«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔԸ` ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Վերջին մեկ տարում հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները նկատելի ազդեցություն ունեցել են Հայաստանի գործարար միջավայրի եւ բիզնես վարելու վրա: Փաստաթղթաբանությունը զգալիորեն նվազել է, հաշվետվություններըՙ կրճատվել: Կատարված բարեփոխումների մասին բազմիցս ենք գրել մեր թերթում, բայց դա չի նշանակում, թե վերացվել են այստեղ եղած բոլոր անհեթեթությունները կամ արդեն կատարված փոփոխությունները բացառապես դրական են եղել: Երկու օրինակ բերենք:

Առաջինը հասույթի եւ առաքման գրքերի վերացման մասին կառավարության որոշումն էր, որն ուրախությամբ ընդունեցին Հայաստանի գործարար շրջանակները: Այս գրքերն, ըստ էության, նրա համար էին, որ հարկային տեսչության աշխատակիցները դրանցում ինչ-ինչ սխալներ փնտրեին եւ տուգանեին կամ կաշառք վերցնեին տվյալ ընկերությունից: Թվում էր, թե դրանք վերացան եւ հարցը լուծվեց, բայց իրականում այդպես չէ: Եթե հասույթի գիրքն արդեն վերացվել է ու դրա փոխարեն պետեկամուտների կոմիտեն միայն հիմք է ընդունել հաշիվ ֆակտուրաները կամ էլեկտրոնային գրանցումները, ապա առաքման գրքույկի դեպքում պատկերն այլ է: Իրականում այդ գրքույկը ոչ թե վերացվել է, այլ փոխարինվել նոր գրքույկով: Ընդ որում, եթե նախկինում նման գիրք պահելու պարտավորություն ունեին միայն ավելացված արժեքի հարկի դաշտում գործող ընկերությունները, ապա այժմ բոլոր տնտեսվարողները, որոնք ապրանքների առաքմամբ են զբաղվում: Մասնավոր ընկերությունների հաշվապահների կարծիքով, նոր առաքման գրքերը առավել բարդ են եւ կարող են անհարկի տուգանքների տեղիք տալ:

Երկրորդը , այսպես կոչված, դրամարկղային գրքույկի խնդիրն է, որը ոչ մի կերպ չի լուծվում: Այս գրքույկը նախատեսված է կանխիկ գործարքներն արձանագրելու համար, բայց անհասկանալի է, թե ի՞նչ խնդիր է լուծում: Եթե գործարարը պարտաճանաչ հարկատու է եւ կանխիկ գործարքներն իրականացնում է հաշիվ-ֆակտուրաներով, ՀԴՄ կտրոններով կամ այլ փասատթղթերով, դրանք պահում է իր գրասենյակում որպես փաստաթղթային հիմք, ապա դրամարկղային գրքի անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Եթե գործարարն անպարտաճանաչ է եւ ձգտում է հնարավորինս շատ լինել ստվերում, կանխիկ գործարքներն իրականացնում է առանց փաստաթղթերի եւ հետեւաբար առանց դրամարկղային գրքում գրանցելու, ապա այդ դեպքում եւս դրամարկղային գրքի անհրաժեշտությունն անիմաստ է դառնում: Այսինքն, դրամարկղային գիրքն ավելորդ բեռ է պարտաճանաչ գործարարի համար եւ ոչինչ չբացահայտող գործիք` անպարտաճանաչ գործարարի դեպքում: Այս գիրքը հատկապես հավելյալ խնդիրներ է ստեղծում փոքր բիզնեսի համար, որոնք այն լրացնելու համար պարբերաբար պետք է հաշվապահ հրավիրեն, վճարեն դրա համար: Դրամարկղային գրքի վերացման անհրաժեշտության հարցն անձամբ բարձրացրել ենք ե՛ւ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի, ե՛ւ բարեփոխումների խումբը ղեկավարող էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի, ե՛ւ այս ոլորտին առնչվող այլ պաշտոնյաների առջեւ, նրանք բոլորն էլ համամիտ են եղել մեզ հետ, բայց դա ոչ մի բան չի փոխել: Դրամարկղային գիրքը շարունակում է մնալ որպես հարկային վարչարարության անհեթեթության հուշամատյան:

Գուցե մեր հրապարակումից հետո այս խնդիրները լուծվե՞ն, եւ մեր պաշտոնյաները չսահմանափակվեն միայն դրանց գոյությանը համաձայնելով կամ չսպասեն մինչեւ անպայման վարչապետը դրանց մասին խոսի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4