«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Շիրակի մարզի «Նոր կյանք» գյուղի բնակիչ Հակոբյանների 6 անձից բաղկացած ընտանիքն իր վիճակն ու տան պայմաններն անվանում է ոչ թե ծանր, այլ ծայրահեղ ծանր: Որդին մահացել է 7 տարի առաջ, ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում: Տան միակ եկամուտը ծերերի կենսաթոշակն ու աղքատության նպաստն են, որ կազմում են 70.000 դրամ: Հակոբյանների ընտանիքի վիճակը դարձավ անհուսալի, երբ փետրվարին այրվեց տան տանիքը: «Հարեւաններս եկան, հրշեջները եկան, բայց արդեն ամեն ինչ վառվել էր, հնարավոր չեղավ ինչ-որ բան փրկել», ասում է 72-ամյա Իզոլդա Հակոբյանը :

Ձմռան ցրտին ընտանիքը մնացել է առանց տանիքի: Տան պատերը խոնավ են, տանիքից ջուրը կաթում է: Հակոբյաններին դժվար պահին ձեռք են մեկնել հարազատներն ու գյուղապետը: Դպրոցի խորդանոցում չօգտագործվող փայտերը տվել են տանիքի վերանորոգման համար, սակայն օգնությունը բավարար չէ: «Տանիքը ես ու երկու թոռներս ենք կապել, բայց շիֆերի հարցը շատ լուրջ է, չգիտենք` որտեղից պետք է ճարենք», ասում է 77-ամյա Հակոբ Հակոբյանը :

«Գարունը եկավ, տանն ապրել չի լինի: Մեր մոտ տարին վեց ամիս ցուրտ է, անձրեւներ, սառնամանիք, էս խոնավ, ցուրտ տանը ո՞նց երեխա պահեմ: Տատիկի հոդերն են ցավում, փոքրիկ աղջիկս ծանր թոքաբորբ տարավ, տղաներն անընդհատ հազում են: Կյանք չկա, ի՞նչ կյանք, որ մարդու գլխին ջուրը կաթի, ո՞նց պետք է լինի նրա կյանքը: Ննջարանում անկողինը խոնավ է, թաց: Էս պայմաններում ո՞նց երեխա մեծացնես», ասում է հարսը` Կարինե Հակոբյանը :

Նրա ավագ որդին` Արթուրը, 8-րդ դասարանից դպրոցից դուրս է եկել, օգնում է պապիկին, տան դիմացի հողակտորն են մշակում, բայց վերջին 2 տարին անհաջող էր, օգուտը` քիչ, վնասը` շատ, եղանակային պայմաններն էլՙ ի վնաս գյուղացու: Հոկտեմբերին Արթուրը կգնա բանակ «Նպաստից 20.000 դրամ կզրկեն, էդ ժամանակ ո՞նց ենք ապրելու, ի՞նչ ենք անելու, չգիտեմ: Օգնեք մեզ, ի՞նչ ասեմ, ուրիշ խոսք չունեմ ասելու: Օգնեք, մի տեղ տեղավորեք, մի հավաքարարի գործ տվեք` աշխատեմ: Ախր էս գյուղում ոչ մի աշխատանք չկա, ոչինչ չկա: Արթիկն էլ հեռու է, էնտեղ էլ աշխատանք չկա», ասում է նա:

Հակոբյանների ընտանիքը դիմել է Արթիկի պատգամավոր Մխիթար Վարագյանինՙ տանիքի հարցը լուծելու խնդրանքով, բայց «համարյա մերժվել ենք: «Այո» չասաց, բայց «ոչ» էլ չասեց ու մենք էսպես մնացինք...», ասում է Կարինեն:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Նոր Կյանք գյուղ, Շիրակի մարզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4