«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2012-03-16 | #48, 2012-03-17 | #49, 2012-03-20


ՄԱՅԱՆԵՐԻ ՆԵՖՐԻՏԵ ԴԻՄԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Փարիզյան մասնավոր հաստատություններից մեկը հանդիսացող Պինակոտեկան (բառացիՙ պատկերասրահը) պարբերաբար կազմակերպում է թեմատիկ ցուցահանդեսներ: Ներկայումս բացված է մայաների նեֆրիտե դիմակների ցուցահանդես, որը կգործի մինչեւ հունիսի 10-ը:

Ցուցադրության նյութերը թույլ են տալիս ավելի լավ ծանոթանալ Կենտրոնական Ամերիկայի նախակոլումբոսյան շրջանի հին ու հարուստ մշակույթի դրսեւորումներից մեկինՙ դիմակների արվեստին: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ ավելի վաղ կազմակերպվել էր «Ինկերի ոսկին» թեմատիկ ցուցահանդեսը: Ինչ վերաբերում է մայաների նեֆրիտե դիմակներին, դրանք Մեքսիկայում վերջերս կատարված հնագիտական պեղումների արդյունքն են: Այդ բացառիկ նմուշները վերականգնված են լավագույն մասնագետների ջանքերով: Դիմակները պատկերում են կամ որեւէ հանգուցյալի կամ էլ աստվածներից մեկի դեմքը: Դրանք նախատեսված էին մայաների քաղաքների երեւելի անձանց համար, որպեսզի մահվանից հետո ապահովեին նրանց հավերժական կյանքը: Մեքսիկան առաջին անգամ թույլատրել է, որ 15 հազվագյուտ դիմակներ եւ այլ թանկարժեք իրեր ցուցադրվեն արտերկրում, տվյալ դեպքումՙ Փարիզի Պինակոտեկայում:

Հնագետների տվյալներով, մայաները Կենտրոնական Ամերիկայում հաստատվել են չորս հազար տարի առաջ: Մայաների քաղաքակրթությունը զարգացել է Մեքսիկայի Յուկատան թերակղզու, Չապուսի նահանգի, Հոնդուրասի, Սալվադորի, Բելիզի, Գվատեմալայի տարածքներում: Մեր թվականության 3-10-րդ դարերում իր գագաթնակետին հասած այդ քաղաքակրթությունը շատ զարգացած էր գիտությունների (աստղագիտություն, մաթեմատիկա), արվեստի, ճարտարապետության ասպարեզներում: Դրա վկայությունն են Չիչեն Իցա, Տուլում եւ Տիկալ նշանավոր քաղաքները: Մայաների այբուբենի վերծանումը թույլ տվեց ավելի լավ հասկանալ յուրօրինակ մշակույթը, որի բացառիկություններից մեկը մի շարք քաղաքապետությունների քաղաքական կազմակերպման համակարգն է:

Ցուցահանդեսն ընդգծում է նեֆրիտե դիմակների զբաղեցրած կարեւոր տեղը եւ շեշտում նեֆրիտի դերը սրբազան ծիսակատարություններում: Եգիպտացորենի աստված Կավիիլը արտոնյալ տեղ ուներ մայաների դիցարանում, քանզի ապահովում էր հանգուցյալների անմահությունը: Նեֆրիտե դիմակներն ունեին բարձրաստիճան հանգուցյալների կամ տարօրինակ աստվածությունների (կես-մարդ, կես-բույս, կես-կենդանի) դիմագծեր: Ծիսակատարությունների ժամանակ պաշտոնյաները դիմակներ էին դնում ասես աստվածային ուժ ստանալու եւ երկրային կյանքի ու անդրաշխարհի միջնորդներ դառնալու համար:

Դիմակները երեւելի անձանց եւ տիրակալների դամբարաններում հայտնաբերվել են ուրիշ թանկարժեք իրերիՙ մանյակների, ականջօղերի, լանջապանակների, ապարանջանների, գունավոր խեցեղենի, արձանիկների, զանազան ընծաների հետ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4