը, թե ԼՂ խնդիր ունենալով` մենք մեզ ժողովրդավարության եւ լիակատար հանդուրժողականության շռայլություն չենք կարող թույլ տալ. հակառակը` քանի որ Ղարաբաղի խնդիր ունենք, պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը եւ ԼՂ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելու համար Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է ժողովրդավարացման չափանիշներով համեմատելու եզրեր չունենան Ադրբեջանի հետ: Չմանրամասնենք` «Կենտրոնով» եւ այլ ալիքներով հազար անգամ ցուցադրեցին:

Օսկանյանից հաջորդ շեշտադրման պասը վերցրեց ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը . եվրոինտեգրումը ժողովրդավար ու բարգավաճ երկիր կառուցելու ամենանպաստավոր ուղին է, այդ ճանապարհին մայիսյան ընտրություններըՙ լուրջ փորձություն: Ոչ թե իմիտացիոն, այլ իրական ինտեգրացիա պետք է լինի մեր ձգտումը, ընտրությունների արդյունքները` վստահելի ու ընդունելի պետք է լինեն հանրության համար, այլապես ամեն ինչ կդառնա քվազիեվրոպական շղարշ: Այնպես որ, ըստ Զոհրաբյանի, երկրի զարգացման եւ առաջընթացի առումով մեզ բեկումնային ընտրություններ են պետք:

Հետաքրքրական էին «Հեռանկար ծրագրեր»-ի տնօրեն Վահե Հովհաննիսյանի եւ նույն ծրագրի մեկ այլ պատասխանատու Էլինար Վարդանյանի ելույթները: Հատկապես հետաքրքրական էր Վ. Հովհաննիսյանի ընդդիմադիր շեշտադրումներով կառուցված խոսքը, թե պետությունը չի կարող մշտապես անցումային շրջանում լինել, քաղաքացին անպաշտպան է եւ պետության գործընկերը չէ, վախենում է իր ոստիկանից, բանակից, դատարանից, հարկային-մաքսային մարմիններից, պետական մարմիններից: Նա ասում էր, թե անհրաժեշտ է էապես վերանայել Հայաստանի կառավարման գերկենտրոնացած մոդելը, Հայաստանի քաղաքացին պետք է իրեն երկրի տեր զգա:

ԲՀԿ համագումարը հետաքրքրական էր նաեւ նրանով, որ նախագահ Սարգսյանը, նրա հետ էլ հրավիրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչները (ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն»` քանի որ նստած էին նախագահ Սարգսյանի հետ մեկ օթյակում) մնացին մինչեւ վերջ ու լսեցին բոլոր ելույթները: Հավանաբար ՀՀԿ ղեկավարն անձամբ էր ուզում համոզվելՙ ի՞նչ եւ ինչպիսի՞ շեշտադրումներով են խոսում բոլոր ԲՀԿ-ականները:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4