«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


ՍՈՒՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԼԵՅՍԹԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՇԱՏ ԶԳԱՅՈՒՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ»

Այս տարվա փետրվարի սկզբին բրիտանական Լեյսթերի համալսարանի Իրավունքի դպրոցը (Leicester University Law School) հայտարարություն էր տարածել Խոջալուի 1992թ փետրվարի դեպքերը ուսումնասիրելու համարՙ հրավիրելով երկու հետազոտողների Հայաստանից եւ Ռուսաստանից: Նախօրեին «Ազգ» օրաթերթի հետ կապ է հաստատել քաղաքագետ Սուրեն Մովսիսյանը, որը դիմել է այս ծրագրին, սակայն իրեն մերժել ենՙ նույնիսկ առանց հարցազրույցի հրավիրելու:


- Պրն Մովսիսյան, նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեզ հետ կապվելու համար: Իմ առաջին հարցը. ինչպե՞ս եք Դուք տեղեկացել Լեյսթերի համալսարանի Իրավունքի դպրոցի առաջարկած այդ «Խոջալուի ծրագրի» վերաբերյալ:

- Որպես Լեյսթերի համալսարանի շրջանավարտ, ես սովորաբար կարդում եմ այդ բարձր համբավ ունեցող համալսարանի կայքէջըՙ նորությունների եւ աշխատանքի հնարավորությունների համար: Ես իրոք շատ զարմացա, երբ հանդիպեցի Խոջալուի հետազոտական ծրագրի մասին հայտարարությանը, եւ շատ հետաքրքրվեցի ծրագրի մեջ ներգրավվելու համարՙ հիմք ունենալով իմ աշխատանքային փորձը եւ հետազոտություններիս ուղղվածությունը: Եվ, հավաքելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դիմեցի մինչեւ վերջնաժամկետի ավարտը:

- Ահա այդ մասին էի ուզում հարցնել նաեւ հիմա: Փաստորեն դիմե՞լ եք: Արդյո՞ք գիտեք նաեւ այլ հայ գիտնականների, ովքեր դիմել են այս ծրագրին: Որեւէ մեկը ընտրվե՞լ է այս ծրագրի համար ի վերջո:

- Այո, ես իհարկե դիմել եմ, բայց չգիտեմՙ այլ դիմումատուներ կան, թե՞ ոչ: Ինչեւէ, որեւէ այլ գիտնականի կմաղթեի հաջողություններ իր դիմումի ընդունման գործում, քանի որ ես ինքս մերժման մասին նամակ եմ ստացել մարտի 9-ին: Մերժվել եմ նույնիսկ առանց որեւէ հարցազրույցի, ինչը իրոք շատ տարօրինակ է, քանզի ես բավական լայն հետազոտական փորձ ունեմ, եւ, ինչպես արդեն նշեցի, Լեյսթերի համալսարանի շրջանավարտ եմ: Ես կարծում եմ, որ այսպիսով Լեյսթերի համալսարանը ներքաշված է քաղաքականապես զգայուն հետազոտական ծրագրի մեջ:

- Ինչպիսի՞ն է ծրագրի նկարագրությունը: Ինչպե՞ս կարող եք գնահատել դրա գիտական արժեքը:

- Ինչպես ասացի, ես ծրագրի մասին հայտարարությունը կարդացել եմ Լեյսթերի համալսարանի կայքում, ապա գտել եմ նույն ծրագրի նկարագրությունը եւ մասնակցության հրավերը բրիտանական jobs.ac.uk կայքում: Մինչ կարդում էի Խոջալու ծրագրում հետազոտող-օգնականի (Research Assistant) աշխատանքի հրավերը, նկատեցի մի շարք բացեր, որոնք, իմ կարծիքով, հակասում են ակադեմիական հետազոտական ծրագրի ոգուն եւ բնույթին: Բայց նույնիսկ հաշվի առնելով սաՙ ես դիմեցի այդ ծրագրինՙ նպատակ ունենալով իմ գիտելիքներով եւ փորձով ներդնել իմ համեստ ավանդը եւ հավելյալ արժեքը այդ հետազոտական ծրագրում:

Նախ եւ առաջ, ծրագրի նկարագրության մեջ բացակայում էր «նպատակը»: Ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել որեւէ հետազոտություն առանց իր նպատակների նկարագրության: Ինձ թվում է, որ այդ հետազոտության առարկան, որը մի քանի տողով էր գրված միայն, նպատակ է հետապնդում շեղելու հանրության եւ դիմումատուի ուշադրությունը հենց «նպատակի» նկարագրության բացակայությունից: Ավելին, հետազոտության հայտարարությունը, ի դեպ, չէր ենթադրում Ադրբեջանից որեւէ գիտնականի ներգրավում, ինչը հույժ կարեւոր է հետազոտության համար, հաշվի առնելով այն փաստերը եւ պնդումները, որ Ադրբեջանի բարձրաստիճան առաջնորդները մեղքի իրենց բաժինն են ունեցել այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել 1992-ի փետրվարին: Ի դեպ, չմոռանանք, թե ինչ պատահեց Բաքվում այդ իրադարձություններից մեկ շաբաթ անց. ես նկատի ունեմ նախագահական պալատում իշխանափոխությունը 1992-ի մարտի սկզբին: Այժմ չէի ուզենա խորանալ այն պատմության մեջ, որը նախորդեց եւ ապա հաջորդեց Խոջալուի այդ անորոշ իրադարձություններին, բայց վստահ եմ, որ կողմնակալ, անկատար եւ զգալիորեն քաղաքականացված հետազոտության արդյունքները անընդունելի են որեւէ հարգված ակադեմիական հաստատության համար:

Պարզ է, որ հետազոտական աշխատանքը պետք է լինի օբյեկտիվ եւ գիտականորեն հստակ, որպեսզի դրա արդյունքները լինեն առանց կողմնակալության եւ ծառայեն օբյեկտիվության նպատակին: Օբյեկտիվությունը լինում է այն դեպքում, երբ հետազոտությունը անաչառ է, երբ անձնական կողմնակալությունը մի կողմ է դրվում, եւ կոնկրետ այս դեպքում նկատի ունեմ, որ երկու անկախ գիտնական պետք է հնարավորություն ունենան նույն հետազոտությամբ ստանալու նույն արդյունքը: Այս դեպքում ես շատ կասկածամիտ եմ այս առանձին վերցված ծրագրի արդյունքների հարցում, մինչդեռ միջազգային հանրությունը պետք է իմանա, թե ինչ է իրականում եղել Խոջալուում 1992-ի փետրվարին եւ ինչու:

- Այսպիսով, սա քաղաքականապես բավականին զգայուն ծրագիր է թվում, այնպես չէ՞: Եվ եթե այո, արդյոք կողմնակալության դրսեւորում չէ՞ Լեյսթերի համալսարանի Իրավունքի դպրոցի կողմից նման տիպի հետազոտության նախաձեռնությունը:

- Իհարկե: Սա քաղաքականապես զգայուն հարց է, քանի որ վերաբերում է Ադրբեջանի ներքաղաքական իրադարձությունների շատ դժվար մի շրջանի, որի մասին ես հակիրճ խոսեցի արդեն: Սա վերաբերում է նաեւ Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ հենց Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությանը: Ես կասկածում եմ, որ այս ծրագիրը նախաձեռնված է հենց Իրավունքի դպրոցում, որպեսզի դրա արդյունքները իբրեւ տեղեկատվական քարոզչության մեջ հավելյալ գործիք օգտագործվեն եւ հակահայ ատելության ու պատերազմի քարոզի կառուցմանը օժանդակեն: Ցավոք, Լեյսթերի համալսարանը, լինելով զուտ ակադեմիական հաստատություն իր ճանաչված հետազոտական կենտրոններով, այսպիսով դառնալու է նենգափոխումների հարթակ, ինչը շատ բացասականորեն ազդելու է համալսարանի համբավինՙ իբրեւ Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարաններից մեկի: Ես իսկապես ցավում եմ, որ Լեյսթերի համալսարանը, որը ես համարում եմ իմ Alma Mater, եւ ինձ հպարտորեն ներկայացնում եմ դրա շրջանավարտ, ներքաշված է նման կասկածելի հետազոտության մեջՙ ակնհայտ եւ զուտ ոչ գիտական նպատակներով:

- Ինչ որ բան կցանկանայի՞ք ավելացնել:

- Ես կցանկանայի, որ որեւէ հայ գիտնական այստեղ ներգրավված լիներ, որպեսզի այն դարձներ ավելի քիչ կողմնակալ եւ խոցելիՙ ծրագրի մեթոդաբանության, մոտեցումների, վերլուծության եւ փաստերի հավաքման հարցերում: Ափսոսում եմ, որ իմ դիմումը մերժվել է, եւ այժմ չունեմ այլ ընտրություն, քան սպասել այս սուտ եւ ոչ գիտական հետազոտության արդյունքների հրապարակմանը: Ավելին, ես պատրաստվում եմ բոլոր հնարավոր հարթակները օգտագործելՙ խոսելու այս թյուր եւ թերի հետազոտության մասին: Ես տեղեկացրել եմ դոկտոր Փոլ Բեհրենսին, որն այս ծրագրի ղեկավարն է (ինչպես նշված է Իրավունքի դպրոցի կայքէջում), այս կողմնակալ մոտեցումը ուժգնորեն քննադատալու իմ մտադրության մասին, եւ ես հույս ունեմ, որ այս ծրագիրը քննադատություն կստանա միջազգային գիտական հանրությունից նույնպես:

Հարցազրույցը` Հ. ՍԵՄԵՐՋՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4