Մինչ լրատվամիջոցների, կուսակցականների եւ անկուսակցական պաշտոնյաների ուշադրության կենտրոնում ընտրացուցակներն են, ու մինչ շատերը սրտատրոփ սպասում էին թեկնածուների անուններին, բայց ոչ այնքան այն պատճառով, որ որեւէ մեկի անձի հետ կապում են երկրի բարեկեցիկ ապագան, բնակչության հիմնական մասն ապրում է օրվա հոգսերով եւ, որ ամենացավալին է, ապագայի հանդեպ անորոշության ցգացումով:
Որեւէ վատ բանին մարդն ունակ է հարմարվելու, լավին` առավել եւս, սակայն անորոշությունը մարդու գիտակցականն ու ենթագիտակցականն ուղղում է իրար դեմ, եւ ժամանակի ընթացքում մաշում հոգեկան աշխարհը: Մեր հասարակության զգալի զանգվածներն ապրում են հենց նման անորոշության մեջ, ինչի հետեւանքով ավելանում ու երիտասարդանում են փսիխոսոմատիկ հիվանդություններն ու նեւրոզները:
Եվ մինչ պատգամավորական մանդատների համար թեկնածուների եւ կուսակցությունների մրցապայքարը դարձել է մամուլում եւ պաշտոնական շերտերում բուռն քննարկման թեմա, անորոշության մեջ ապրող հասարակությանը հուզում են առօրյա հոգսերը, առողջությունը, բուհերի առաջիկա ընդունելության քննությունները, թանկացումները եւ այլն... սակայն ոչ ընտրությունները, իսկ ոմանց հետաքրքրում են` օրինակ, սերիալները. «Գեներալի աղջկա» ճակատագիրը, «Դժվար ապրուստի» լացուկոծը, որոնք կարծես հիպնոսացրել են լսարանին, եւ այդ լսարանն էլ, կարծես, մի տեսակ «հաճույք» է ստանում դժբախտ սյուժեներից:
Տառապանքի ու դժբախտության մասին պատմող հայկական սերիալների հանդեպ հասարակության հետաքրքրությունը հիշեցնում է ծանոթ մի հոգեբանի բնորոշումը, թե հայերս մազոխիստ ազգ ենք. «Մեզ ցավ ենք պատճառում ու դրանից մեզ լավ ենք զգում»: Հայկական սերիալների հանդեպ հետաքրքրությունը թերեւս այլ կերպ բացատրել հնարավոր չէ: Այնպիսի հետաքրքրություն, ինչպիսին բնավ չի դրսեւորվում սպասվելիք ընտրություների առումով:
Իսկ սեփական հարցուփորձից հետո ավելի թերահավատ ես դառնում հրապարակվող սոցիոլոգիական հարցումների հանդեպ, թե ո՞ր կուսակցությունը կհաղթի, ո՞րը քանի՞ ձայն կհավաքի: Օրինակ` Մանկավարժական համալսարանի մոտ մի քանի ուսանողների հարցրի` արդյոք տեղյա՞կ ենՙ ե՞րբ են լինելու Ազգային Ժողովի ընտրությունները, ո՞ւմ կուզենան որպես պատգամավորի տեսնել խորհրդարանում:
Պարզվեցՙ ուսանողները լավ էլ իրազեկ են նախընտրական աժիոտաժին, օրն էլ գիտեն, թեկնածուների անուններն էլ, սակայն դեռ չգիտենՙ կգնա՞ն ընտրության, թե՞ ոչ, նույնիսկ ավելի անորոշ հարցադրումով պատասխանեցին` արժե՞ գնալ:
Թեեւ այս երիտասարդների համար միեւնույնն է` ո՞վ կընտրվի, բայց դա չի նշանակում` միեւնույնն է, թե ինչպիսի երկրում են ապրելու:
Ներկայումս երիտասարդ ակտիվիստների հետեւողական պայքարը հանուն կանաչ տարածքների եւ կամքի համառ դրսեւորումը հապացույց փաստի, որ իրականում հենց իրենք են այս քաղաքի տերը, ուրախալիորեն հույս են ներշնչում` թեեւ ոչ այս տարի, բայց տարիներ անց ունենալու ենք այնպիսի խորհրդարան, որը ոչ թե դառնալու է այս քաղաքի տերն ու իշխելու նրան, այլ իրականում ծառայելու է քաղաքին ու նրա բնակիչներին:
Ուստի ասել` ոչինչ դեպի լավը չի փոխվում, սխալ կլինի: Փոխվում է, բայց քայլ առ քայլ, նույնիսկ ավելի դանդաղ, դրա համար էլ արդյունքները հաճախ նկատելի չեն: Թեպետ դանդաղ փոփոխությունն էլ հուսադրող է:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ