Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական մրցույթ է եւ այն անցկացվեց մարտի 18-ին առաջին անգամ: «Ազգը» անդրադարձել է «Հայակ» մրցանակաբաշխությանը եւ նպատակներին, որը կոչված է աջակցելու վաստակավոր եւ երիտասարդ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական որոնումներին, հասարակության կյանքում վերականգնելու եւ մեծացնելու կինոյի դերն ու նշանակությունըՙ խթանելով մեր երկրում կինոարտադրությունը: Անդրանիկ «Հայակը» ընդգրկել է վերջին 20 տարիներին ստեղծված աշխատանքները, որոնցից 12-ը տարբեր անվանակարգերում արժանացան լավագույնի կոչման, ստացան «Հայակ» արձանիկը, դիպլոմ, եւ նվեր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Հայակ» մրցանակաբաշխության նախագահ Գեւորգ Գեւորգյանը հանդիսավորությամբ ազդարարեց անդրանիկ ազգային կինոյի «Հայակ-2012»-ի մրցանակաբաշխության բացումը եւ որպես հարգանքի տուրք, հայ ազգային կինոյի զարգացմանը իրենց ներդրումը բերող արվեստագետների առաջին «Հայակ»-ները հանձնեց ՀՀ ժող. արտիստ Սոս Սարգսյանին , անվանի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին , Արտավազդ Փելեշյանին , Արման Մանարյանին , կինոօպերատոր Լեւոն Աթոյանցին եւ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային :
Հայ կինոն 80 տարի բարդ ու դժվարին ճանապարհ է անցել, բայց, այնուամենայնիվ, թողել է շատ արժեքավոր ֆիլմեր, որոնք առ այսօր բոլորիս սիրելի են մնացել: Անկախության դժվարին տարիներին նույնպես ստեղծվել են ֆիլմեր, որոնցից 103-ը ներկայացվել էր մրցանակի: Եվ այսպես, լավագույն խաղարկային ֆիլմ մրցանակի արժանացավ «Ձայն բարբառոյ» (ռեժ. Վիգեն Չալդրանյան , 1991 թ.): Լավագույն ռեժիսորՙ Հարություն Խաչատրյանը «Սահման» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի ճանաչվեց Աննա Էլբակյանը Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ լավագույն դերասան մրցանակը շնորհվեց Միքայել Պողոսյանին «Երեւան ջան» ֆիլմում կերտած Հաբեթի կերպարի համար: Լավագույն սցենարի հեղինակներ ճանաչվեցին Զորայր Խալափյանը եւ Առնոլդ Աղաբաբովը («Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»), իսկ լավագույն օպերատորՙ Վահագն Տեր-Հակոբյանը «Վավերագրողը» ֆիլմի համար: Լավագույն նկարիչՙ Վարդան Սեդրակյանը «Մի նայիր հայելուն» ֆիլմի, իսկ լավագույն կոմպոզիտորՙ Յուրի Հարությունյանը «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի երաժշտության համար: Այնուհետեւ մրցանակների արժանացան լավագույն վավերագրական ֆիլմՙ «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» (ռեժ. Վարդան Հովհաննիսյան ), լավագույն անիմացիոն ֆիլմ համարվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները», իսկ լավագույն դեբյուտ անվանակարգը բաժին հասավ ռեժիսոր Հովհաննես Գալստյանին «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար:
Մրցանակաբաշխության ողջ ընթացքում գեղեցիկ ելույթներով փայլեցին «Բարեկամություն» պետական պարի համույթը (գեղ. ղեկ. Նորայր Մեհրաբյան), երգիչ, երգչուհիներ, մանկական պարախմբեր, որոնց նվագակցում էր Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ: Բեմում թեւածում էր հայ կինոֆոնդի լավագույն ֆիլմերից հատվածների ցուցադրությունը, կինոերաժշտությունն ու տոնական տրամադրությունը: Անդրանիկ «Հայակ» մրցանակաբաշխությունը եւս ընդգրկվեց հայ կինոյի պատմության շարքում ու այն կանցկացվի ամեն տարի:
Մրցույթից հետո «Ազգը» շնորհավորեց մրցանակակիր Հարություն Խաչատրյանին եւ փորձեց ճշտել, թե արդյոք խանդով չի՞ վերաբերվում այս նոր մրցանակաբաշխությանը, քանի որ արդեն 8 տարի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը անցկացվում է ու մրցանակներ շնորհում: «Այն ամենը, ինչը նվիրված է մարդկային այն տեսակին, որ ստեղծում են ֆիլմ, դա լինի երեկ, այսօր, եւ նրանք ովքեր գեթ մեկ քայլ են անում օգնելու հայ կինոյի զարգացմանը, ավելի ճանաչելի դարձնելու, ավելի մեծ հիմքեր տալու, ես այդ բոլոր մարդկանց պաշտում եւ սիրում եմ: Որքան շատ լինեն նման ծրագրերը, անկախ նրանից, թե ինչ կկոչվեն, հայկական կինոն արժանի է մեծ ուշադրության եւ հոգածության: Իսկ խանդելու առիթ բնավ չկա, եւ ես կարծում եմ, որ հայկական կինոյի լավ օրերը եկել են եւ դեռ գալու են: Համեցեք «Ոսկե ծիրան» փառատոն հուլիսի 8-15-ը եւ տեսնելու տարբերությունը միջազգային փառատոնի եւ ազգային մրցանակաբաշխության»: Մրցանակաբաշխությունը կազմակերպված էր գեղեցիկ ու հետաքրքրական, եւ կազմակերպիչները ջանք չէին խնայել այն տոնական դարձնելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ